Պաշտոնը և մարդկությունը

Պաշտոնը  և մարդկությունը

 

Սերժ Սարգսյանը երբ նախագահ էր, ու բոլոր պաշտոնյաները նրա շուրջ վազվզում էին, այլաբանական մի փոքրիկ  հոդված էի գրել մոտավորապես այս բովանդակությամբ․  

Հայրս, երբ պաշտոնից հեռացավ, գնացող- եկողը պակասեց։ Ընկերները հեռացան, բարեկամները ետ քաշվեցին։ Անընդհատ տանջվում էր՝ ախր սրա համար այս արեցի, այն արեցի, մտքովը չի անցնում՝ մի օր վեր կենա և գա իմանա՝ ինչ հալի եմ։ Ում համար բան չեմ արել, նա է ինձ հիշում։  Տարիներն անցնում էին, նույն հարցն էր հորս  տանջում՝ մարդկություն չկա։ Հետո ընդհանրացնում էի՝ մարդուն շրջապատում են պաշտոնի համար, հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանը պաշտոնի չլինի, քանի՞ մարդ է նրա կողքին լինելու։

Կյանք է, հիմա տեսնում ենք ։  Անկախ ամեն ինչից, այդ մարդիկ, որոնք նախկին նախագահի  կողքին են, հարգանքի արժանի են, անկեղծ եմ ասում։ Նախկինում երբ այդ մարդկանց քննադատում էի, այսօր ձայն չեմ հանում, որովհետև քննադատելս չի գալիս․ մարդիկ սկզբունք ունեն։ Կողքից, երբ տեսնում եմ, հիմնականում ֆեյքերը, որ ամենաայլանդակ բաներն են գրում, տարակուսում եմ։ Ինչու՞ նրանց չեն հայհոյում, ովքեր օգտվել են ամեն ինչից և իշխանափոխությունից հետո «անմիջապես պլաստիկ վիրահատության են ենթարկվել», դարձել «թունդ նիկոլական»։ Ախր ուտող ուրացողներին, դավաճաններին սովորաբար մարդիկ ավելի շատ են ատում։ Բայց ստացվում է հակառակը․ Այդ մարդիկ «թավշյա վիճակում» են գտնվում՝ անվտանգության բարձիկներով, պաշտոններ են ստանում, բիզնեսներ ծաղկեցնում․․․ Իսկ այն մարդիկ, ովքեր գաղափարական ընդհանրություն ունեն, քարկոծվում են։

Կյանքը կանգ չի անում։ Վաղը նույնը կատարվելու է նաև Նիկոլ Փաշինյանի հետ։ Քանի՞ հոգի է մնալու նրա կողքին։ Կա՞ գաղափարական այդ թևը, չեմ տեսնում։ Նախկիններից պոկված թևը ի՞նչ է տալու նրան։

Դավիթ Սանասարյանի գրառումն այդ առումով խիստ ժամանակին է։ Նա էլ  հավանաբար նույն ճանապարհն է անցնում․

Davit Sanasaryan

Քաղաքականության մեջ ամենակարևոր սկզբունքը հենց սկզբունք ունենալն է։

Ցավոք, այսօր տեսա մարդկանց, ովքեր ժամանակին կոնկրետ մեկին հայհոյում էին, իսկ այսօր նրա աջակիցներն են դարձել։

Ես ավելի շատ հարգում եմ ՀՀԿ-ական կամ քոչարյանական այն կերպարներին, ովքեր մնացին թեկուզ անընդունելի, բայց իրենց գույների մեջ։ Մեր դարավոր խնդիրների հիմքը ոչ թե թշնամիններն են եղել, այլ այն քամելեոնները, ովքեր ըստ պահանջի գույն են փոխել։

Ավելացնելու բան չկա։ Պաշտոնը  և մարդկությունը։