Սփյուռքի առեղծվածը

Սփյուռքի առեղծվածը

Ի՞նչ է սփյուռքը: Մի ամբողջությու՞ն է, թե աշխարհով մեկ ցրված հայերի զուտ թվաբանական գումա՞ր: Կարելի՞ է սփյուռք համարել Ռուսաստանի շուրջ երկու միլիոն հայերին: Պոլսահայությունը սփյոու՞ռք է: Իրանահայությունը: Վիրահայությունը: Թե սփյուռքն ամերիկահայությունն է, ֆրանսահայությունը, լիբանանահայությոունը, սիրիահայությունը: Ի՞նչ է սփյուռքը: Կարելի՞ է սփյուռքահայ համարել վերջին երեսուն տարում հայրենիքից հեռացածներին, որ հաստատվել են Լոս-Անջելեսում: Ֆրանսիայում: Գերմանիայում: Ուկրաինայում: Մերձբալթյան կամ Սկանդինավյան երկրներում:

Նրանց, որ հայրենիքի ամենաեռանդուն եւ չարացած քննադատներն են եւ կյանք կտան, բայց չեն հրաժարվի նոր քաղաքացիությունից, նույնիսկ՝ կեցության իրավունքից: Ռուսաստանաբնակները մի առանձին հպարտությամբ են ցուցադրում երկգլխանի արծվի դրոշմով իրենց կարմիր անձնագիրը: Իսկ ամերիկյան քաղաքացիություն ստացածնե՞րը: Նրանք հայրենաբնակներին հարաբերվում են նոր կարգավիճակի անսահման բարձունքներից: Իսկ ովքեր դեռ բաղձալի նպատակին չեն հասել, ամեն ինչ անում են, որ օրենքի հետ հանկարծ խնդիրներ չունենան: Սփյուռքը սա՞ է, թե ավանդական կառույցնե՞րը, որ ԱՄՆ օրենսդիրներին հորդորում են չհաստատել Ադրբեջանում նոր դեսպանին, մինչեւ սա չհայտարարի, որ Միացյալ Նահանգները մեր հակառակորդ երկրին զենք չի վաճառի:

Դեսպանի թեկնածուն, իհարկե, նման երաշխիքներ չի տալիս, Կոնգրեսը հաստատում է նրան Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, իսկ Հայ դատի ամերիկյան գրասենյակը մտասեւեռվում է այլ խնդրի վրա: Եւ այսպես՝ տասնամյակներ ի վեր: Եւ Միացյալ Նահանգների ոչ մի նախագահ այդպես էլ 1915-ի ,,ցավալի դեպքերը,, չի բնորոշում ,,ջենոսայդ,,: Սա՞ է սփյուռքը: Թե այն, որ տարեկան տասը-տսանհինգ միլիոն դոլար է հանգանակում՝ վասն Հայաստանի եւ Արցախի զորացման: Ծիծաղելի մի գումար, որով հայրենիքում կարելի է մի կարգին շինություն կանգնեցնել ընդամենը: Իսկ սփյուռքի գործիչներն ամբիոններից ճառում են Արցախի շենացման, ազատագրված տարածքների յուրացման հրամայականից: Ինչո՞վ եւ ինչպե՞ս պիտի լուծվեն այդ հարցերը: Մեկ անգամ ներկա եմ եղել Արցախի նախագահի հանդիպմանը սփյուռքի ներկայացուցիչների հետ:

Գրեթե բոլորը վկայակոչում էին Ադրբեջանին, որ ահռելի գումարներ է ծախսում՝ արտերկրում առաջ մղելու իր քարոզչական շահերը: Ենթատեքստը պարզ էր: Սփյուռքն ակնկալում է, որ Հայաստանի կառավարությունը գումարներ հատկացնի, որպեսզի... Որ ի՞նչ: Ինչ-որ եվրոպական մայրաքաղաքում թուրքական դեսպանատան մոտ բողոքի ցույց կազմակերպվի՞: Ինչ-որ կոնգրեսականի գրպանը գումար դրվի, որ հայանպաստ մի հայտարարությու՞ն անի: Ի՞նչ է փոխվում դրանից: Եւ թող Ֆրանսիայի օրինակը չբերեն, թե ճանաչել է ցեղասպանությունը: Ֆրանսիան դեմ է Եվրամիությանը Թուրքիայի անդամությանը, դրա համար էլ ճանաչել է ցեղասպանությունը: Եթե վաղը Միացյալ Նահանգների շահը նույնը պահանջի՝ ԱՄՆ նախագահն արտասանելու է ,,ջենոսյադ,, բառը: Իսրայելում հայկական հոծ համայնք չկա, մեր ազգային կառույցներն այդ երկրում չեն գործում:

Բայց հենց որ Թուրքիայի հետ հարաբերությունները լարվում են, Կնեսետում շրջանառվում է հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը: Սա ցայտուն օրինակ է, որպեսզի պարզ լինի, որ ցեղասպանության ճանաչման գործում սփյուռքի կառույցների ներդրումը չպետք է չափազանցնել: Ամեն մի պետություն առաջնորդվում է իր շահերով եւ հայկական լոբբիի սահմաններն ավարտվում են այնտեղ, որտեղ բախվում են այդ երկրի քաղաքականությանը: Վերջին դրամահավաքին ռուսաստանաբնակ հայությունը չմասնակցեց, որովհետեւ Կրեմլի եւ Երեւանի հարաբերություններում պարզություն չկար: Ահա այս եւ դեռ չասված հանգամանքների նկատառմամբ ի՞նչ պիտի անի սփյուռքի նախարարությունը:

Ի՞նչ պիտի աներ, որ չի արել: Կա՞ մեկը, որ կարող է հստակ ձեւակերպել այդ կառույցի նպատակահարմարությունը, կետ առ կետ սահմանել նրա անելիքները: Խոսքը զեղումների մասին չէ: Կոնկրետ անելիքը պետք է հստակեցվի: Հստակություն չկա: Եւ պետք է ի սրտե շնորհակալություն ասել այն մի խումբ ջավախքահայ երիտասարդներին, որ ժամանակ առաջ փակել էին Բավրայի անցակետը եւ բողոքում էին, որ իրենց ուզում են զորակոչել հայկական բանակ: Նրանք Հայաստանի քաղաքացիություն են ձեռք բերել, որպեսզի վրացական բանակում չծառայեն եւ Ռուսաստանում աշխատելու իրավունք ունենան: Այսքան բան: Մնացյալը բաժակաճառ է: