Առողջապահության նախարարությունը չի միջամտում «Նաիրի ինշուրանս»-ի գործերին

Առողջապահության նախարարությունը չի միջամտում «Նաիրի ինշուրանս»-ի գործերին

Խմբագրություն դիմած քաղաքացին՝ Վաչագան Խաչատուրյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս է, ունի առողջական խնդիրներ։ «ՍԲ․ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ «Սրտաբանական» բաժանմունքից տրված էպիկրիզում նշված է, որ 11․10․2018թ-ից մինչեւ 23․10․2018թ․ ստացիոնար բուժման մեջ գտնվող Վաչագան Խաչատուրյանի մոտ ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ, կիլլիպ, հետինֆարկտային կարդիոսկլերոզ, իշեմիկ կարդիոմոպաթիա, էքստրասիստոլիկ առիթմիա, արտային ասթմայի նոպաներ։ 
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի եւ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության միջեւ կնքվել է պայմանագիր։ Ապահովագրական գումարը 3 500 000 (երեք միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ է։ Իսկ փաթեթը ներառում է այն ծառայությունները, որոնք ենթակա են հատուցման հետեւյալ դեպքերում՝ անհետաձգելի բուժում պահանջող հիվանդություններ եւ վիճակներ, սուր հիվանդություններ եւ վիճակներ, քրոնիկ հիվանդությունների սրացումներ, վիրաբուժական հիվանդությունների պլանային բուժում։ Քաղաքացին մեզ հետ զրույցում նշում է, որ միայն վիրահատության համար պահանջվում է 3 միլիոն դրամ, ինչն ինքը ի վիճակի չէ վճարել, հաջողեցրել է ձեռք բերել հաշմանդամության երրորդ կարգ։ 

«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ից 15․01․2019թ․ Վաչագան Խաչատուրյանին պատասխանել են, որ համաձայն 30․11․2018թ․ ընկերության եւ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի միջեւ կնքված թիվ ԱԱ 000475 պայմանագրի հավելված 2․ ընդհանուր բացառություններ կետ 1-ի՝ ծրագրով որպես ապահովագրական պատահար չեն դիտվում եւ հատուցման ենթակա չեն մինչ ապահովագրության գործողության ուժի մեջ մտնելը առաջացած դեպքերը, վիճակները, հիվանդությունները, որոնց գծով կատարված բժշկական միջամտությունները դեռ չեն ավարտվել կամ ունեն տրամաբանական շարունակություն։ 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ լուծում  պետք է լինի նման պարագայում։

«Ապահովագրական մասնավոր ընկերություններն ունեն մեկ շահ՝ դա մաքսիմալ գումար աշխատելն է վճարված ապահովագրավճարներից եւ չփոխհատուցված դեպքերից։ Դրա համար մեզ պետք է մի ֆոնդ, որը չի ունենա փող աշխատելու շահ։ Այսինքն՝ պետական ապահովագրական հիմնադրամը կարիք ունի ընդամենը ապահովելու քաղաքացիների բժշկական  կարիքների համար կատարված վճարումները։ Իսկ մասնավոր ապահովագրական ընկերությունները կարիք ունեն շահույթ ապահովելու։ Եվ հենց այդ դեպքերում են մասնավոր ապահովագրական ընկերությունները մերժում։ Հիմա վերադառնանք կոնկրետ դեպքին։ Խոսքը երկու տնտեսվարող սուբյեկտների հարաբերությունների մասին է։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն իր աշխատակիցներին ապահովագրել է, կազմել է պայմանագիր, որի մեջ գրել է, որ քրոնիկ դեպքերը չեն փոխհատուցվում։ Եթե նա գրեր, որ քրոնիկ դեպքերը փոխհատուցվում են, ապա ապահովագրավճարը 50 հազար դրամի փոխարեն կլիներ 250 հազար դրամ։ Եվ այդ դեպքում նա չէր կարողանա իր աշխատակիցներին ապահովագրել «Նաիրի ինշուրանս»-ում։ Այս հարցի լուծումը գտնվում է կա՛մ  ֆինանսական հաշտարարի շրջանակներում, եթե «Նաիրի ինշուրանսը» չի կատարում իր պայմանագրային պարտականությունները, կա՛մ էլ Կենտրոնական բանկի, որը համարվում է ապահովագրական ընկերությունների կարգավորողը, կա՛մ էլ համալսարանն  ինքը պետք է որոշի՝ պե՞տք է պայմանագիր կնքել «Նաիրի ինշուրանս»-ի հետ։ Այս դեպքում մենք միջամտելու իրավունք չունենք, պետք է միջամտի կա՛մ համալսարանը, կա՛մ ֆինանսական հաշտարարը, կա՛մ Կենտրոնական բանկը»,- մեր հարցին արձագանքեց Արսեն Թորոսյանը։