Ինչու՞ եք օրինակը երեխայի վրա բերում․․․

Ինչու՞ եք օրինակը երեխայի վրա բերում․․․

Համացանցը «տեղովը մեկ խաթա է»։ Այնպիսի աղմուկ է բարձրացրել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին թվացել է, թե «Իմ մարմինն անձնական է» գիրքը մի ահավոր, սարսափելի բան է։ Իր ասելով․

«Աղմուկը, որ բարձրացավ այդ գրքի շուրջ, ցանկացա տեսնել՝ ինչ է: Ես այդ գիրքը վերցրի, որպեսզի կարդամ և հասկանամ սարսափելի բան կա՞, թե՞ ոչ: Այն երեխային բացատրում էր, որ մարմնի անձնական մասեր գոյություն ունեն, ասում էր, որ երբ մայրիկը, հայրիկը համբուրում են, դա նորմալ է և ասում էր, որ լինում են դեպքեր, երբ օտարներ, կամ քեռիներ են ինձ համբուրում և դա այդքան էլ հաճելի չէ: Ես իմ երեխայի օրինակով գիտեմ, լինում են դեպքեր, երբ այլ մարդիկ համբուրում են իրեն և այդքան էլ հաճելի չէ, ես զգում եմ դա, տեսնում եմ: Գիրքը երեխային բացատրում է այս ամենը»։

Լավ ինչ ասել, ասել էիք, ինչու՞ եք օրինակը երեխայի վրա բերում։ Հավատացած եմ՝ ցանկացած զգայուն մարդ դրանից իրեն վատ կզգա։ Որևէ մեկը նման գրքի «ճշմարտությունն ապացուցելու համար» երեխայի վրա օրինա՞կ կբերի։ Վերջապես երեխային ինչու՞ եք հանրության համար թիրախավորում, իմանալով, որ հանրությունը ինչ գնահատական ունի այդ գրքի հանդեպ։ Երեք- չորս  տարեկան երեխաները երբ այլ մարդիկ համբուրում են իրեն և այդքան էլ հաճելի չէ, դա սեռականի հետ ոչ մի կապ չունի։ Այլ մարդը, այլ խաղալիքը ուրիշ աշխարհ է երեխայի համար, նա ծանոթ չէ, դրա համար էլ խուսափում է նրա հետ շփվել։ Անծանոթ է փոքրիկի համար։

Եվ վերջապես դա նույն Լարա Ահարոնյա՞նը չի, որ մարտի 8-ին խորհրդարանում  ասում էր․ «… Մենք նաև լեսբի ու բիսեքսուալ կանայք ենք, ուզում ենք կամ չենք ուզում երեխա ունենալ կամ որդեգրել, նաև տրանս կանայք ենք»․․․ Նու՞յնը չէ, որ ասում էիք՝  Լարա Ահարոնյանը հայ ավանդական ընտանիքի կին է,  4 երեխաների մայր:

Բազմազավակ ընտանիքի մայրը, փաստորեն, երկրի օրենսդիր մարմնում այլասերման քարոզ էր անում, ինչը ծափահարություններով էր ընդունվում : Դուք ընդունու՞մ եք  հանրության հարգանքը չվայելող, շատ նուրբ եմ ասում,  մարդու  գիրքը․․․