Քայլ առ քայլ

Քայլ առ քայլ

Իհարկե, խեղճ, կոտրված, հույսն ու հավատն ապագայի հանդեպ կորցրած մարդկանց շատ ավելի հեշտ է կառավարելը, քան ըմբոստ, ինքնուրույն, իր ճակատագիրը կերտող եւ արժանապատիվ մարդկանց: Եվ ցանկացած իշխանություն, եթե, իհարկե, գերխնդիրը աթոռները պահելն է, ձգտում է նման հասարակություն ունենալ: Չէ՞ որ այդ հասարակությունում գլխավոր արժեքը մնում է կուշտ ուտելը, լավ հագնվելը, երբեմն զվարճանալը եւ կենցաղային այլ հաճույքներից հնարավորինս շատ օգտվելը: Սպառողի հոգեբանությամբ մարդիկ հեշտ կառավարելի են, հնազանդ են ու խոնարհ, մեծ պահանջներ չունեն իրենց ղեկավարներից: Այդ ղեկավարը լինի երկրի առաջին դեմքը, թե մի փոքրիկ հիմնարկի տնօրեն: Երբ հանրությանը կոտրում ես ու հնազանդեցնում, մի օր էլ տեսնում ես, որ նրանք ոչ մի ցանկություն այլեւս չունեն եւ ոչնչի համար այլեւս չեն պայքարում` ո՛չ Արցախ պահելու, ո՛չ երկրի սահմանները թշնամուց պաշտպանելու, ո՛չ Երեւանի քաղաքապետ ու Բրյուսովի ռեկտոր ընտրելու:

Պարզվում է, որ 10 տարի Գրողների միությունը գլխավորած անդեմ ու ոչինչ չարած նախագահը գրողներին է ձեռք տալիս, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանին` իշխանության հրամցրած թեկնածուն, գրագետ ու երկար ճանապարհ անցած դասախոսներին, փոխնախարարի պաշտոնում իր վերադասի ակնկալիքներն արդարացրած անձը` Մատենադարանի բազմավաստակ գիտնականներին: Եվ այսպես երկիրը կամաց դեգրադացվում է` լավ պաշտոնյայի, լավ ղեկավարի, խնդիրներ առաջ քաշելու եւ լուծելու ունակ առաջնորդի պահանջն է վերանում եւ դրան ուղղված ջանքերը: Մարդիկ հաշտվում են գորշ, քծնող, իշխանալեզ ապիկարների գոյության հետ: Անգամ գրագետ ու խելացի, համարձակ ու մտածող մարդիկ են սկսում հաշտվել այն ճահճի հետ, որը կամաց կլանում է ողջ երկիրը եւ մեզ՝ բոլորիս: