Գիտակցված ընտրություն

Գիտակցված ընտրություն

Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը դեմ արտահերթ ընտրություններին, ինչո՞ւ են իրավաբանները եւ անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանը պնդում, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի հրաժարականից հետո զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ Ինչո՞ւ էին քաղաքական ուժերը փորձում ակտիվացնել փողոցը եւ հասնել հրաժարականին՝ հանրային ճնշման արդյունքում։ Որովհետեւ այս բոլոր մարդիկ հասկանում են, որ Հայաստանում ընտրություններով իշխանություն փոխել հնարավոր չէ՝ հնարավոր չէր անցյալում, հնարավոր չէ նաեւ այսօր։ Դրա համար անհրաժեշտ է գիտակից եւ կիրթ հասարակություն, որը չի կաշառվում, չի վախենում, տարբեր շահերից դրդված չի քվեարկում եւ հասկանում է, որ իր քվեն ուժ է՝ իշխանություն ձեւավորող ուժ։

Եթե հասարակության մեջ միշտ կա մի 30 տոկոս ընտրազանգված, որը ցանկացած պարագայում՝ անգամ ամենախայտառակ իշխանություններին պատրաստ է քվե տալու, ուրեմն անիմաստ է ակնկալել, որ ընտրությունները երկրում կարող են իրավիճակ փոխել։ Այդ առումով ամենահատկանշականը 2017 եւ 2018 թվականների ընտրություններն էին՝ դրանց համեմատական նկարագիրը։ Երբ 2017-ին հասարակության մի պատկառելի հատված՝ մոտ 700 հազար մարդ, հոժարակամ ընտրեց Հանրապետականին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իսկ դրանից ուղիղ մեկ տարի անց խելակորույս լցվեց փողոցները՝ «մերժեց Սերժին», 4-5 ամիս անց էլ 800 հազար ձայն տվեց այն ուժին, որի դաշինքով հանդես եկող միավորին՝ «Ելքին», 2017 թվականին ընդամենը 120 հազար ձայն էր տվել։ Մեզանում սկզբունքային, գիտակցված ընտրություն երբեք չի եղել։ Ընտրազանգվածի մի մասն ընտրել է գործող իշխանություններին, մի մասը՝ փողատերերին, մտածող մասը՝ իշխանություններին դեմ գնացող ուժին։ Ընտրել են ուժեղին, հաղթողին եւ անպայման նրանց, ումից ինչ-որ ակնկալիքներ ունեն։