Մեղավոր է նախարարը, պատժվում են ուրիշները

Մեղավոր է նախարարը, պատժվում են ուրիշները

Աբովյանի դիահերձարանի սարսափելի, ծանր կադրերի ֆոնին երեկ Նիկոլ Փաշինյանն ու Անահիտ Ավանեսյանը փորձեցին իրենց փիառն անել ու ողբերգական այս իրավիճակը նախընտրական գովազդի հիանալի առիթ դարձնել։ Իհարկե, հանուն արդարության պետք է նշել, որ Հայաստանը չունի այն ռեսուրսը, որ կարողանա այսքան մեծ թվով՝ հարյուրավոր, հազարավոր զոհեր ունենալու դեպքում դիեր պահել սառնարաններում, քանի որ Հայաստանի դիահերձարանների պայմանները, մեղմ ասած, անմխիթար են, մենք չենք կարող ամիսներով հարյուրավոր զոհերի մարմիններ պահել։ Այս իմաստով ենթադրելի է, որ եթե չկա տեղ ու պայման, ապա կարող են նաեւ դիերը կամ մասունքները պարկերի մեջ փաթեթավորվել ու պահվել։ Այս իմաստով, Աբովյանի դիահերձարանի տեսարանն ավելի շատ էմոցիոնալ շահարկման ու պոռթկման առիթ տվեց, այն էլ՝ քաղաքական այս լարված շրջանում։ 

Բայց այս ամենը, բնականաբար, չի արդարացնում այդ տեսարանը, հատկապես որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է, որ դա իր բացթողումն է եղել, ու ներողություն է խնդրել զոհերի հարազատներից, որոնց մի մասը, ի դեպ, տարբեր պատճառներով հրաժարվել է ԴՆԹ-ով հաստատված իրենց զավակների մասունքները վերցնել եւ հուղարկավորել։ Սա էլ առանձին խնդիր է։ Մենք, բնականաբար, չենք խոսում ամենացավոտ հարցի մասին՝ ինչո՞ւ պետք է այսքան զոհ ունենայինք 44 օրում, ո՞վ է սրա մեղավորը։ Այդ մասին արդեն մոռացել ենք եւ խոսում ենք միայն դիակները հանձնելու եւ հուղարկավորելու մասին։ 

Փոխարենը, երեկ Նիկոլ Փաշինյանը, որպեսզի մարդիկ չմտածեն, թե սա պետության վերաբերմունքն է զոհերի, հանգուցյալների հանդեպ, առողջապահության նախարարին առաջարկեց ներկայացնել, թե ինչ աշխատանքներ են կատարել այս ոլորտում, ինչ վիճակ էր առաջ, ինչ վիճակ է այսօր, ինչքան են ավելացրել դիահերձարանների ֆինանսավորումը։ Եվ Ավանեսյանը սկսեց խոսել ու պատմել, թե ինչ վատ վիճակ էր դիահերձարանների ոլորտում մինչեւ 2018 թվականը, եւ ինչ մեծ աշխատանք են կատարել իրենք այս երեք տարիների ընթացքում․ «Մարզերում ընդհանրապես մասնաճյուղեր չեն եղել: Դատաբժշկական ծառայությունը Երեւանում ունեցել է 25 սառնարանային տեղ, այժմ ունի մոտ 200 սառնարանային տեղ: 2018 թվականից ամբողջությամբ վերանորոգվել է Երեւանի կենտրոնական դիահերձարանը, ու սառնարանները համալրվել են նոր լաբորատոր սարքավորումներով, իսկ 2020-ին նորոգվել է Մեծամորի դիահերձարանը, հիմնանորոգվել է Աբովյանի դիահերձարանը, հիմա էլ լրացուցիչ սառնարանային նոր մաս է կառուցվում, համալրվում է Մարտունու մասնաճյուղը: 25 տոկոսով աճել է աշխատակիցների աշխատավարձը»։ 

Այսինքն` փորձեցին իրենց ապաշնորհության մեղքը բարդել նախկին իշխանությունների վրա եւ դրա ֆոնին իրենց համար նախընտրական փիառ ապահովել։ Անահիտ Ավանեսյանը նիստից հետո չիջավ լրագրողների հետ շփվելու։ Փոխարենը նրան «բռնեցրինք» խորհրդարանի միջանցքում։ «Այո, ես ներողություն եմ խնդրել, դրանից հետո որոշակի գործողություններ են իրականացվել, միայն ներողությունը չէ, եւ, այո, կոնկրետ անձինք, այս մասնավոր դեպքի հետ կապված, աշխատանքից ազատվել են, եւ հարուցվել է քրեական գործ»,- այսպես սկսեց արդարանալ տիկին Ավանեսյանը, երբ սկսեցինք նրան հարց ուղղել իր պատասխանատվության մասին։ Նկատեցինք, որ էլի կուժն ու կուլան կոտրվում են ստորին օղակների վրա, Ավանեսյանն ասաց․ «Ուրեմն, միանշանակ, ես՝ որպես պատասխանատու, հենց միանգամից արձագանքել եմ, նորից եմ կրկնում՝ այո, ներողություն եմ խնդրել եւ ասել եմ, որ բոլոր այն անձինք, ովքեր պատասխանատու են տվյալ գործընթացի համար, պետք է կրեն պատասխանատվություն»։ Իսկ պատասխանատվությունն այն է, որ բացի քրգործ հարուցելուց, նաեւ աշխատանքից ազատվել են Աբովյանի դիահերձարանի ղեկավարն ու որոշ աշխատակիցներ։

Նկատեցինք, որ շատ քաղաքակիրթ, նորմալ երկրներում, եթե որեւէ քաղաքի ղեկավար ծառայողական մեքենան աշխատանքից դուրս շահագործում է, անգամ դրա համար նա ազատվում է աշխատանքից, հիմա՝ այս իրավիճակում, ինքը չի՞ պատրաստվում հրաժարական տալ, Ավանեսյանն ասաց. «Գիտե՞ք, երեւի անսովոր է ներողություն խնդրելը, երեւի նման մշակույթ չի եղել, եւ ես, այո, ներողություն եմ խնդրել, որ ցավ է պատճառվել հարազատներին, բայց նորից ուզում եմ նշել, որ մեկ մասնավոր անձի կատարած արարքը պետք է գնահատվի այդ արարքի շրջանակներում»: Հարցրինք նաեւ՝ ո՞րն է տրամաբանությունը, որ ինքն ընդունում է, որ իր բացթողումն է եղել, բայց իր փոխարեն ուրիշն է պատասխան տալիս դրա համար, Ավանեսյանն ասաց․ «Ուրեմն, իմ բացթողումը նրանում է, որ անձամբ այդ հսկողությունը եւ խնդրի վերհանումը գուցե ճիշտ պահին չի եղել, որի համար, նորից եմ կրկնում, ներողություն եմ խնդրել»։

ՀԳ․ Էլի լավ է, որ գոնե առողջապահության նախարարն ընդունակ է իր արարքների համար զղջալու եւ ներողություն խնդրելու։ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, օրինակ, երեկ ԱԺ ամբիոնից «իդիոտկա» անվանեց իր երբեմնի թիմակից Թագուհի Թովմասյանին, որից հետո ոչ միայն ներողություն չխնդրեց, դեռ մի բան էլ հարձակողական տոնով հայտարարեց, թե Թովմասյանն ինքը պետք է ներողություն խնդրի, ինքը ներողություն խնդրելու պատճառ չունի։