Ամեն ինչ անելու ենք, որ կրպակը նույն տեղում վերականգնվի

Ամեն ինչ անելու ենք, որ կրպակը նույն տեղում վերականգնվի

Այսօր՝ առավոտյան ժամը 8-ից քաղաքապետարանը ապամոնտաժում էր Ազգային պատկերասրահին կից՝ Հանրապետության Հրապարակ 4 հասցեում գտնվող կրպակը, որտեղ սուրճ, խմորեղեն, պաղպաղակ, հյութեր և նման մանր-մունր բաներ էին վաճառում։

Տարածքում քաղաքապետարանի ու Կենտրոնի թաղապետարանի մի խումբ աշխատակիցներ կային, տեղում էր նաև Կենտրոնի թաղապետ: Ապամոնտաժման աշխատանքների կեսից դեպքի վայր եկան կրպակի սեփականատեր Կորյուն Հակոբյանն ու նրա ներկայացուցիչ փաստաբանը։ Սեփականատերը վրդովված էր, ոստիկաններին ասում էին, որ քաղաքապետարանը առավոտ-բարիլույսով իրենց գույքն է գողանում, իսկ ոստիկանները կանգնել և ոչինչ չեն անում, իսկ ոստիկաններն էլ սեփականատիրոջ ու նրա փաստաբանի հետ էին վիճում, և երբ վեճը սաստկացավ, ոստիկանության հրամանատարը հրաման տվեց՝ «Դավայ, գնաց բերմանը», ու բերման ենթարկվեց կրպակի սեփականատեր Կորյուն Հակոբյանը։

Հակոբյանի ներկայացուցիչ Ռաֆիկ Վարդազարյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ կրպակի ապամոնտաժումը ապօրինի և ոչ իրավաչափ է եղել, քանի որ դատարանը այդ հարցի վերաբերյալ հայցի ապահովման միջոց է կիրառել, ինչը նշանակում է, որ կրպակը չպիտի ապամոնտաժվեր, քանի դեռ դատարանը վճիռ չէր կայացրել․

«Մենք ունենք մի շարք դատական գործեր, որոնցով մասնավորապես վիճարկվում է նշված կրպակի օրինականության հարցը։ Այսինքն՝ մյուս կողմը՝ Երևանի քաղաքապետարանը և Պետական գույքի կառավարման կոմիտեն, նշում են, որ նշված կրպակի այդտեղ գտնվելը օրինական չէ։ Մենք, բնականաբար, վիճարկում ենք և պնդում ենք հակառակ դիրքորոշումը, որ նշված կրպակը օրինական է, ինչի վերաբերյալ Վարչական դատարանում և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում առկա են դատական գործեր, որոնց շրջանակներում 2 տարբեր դատական գործերով կան կիրառված հայցի ապահովման միջոցներ, որոնցում հստակ, մեկ գործով արգելանք է դրված նշված հասցեի տարածքի վրա, մյուս գործով: Վարչական դատարանը բավարարել է մեր կողմից ներկայացված հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը և Պետգույքի կառավարման կոմիտեին արգելվել է որևէ գործողություն իրականացնել՝ նշված կրպակը ապամոնտաժելու ուղղությամբ, և այդ հիմքով է, որ մոտ 2 տարի առաջ ոստիկանությունը նույնպես գործընթաց էր սկսել համապատասխան դիմումների հիման վրա, որպեսզի գան և ապամոնտաժեն նշված կրպակը,  ոստիկանությանը ներկայացվել էին նշված դատական գործերը, հայցի ապահովման միջոցները, որից հետո ոստիկանությունը գրություն էր ուղարկել, որով ձեռպահ էր մնացել որևէ գործողություն իրականացնելուց մինչև նշված դատական գործերի ավարտը։

Նշեմ, որ այդ դատական գործերը մինչև օրս դեռևս քննության փուլում են, այսինքն՝ չեն ավարտվել, հետևաբար այն հիմքը, որով ոստիկանությունը ձեռնպահ էր մնացել որևէ գործողություն իրականացնելուց, մինչ օրս առկա է, և այսօրվա գործողությունները միանշանակ եղել են հակաիրավական, անօրինական, և այդ ուղղությամբ մենք աշխատանքներ ենք տանելու, որպեսզի կրպակը վերականգնվի նախկին տեղում, և ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասների հատուցման պահանջ ենք ներկայացնելու նաև դատարան՝ ընդդեմ այն մարմնի, որն այսօրվա վարչարարությունն է իրականացրել, այսօրվա անօրինական գործողությունների հեղինակն է։ Թե դա որ վարչական մարմինն է, այժմ մեզ էլ հայտնի չէ, քանի որ իմ կոլեգան ինձ հայտնել է, որ քաղաքապետարանից նշել են, թե այնտեղ ուղղակի որպես դիտորդ են ներկայացել, ոստիկանությունը նշել է, որ հասարակական կարգն է պաշտպանում, այսինքն՝ անհասկանալի է, թե այդ աշխատողները ում հրահանգով են վերջապես այդ գործողությունները իրականացրել, որ վարչական մարմինն է այդ անօրինական հրամանը տվել»,- ասաց Վարդազարյանը։

Փաստաբանը նշեց, որ իր համար դեռ նույնիսկ պարզ էլ չէ, թե պետական որ մարմնի հրամանով է ապամոնտաժման գործողությունը կատարվել, այդ տարածքը ՀՀ սեփականտությունն է, հետևաբար փաստաբանը ենթադրում է, որ դա պիտի պետգույքի կոմիտեն աներ, այլ ոչ թե քաղաքապետարանը․

«Գեղամ անունով անձն է նշել, որ իրենք դիտորդ են, դա իմ կոլեգան է ինձ հայտնել։ Այդ ապամոնտաժված գույքը հատուկ պահպանման տարածք պետք է տանեին, շատ հնարավոր է, որ Երևանի քաղաքապետարանի տիրապետության տակ գտնվող տարածք տարած լինեն։ Շատ հնարավոր է, որ աշխատողները սովորական բանվորներ են եղել, բայց, լավ, ո՞ր, վարչական մարմնի նախաձեռնությամբ է կատարվել այդ ապամոնտաժման գործողությունը։ Քանի որ այդ տարածքը սեփականության իրավունքով պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, հետևաբար ենթադրվում է, որ ՀՀ գույքի մասով գործողություններ պետք է ձեռնարկած լիներ Պետգույքի կառավարման կոմիտեն կամ իր լիազորությամբ մեկ այլ պետական մարմին, հիմա այս պահի դրությամբ ես չունեմ հստակ տեղեկատվություն, թե որ վարչական մարմնի հրամանով են նշված անօրինական գործողությունները իրականացվել»։

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ Կորյուն Հակոբյանը նախկինում մոտ մեկ տասնյակ հայցեր է ներկայացրել ընդդեմ քաղաքապետարանի և Կենտրոնի թաղապետարանի: Բանն այն է, որ կրպակը պարբերաբար տուգանվել է, սեփականատերը դիմել է դատարան և շահել է գրեթե բոլոր հայցերը, դատարանը բոլոր դեպքերում  հաստատել է, որ տուգանքը ոչ իրավաչափ է եղել։ Այս հանգամանքից ենթադրել կարելի է, որ քաղաքապետարանի ու սեփականատիրոջ ջրերը վաղուց նույն առվով չեն հոսել։

Փաստաբանն այս թեմայով ասաց․ «Այդ բոլոր հայցերը, այդ բոլոր տուգանքները կապված են նշված կրպակի գործունեության հետ, և քաղաքապետարանն ու պետգույքի կառավարման կոմիտեն, տեսնելով, որ իրենց անօրինական գործողություններով արդյունքի չեն հասնում, այսինքն՝ չեն կարողանում ապամոնտաժել կրպակը, որպես պատժիչ մեխանիզմ փորձել են կիրառել անօրինական տուգանքներ, բայց դրանով էլ արդյունքի չեն հասել, որովհետև այդ բոլոր վարչական ակտերը անվավեր են ճանաչվել, իսկ որոնք էլ անվավեր չեն ճանաչվել, գտնվում են դատական քննության փուլում, դրանք էլ միանշանակ անվավեր են ճանաչվելու»։