Որևէ կապ չեմ տեսնում հեռուստատեսության մրցույթի և «Դաշնակցության» ընդդիմադիր լինել կամ չլինելու հետ․ Գեղամ Մանուկյան

Որևէ կապ չեմ տեսնում հեռուստատեսության մրցույթի և «Դաշնակցության» ընդդիմադիր լինել կամ չլինելու հետ․ Գեղամ Մանուկյան

Հեռուստատեսությունների մրցույթի վերաբերյալ «Հրապարակ»-ը զրուցել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանի հետ


-Պարո՛ն Մանուկյան, ինչպե՞ս եք պատրաստվում առաջիկայում կայանալիք լիցենզավորման մրցույթին։ 

-Բնականաբար պատրաստվում ենք, առաջին անգամը չէ, որ «Երկիր Մեդիա»-ն մասնակցում է մրցույթի։ Բնականաբար քաղաքականության առումով «Երկիր ՄԵդիա»-ի նախկին ծրագրային քաղաքականության առումով որևէ փոփոխություն չի լինելու, այսինքն՝ «Երկիր ՄԵդիան» շարունակելու է լրատվական, հասարակական, սոցիալական հեռուստաալիք։ Հեռուստահանձնաժողովի հետ նախնական քննարկումներ եղել են, հանձնաժողովը կարգերն է ներկայացրել։

-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՅԴ-ն ընդդիմադիր դաշտում է, մտահոգություններ ունե՞ք, որ իշխանությունները կարող են ամեն կերպ խոչընդոտել, որ լիցենզիա ստանաք, կամ փորձեն իրենց հաճո հեռուստաընկերություններին առաջ տանել, ինչ-որ ազդեցություն փորձեն ունենալ մրցութային հանձնաժողովի վրա։

-Մտահոգություներ ցանկացած մրցույթից առաջ էլ կան, բայց դատելով նախկինում մեր 16 տարվա գործունեությունից, մեր վարկից, հեղինակությունից հասարակության մեջ, լրատվական դաշտում գործունեությունից՝ կարծում եմ, որ «Երկիր Մեդիան» այն արժանավորներից է, որը մրցույթում պարտադիր պետք է հաղթող ճանաչվի։ Ընդհանրապես իշխանությունների հետ հարաբերությունների մասին «Երկիր Մեդիան» լրագրողական կազմակերպությունների մի քանի հայտարարությունների միացել է։ Ինչ վերաբերում է «Դաշնակցության» ընդդիմադիր լինելուն, այստեղ որևէ կապ չեմ տեսնում հեռուստատեսության մրցույթի և «Դաշնակցության» ընդդիմադիր լինել կամ չլինելու հետ, քանի որ «Երկիր Մեդիան» ի վերջո տարբեր բաժնետերերից բաղկացած մասնավոր հեռուստաընկերություն է։ Անցած մրցույթին էլ «Երկիր Մեդիան» մասնակցում էր, «Դաշնակցությունն» էլ ընդդիմադիր կեցվածք ուներ այն ժամանակվա իշխանություններին։ Առայժմ խոչընդոտելու որևէ նախանշան չկա։

-Իսկ նորամուծություններ լինելո՞ւ են ձեր ծրագրերում։

-Նորամուծությունները միշտ էլ լինում են, հայտ ներկայացնելիս հատկապես, բնականաբար տեխնիկական զարգացվածության, հագեցվածության, այս պայմաններում բնական է, որ կլինեն։