Իրավիճակի գլխավոր մեղավորն ու պատասխանատուն առողջապահության նախարարն է

Իրավիճակի գլխավոր մեղավորն ու պատասխանատուն առողջապահության նախարարն է

Հարցազրույց Երեւանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունու հետ


- Պարոն Արծրունի, նախօրեին Ձեր ֆեյսբուքյան էջում արված գրառումն այն մասին, որ մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում հատուկ covid-բաժանմունքը պատրաստ էր ընդունել վարակակիրների, բայց «ԱՆ ղեկավարը նախընտրում էր ոչ միայն հիվանդների «սորտավորումը», այլ նաեւ՝ բուժհաստատությունների», մեծ արձագանք ստացավ եւ լայնորեն քննարկվեց թե՛ սոցցանցերում, թե՛ դրանից դուրս։ Ձեր գրառմանն անմիջապես արձագանքել էր նաեւ ԱՆ խոսնակը՝ դա որակելով подножка։ Դուք սպասո՞ւմ էիք նման արձագանքի։

- Նախ, չեմ կարող եւ չեմ ուզում անդրադառնալ խոսնակի գրառմանը, որովհետեւ դա պաշտոնական անձին հարիր գրառում չէր, այլ ֆեյսբուքյան ֆեյքային մակարդակի մեկնաբանություն էր, եւ չեմ կարող ինձ թույլ տալ այդչափ անլրջանալ։ Ինչ վերաբերում է արձագանքներին կամ, ավելի ճիշտ՝ հետեւանքներին, իհարկե, չէի սպասում։ Եվ հետեւանքն այն էր, որ պարզվեց՝ բազմաթիվ ոչ միայն պետական, այլ նաեւ մասնավոր հիվանդանոցներ իրենց պատրաստակամության մասին հայտարարել էին վաղուց։ Համոզված եմ նաեւ, որ իմ այս մեկնաբանությունից եւ բացահայտումներից հետո այդ խնդիրը լուծվեց։

- Ձեր գրառմանն արձագանքել էր նաեւ վարչապետը, ով նշել էր, որ խնդիրը լուծվել է դեռ 3 օր առաջ։ Ի՞նչ եք կարծում՝ վարչապետը որքանո՞վ է տեղյակ Ձեր կողմից բարձրաձայնված՝ բուժհաստատությունների սորտավորման խնդրին, որին, ըստ էության, չէր արձագանքել։

- Իմ գրառման հիմնական հենակետային թեզերը հետեւյալն էին, որ մարտ ամսից էր պատրաստ covid-մեկուսարանը՝ իր ամբողջ հագեցվածությամբ, հետո՝ առաջին հիվանդանոցը պետական հիմնարկ է, եւ նրա պատրաստակամության մասին բազմիցս հայտնվել էր թե՛ առողջապահության, թե՛ կրթության նախարարությանը։ Իսկ վարչապետի անդրադարձի մեջ հենակետային թեզերը սրանք էին, որ 3 օր առաջ (պետք է հասկանալ հունիսի 5-ից) ոչ պետական բուժհիմնարկների ներգրավվածությունն ապահովված է, որոնք մինչ օրս, փաստորեն, ներգրավված չէին այս գործընթացի մեջ։ Այսինքն՝ մենք տարբեր բաների մասին էինք խոսում, ես հստակ մեջբերում էի փաստեր, վարչապետը նախընտրեց իր մեկնաբանության մեջ ներկայացնել հակափաստարկներ լրիվ այլ դաշտից։

- Ինչո՞վ եք բացատրում այն հանգամանքը, որ միայն 3 ամիս անց որոշվեց մասնավոր բուժհիմնարկներին եւս ներգրավել այս պրոցեսի մեջ, այն դեպքում, որ շատերը պատրաստ էին դեռ մարտին, ինչի մասին փաստել էր նաեւ «Նաիրի» ԲԿ-ի տնօրենը։ Այսինքն՝ այդ քայլն արվեց այն բանից հետո միայն, երբ վարչապետը հայտարարեց, որ դժոխքի միջո՞վ ենք անցնում, եւ 200 հոգի սպասում են բուժման իրենց հերթին, մեկ քաղաքացի էլ մահացել է, քանի որ չեն հասցրել անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել։

- Կառավարությունն իր գործողությունների մեջ պետք է առաջնորդվի առաջին հերթին այն մասնագիտական ատյանով, որը կոչված է այդ խնդիրները համակարգել, այսինքն՝ առողջապահության նախարարության տվյալները կառավարության համար հենակետային են։ Երբ փետրվարի 27-ին Արսեն Թորոսյանը հայտարարում է, որ «տեղին չէ նոր կորոնավիրուսի շուրջ ստեղծել նման անբացատրելի աղմուկ, հնարավոր են ծանր դեպքեր, բայց ոչ ավելին, քան սովորական գրիպի դեպքում», կառավարությունը, բնականաբար, հենվում է այդ ինֆորմացիայի վրա, որովհետեւ առողջապահության նախարարությունն ինֆորմացիայի այն վստահելի ատյանն է, որը ստեղծել է կառավարությունը, որպեսզի համակարգի առողջապահական խնդիրները։ Այնպես որ, բոլոր խնդիրների հիմքում՝  կապված համաճարակի եւ կարանտինի հետ, ես տեսնում եմ առողջապահության ոլորտում տեղի ունեցած կառավարման անունակությունը եւ, առաջին հերթին՝ այդ ատյանի ղեկավարի։

Եվ 2-րդ․ ես ենթադրում եմ, որ տեղեկությունները որոշակի տրանսֆորմացիայի ենթարկվելով են ներկայացվում վարչապետին՝ սկսած վիրուսի պաթոգենությանը վերաբերող նախարարի արած արտահայտությունից, վերջացրած նրա վերջին համեմատություններով՝ Հայաստանի եւ Վրաստանի բուժծառայությունների կարողությունների մասին։ Իհարկե, նաեւ իմ գրառումն ակնհայտորեն վարչապետին ներկայացվել էր ոչ ամբողջական տեսքով։ Այնպես որ, այս իրավիճակի գլխավոր մեղավորը եւ պատասխանատուն առողջապահության նախարարն է, որի պաշտոնանկության վերաբերյալ ես իմ վերաբերմունքը հստակ բանաձեւել եմ մարտի 1-ին՝ հարապարակավ, իմ ֆեյսբուքյան էջում։ Ավելին՝ մենք տեսնում ենք, որ իրադարձությունների զարգացման ամբողջ ընթացքն այդ վեկտորով է ընթացել, այսինքն՝ շատ հաճախ արվել են դիլետանտական մեկնաբանություններ ու մոտեցումներ, սկսած նրանից, որ կարանտինը ուշ սկսվեց՝ 2 շաբաթ անց։ Այսինքն՝ առողջապահության նախարարը որեւէ կերպ չխոչընդոտեց միտինգների անցկացմանը՝ կապված Սահմանադրական դատարանի հետ, եւ այս ընթացքում բազմաթիվ իրարամերժ ու հերքելի պնդումներ եղան վիրուսի հետ կապված, որոնք հաճախ ժխտվում էին եւ անգամ ծաղրի ենթարկվում միջազգային մակարդակում։ Ես չեմ հասկանում, թե ոնց կարելի է նման մոտեցումը հանդուրժել՝ հատկապես վերջին պաշտոնանկությունների ֆոնին, եւ ինչպես այդ շարքում հաշվի չառնվեց առողջապահության նախարարի դեստրուկտիվ մոտեցումները եւ ինքնադրսեւորումները։ Ես հատուկ շրջանցում եմ իր մարդկային հատկանիշները եւ անթույլատրելի ցինիզմը, որն ինքը ժամանակ առ ժամանակ ցուցաբերում է՝ սկսած մանկական դագաղիկների պատմությունից, մինչեւ Վրաստանի միջադեպը։

- Վարակակիրների թվի աճի ֆոնին վարչապետը հանրային վերահսկողության շարժում է սկսել, դա որքանո՞վ է արդյունավետ եւ ինչքանո՞վ կօգնի հաղթահարել այս վիրուսը։   

- Ես համարում եմ, որ սկսած ճշգրիտ տեղեկություն տրամադրելուց, վերջացրած հստակ գործողությունների ստրատեգիայով, բացակայում էր նախարարության գործելաոճի մեջ, այսինքն՝ այդ իրարամերժությունը շատ բնորոշ է նման գործելաոճին։ Սա հարցի մի կողմն է, որովհետեւ ինստիտուցիոնալ վերաբերմունքը խնդրին ձեւավորում է նաեւ հանրային եւ հասարակական մոտեցումների դրսեւորումներ։ Դրանք փոխկապակցված են, դուք շատ լավ հիշում եք, որ մարտի 16-ին, երբ հայտարարվեց արտակարգ իրավիճակ, քաղաքը դատարկվեց, այսինքն՝ մեր քաղաքացիները ցուցաբերեցին վերին աստիճանի զսպվածություն եւ օրինապահություն, որովհետեւ խնդրի հանրային գիտակցումն այնքան բարձր նիշի վրա էր, որ մենք դրա ֆիզիկական արտահայտությունն էլ տեսանք։ Հետո տեղի ունեցավ այն, որ ամեն օր ավելանում էր այդ իրարամերժությունը՝ հայտարարություններից սկսած մինչեւ Արցախում՝ առանց սոցիալական հեռավորության եւ դիմակների քեֆ-ուրախությունը, որին մասնակցում էր մեր երկրի բարձրագույն ղեկավարությունը։ Նման իրարամերժությունը, բնականաբար, պետք է առաջացնի նույնիսկ բարձր կարգապահություն դրսեւորած մեր հանրության մոտ նույնպիսի իրարամերժ վարք ու պահվածք, ինչի հետեւանքը մենք վայելեցինք, որովհետեւ առաջին դեմքերի վարքագիծը հսկայական նշանակություն ունի։ Այսօր դա արդեն վարչապետն էլ է հասկացել, ով թեպետ արդեն ունի հակամարմիններ այդ վիրուսի հանդեպ, բայց շարունակում է հանդես գալ դիմակով եւ ձեռնոցներով, որովհետեւ գիտակցեց, թե ինչ հսկայական նշանակություն ունի իր վարքը հանրության համար։ Բայց այս ամենն ուշացած է։ Այն երկրներում, որտեղ պետական ինքնադրսեւորումը եղավ ժամանակից շուտ, այսինքն՝ գիտակցեցին, որ վարակը լրջագույն խնդիր է, եւ միջոցառումներ ձեռնարկեցին դրա դեմ, արդեն դուրս են եկել պանդեմիայի ընթացքից։ Բազմաթիվ երկրների օրինակներ կան, որոնք հայտարարեցին կարանտին՝ այն պարագայում, երբ դեռ համաճարակ չկար իրենց երկրներում, իսկ այն երկրներում, որտեղ ուշացրին միջոցառումները, նույն նկարագիրն է, ինչ Հայաստանում։ Այսինքն՝ եթե մենք ալգորիթմներով մոտենանք ու դատենք, մենք շատ լավ պետք է հասկանանք պատճառահետեւանքային կապը, ինչն ինչից հետո եւ ինչով է պայմանավորված։

- Ի դեպ, Դուք նախօրեին հանդես եկաք համերգի առաջարկով՝ ի զորակցություն առաջնագծում աշխատող բուժաշխատողների եւ ազատ արվեստագետների։ Որեւէ արձագանք ստացա՞ք։

- Ոչ մի արձագանք, մինչդեռ սա առավել քան ակտուալ թեմա է այսօր, որովհետեւ շարքային բուժաշխատողները, որ աշխատում են առաջնագծում, մասնագիտական այն խոցելի խումբն են, որոնք պահանջում են պաշտպանվածություն պետության կողմից։ Իսկ ազատ արվեստագետները քաղաքացիական եւ սոցիալական այն խումբն են, որոնք ընդհանրապես անտեսված են պետության կողմից, եւ ինչպես ասաց Արայիկ Հարությունյանը, իդենտիֆիկացման եւ ռեեստրիազացիայի կարիք ունի։ Եվ ես՝ որպես բժիշկ ու ազատ արվեստագետ, պետք է խոսեմ այն լեզվով, որն առավել բնորոշ է ինձ՝ արվեստի լեզվով։ Ես իմ առաջարկությունն ուղարկել եմ ԱԺ համապատասխան հանձնաժողովի ղեկավար Մխիթար Հայրապետյանին, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարին։  

- Նաեւ խորհրդանշական բյուջե եք սահմանել` ուղիղ այնքան, որքան ԱԺ-ն տրամադրել էր Վարդավառի տոնին գորգերի լվացման համար։

- Այո, դա ուղղակի ակնարկ է, որովհետեւ բովանդակային առումով դրանք տարբեր հարթություններում են, բայց ենթադրվող լուծումն իրատեսական է, որովհետեւ եթե գորգ լվալուն տրամադրել եք այդքան գումար, ապա այս գաղափարին պետք է տրամադրեք ու տրամադրեք։