Փոքրիկ հսկան

Փոքրիկ հսկան

1952 թվականի աշնանային մի շրջան Երեւանը վերածվել էր գիգանտների քաղաքի։ Հատկապես կենտրոնական փողոցներում շարունակ կարելի էր հանդիպել խիստ անսովոր կազմվածքով մարդկանց։ Անհավատալի էր պատկերացնել, որ ձեր կողքին քայլում են 220-225 սանտիմետր հասակ ունեցող տղամարդիկ։ Ճիշտ է, մարզասերներին դա քիչ էր զարմացնում, նրանք տեղյակ էին, որ մեզ մոտ առաջին, ի դեպ` նաեւ միակ անգամ, անցկացվում է բասկետբոլի ԽՍՀՄ առաջնություն՝ ուժեղագույն թիմերի մասնակցությամբ, իսկ նման մրցումներում Գուլիվեր հիշեցնող խաղացողները շատ են։ Այդ օրերին հատկապես բազմամարդ էր Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի դիմացի այգին, որտեղ հատուկ պատրաստել էին 4 բաց խաղահրապարակ, իսկ գլխավոր ասպարեզն այստեղից դեպի կրկես տանող ճանապարհին էր։

Մեզ` ուսանողներիս մի մասի համար դա բացառիկ իրադարձություն էր, եւ հաճախ դասաժամերին մասնակցելիս գերադասում էինք գնդակախաղի անվանի վարպետների մրցավեճը։ Լավ եմ հիշում նաեւ, թե ինչպես էր կարճ տարածությունների վազքերի Հայաստանի բազմակի չեմպիոնուհի Նազիկ Ավետիսյանն ամեն անգամ իր որդու` Վիտալիկի ձեռքը բռնած՝ մշտապես գալիս, հանդիսականներին էր միանում, այն Վիտալի Զաստուխովի (նրա հայրը` Սերգեյ Զաստուխովը, նույնպես ճանաչված մարզիկ, Երեւանի «Սպարտակ» ֆուտբոլի թիմի խաղացող էր), որի համար այս մրցաշարը, հիրավի, լուրջ հմտություններ ձեռք բերելու յուրատեսակ դպրոց հանդիսացավ։ Զուր չէ, որ տարիներ անց, ի դեմս Զաստուխովի, մենք ունեցանք բացառիկ ունակությունների տեր բասկետբոլիստ, ԽՍՀՄ հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոնի (1969թ.), աշխարհի առաջնության (1974թ.), բրոնզե մեդալակիր։

Իսկ այս մրցումներում գլխավոր հայտնագործությունը դարձավ եւ բոլորին հիացմունք պատճառեց Երեւանի ֆիզկուլտուրայի ինստիտուտի շրջանավարտ, 22-ամյա եգիպտահայ Արմենակ Ալաջաջյանը, նա, որի մասին շատ շուտով, որպես բասկետբոլային խաղի հրաշագործի ու վիրտուոզի, սկսեց խոսել ամբողջ մարզաշխարհը։ Հենց նախ Ալաջաջյանի, ինչպես նաեւ վերստին եգիպտահայ Աբրահամ Համամջյանի, երեւանցիներ Ռաֆայել Մարգարյանի, Կառլեն Մանուկյանի, Հայաստանը ներկայացնող մյուս տղաների ջանքերով ուժեղագույնների ստուգատեսում մեր թիմը գրավեց 8-րդ տեղը։ Ճիշտ է, դա շատ երեւելի նվաճում չէր, սակայն երբ նման բարձունքն առաջին անգամ է հաղթահարվում, չի կարելի չհամարել առաջընթաց։

Ինչ վերաբերում է Ալաջաջյանին, ապա շատ շուտով նրան իրենց թիմի կազմում ունենալու ցանկություն հայտնեցին Մոսկվայի ԲԿՄԱ-ի մարզիչները։ Բասկետբոլում, ինչ խոսք, բարձրահասակ խաղացողներն արժեւորվում են որպես հույժ կարեւոր, առանցքային դերակատարներ։ Ալաջաջյանն այս առումով զիջում էր նրանց, սակայն՝ լոկ ֆիզիկական տվյալով։ Բանակայինների թիմի ղեկավարներին բնավ չէր անհանգստացնում նրա համեմատաբար կարճ հասակը։ Գրեթե բոլոր անվանի, արհեստավարժ մասնագետներին ուղղակի հիացնում էին նրա նուրբ տեխնիկան, արագաշարժությունը, խաղային բարդ իրավիճակներում արագ ու ճիշտ կողմնորոշվելու ունակությունները, ճարպկությունը, բազում այլ հնարամտություններ, եւ այս տեսակետից մարզիչների սպասելիքները լիովին արդարացան։ Ալաջաջյանի ներդրած ծանրակշիռ ավանդների արդյունքում ԲԿՄԱ-ն սկսեց մեկը մյուսի ետեւից տպավորիչ հաղթանակներ տանել համամիութենական ասպարեզում, հանդիսականներն էլ, բնականաբար, մեծ բավականություն էին ստանում, այնպես, ինչպես թատերասերներն իրենց սիրելի դերասանի մասնակցությամբ ներկայացումների ժամանակ...

Պատահական չէ, որ շուտով հայ բասկետբոլիստն ամենաարդյունավետ խաղացողներից մեկը դարձավ ոչ միայն ԲԿՄԱ-ում, այլեւ ԽՍՀՄ հավաքականի կազմում՝ որպես արդեն սպորտի վաստակավոր վարպետ, նվաճելով Եվրոպայի կրկնակի չեմպիոնի (1963 եւ 1965թթ.), Տոկիոյում կայացած օլիմպիական խաղերի (1964թ.) արծաթե մրցանակակրի տիտղոսները։ Նրա անձնական ռեկորդն էլ դարձավ 43 միավորը, որ վաստակեց Կիեւի ակումբակիցների հետ խաղում։ Իսկ, ահա, Մոսկվայում կայացած ԽՍՀՄ-ԱՄՆ մրցամարտում Ալաջաջյանն ուղղակի ապշեցրեց բոլորին իր աներեւակայելի հնարքով․ մի պահ ստացվեց այնպես, որ նա, գնդակով գրոհի նետվելով, հայտնվեց երկու աժդահա մրցակիցների դիմաց։ Ի՞նչ անել, երբ թիմակիցները մնացել են թիկունքում։ Այդ դժվար իրավիճակում նա գտավ ամենաանսպասելի ելքը` գնդակն ուղղակի շպրտեց դեպի հակառակորդի վահանը, ու մինչ գուլիվերները կսթափվեին, նույն ակնթարթին նրանց արանքով ճարպկորեն խոյացավ առաջ եւ, ստանալով վահանից ետ եկած «պատասխան փոխանցումը», գնդակն անցկացրեց օղակից ներս։ Սա պարզապես մարզական հրաշք էր, որից անակնկալի եկան շատ բան տեսած մրցակից ամերիկացիներն ու սկսեցին շնորհավորել Ալաջաջյանին...

Եվս մեկ, բայց ոչ մարզական դեպքի մասին արժե հիշել։ Դա տեղի ունեցավ Կանադայի Տորոնտո քաղաքում, որտեղ, շատ տարիներ անց, բնակություն էր հաստատել Ալաջաջյանը, տնօրինելով զարդերի խանութ։ Այնպես պատահեց, որ այնտեղ ելույթների մեկնած ԲԿՄԱ-ի նոր սերնդի բասկետբոլիստները պատահաբար հայտնվեցին այդ խանութում։ Նրանք Ալաջաջյանին երբեք չէին տեսել, միայն լսել էին նրա խաղային հրաշագործությունների մասին։ Իսկ, ահա, թիմի մարզիչն անձամբ էր ճանաչում «փոքրիկ հսկային»։ Անչափ ջերմ էր անսպասելի հանդիպումը, որը նշանավորվեց նրանով, որ խանութի հյուրասեր տերը մոսկվացիներից ամեն մեկին, որպես հիշատակ, նվիրեց թանկարժեք զարդեր։ 

Այսօր Արմենակ Ալաջաջյանը, ավաղ, չկա, սակայն նրա բասկետբոլային կախարդանքների մասին լեգենդները շարունակում են ապրել։