Վրաստանը երբեք միջնորդ չի կարող լինել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում

Վրաստանը երբեք միջնորդ չի կարող լինել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում

Տարվա առաջին ձյունառատ ամիսը՝ հունվարը, խոստանում է ջերմ լինել հայ-վրացական հարաբերությունների համար․ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Վրաստանի արդեն նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին (հունվարի 29-ին հրաժարական տվեց) Թբիլիսիում կայացած հանդիպման ժամանակ ամրագրեցին երկկողմ հարաբերությունների նոր մակարդակ՝ ստորագրելով երկրների միջեւ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր: Զրուցել ենք վրաց քաղաքագետ Գելա Վասաձեի հետ։

- Երեւանն ու Թբիլիսին նոր նշաձող դրեցին երկկողմ հարաբերություններում։ Հայկական կողմը դեռեւս 2019-ից էր Վրաստանին առաջարկել փոխհարաբերությունները հասցնել ռազմավարական մակարդակի։ Ինչո՞վ կպայմանավորեք նման շրջադարձը հենց այս պահին:

- Վրաստանի եւ Հայաստանի հարաբերությունները նորագույն պատմության ընթացքում միշտ եղել են բարիդրացիական։ Ինչ վերաբերում է հարաբերությունները ռազմավարական մակարդակ տեղափոխելուն, ապա ցանկությունն ինքնին լավ է, այնուամենայնիվ, ես կցանկանայի նայել այդ հարաբերությունների իրական բովանդակությանը։ Եթե մենք խոսում ենք փոխադարձ առեւտրի մասին, ապա ռազմավարական հարաբերությունները պահանջում են մաքսային ընթացակարգերի ներդաշնակեցում, ինչը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից կամ Վրաստանը միանա ԵԱՏՄ-ին։ Տրանսպորտի եւ լոգիստիկայի մասով էլ նշեմ, որ ճանապարհային տրանսպորտի եւ Հայաստանի կողմից վրացական նավահանգիստներից օգտվելու առումով այդ հարաբերություններն արդեն կան։ Դրանց հետագա զարգացումը կախված է տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացումից, երբ Հայաստանը կարողանա երկաթուղային ենթակառուցվածքն օգտագործել տարանցման համար։ Իսկ էներգետիկ ոլորտում Հայաստանի ներգրավվածությունը տարածաշրջանային նախագծերում ուղղակիորեն կապված է բոլոր հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման հետ։ Հուսով եմ, որ դա շուտով տեղի կունենա:

- 2021 թվականին Հայաստանի կառավարությունն իր հնգամյա ծրագրում գրեց, որ Թբիլիսիի հետ ենթակառուցվածքային կապերի բարելավումը երկրի համար ռազմավարական նշանակություն ունի: Այս բոլոր տարիներին երկկողմ կապերը զարգացել են պրագմատիկ գործընկերության հունով։ Ինչպե՞ս կբնութագրեք հարաբերությունների այսօրվա մակարդակը։

 - Հարաբերությունների ներկա մակարդակը բնութագրվում է դրական դինամիկայով, քանի որ կողմերը ցանկություն են հայտնում իրենց հարաբերությունները հասցնել ռազմավարական մակարդակի, եւ դրանք միայն խոսքեր չեն, արձանագրված է հուշագրում։

- Ի դեպ, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Վրաստանը ռազմավարական հարաբերություններ ունի 2007 թվականից, մինչդեռ Հայաստանի հետ հարաբերություններին ռազմավարական նշանակություն հաղորդելու իրական ջանքեր Թբիլիսին գործադրեց միայն 2022 թվականին։ Ըստ Ձեզ, ո՞րն էր Վրաստանի վերապահման պատճառը։

 - Բուն ռազմավարական գործընկերության ընկալումը կապված է ռազմավարական նախագծերի առկայության հետ, որոնց մասնակցում են մյուս երկրները։ Վրաստանը նման նախագծեր ունի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ 90-ականների վերջից, եւ դրանք ֆորմալ ձեւակերպում են ստացել համապատասխան պայմանագրերի համակարգի միջոցով։ Մինչեւ վերջերս Հայաստանի հետ նման նախագծերի իրականացումն անհնարին էր։ Հուսանք, որ այժմ նոր հնարավորություններ կկիրառվեն։

- Կարո՞ղ ենք ասել, որ ԼՂ-ի հետ կապված իրադարձությունները (Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափում, բռնի տեղահանում, տարածքային ամբողջականության հետ կապված եւ այլ գործընթացներ) վերաիմաստավորեցին Վրաստանի դերը տարածաշրջանում, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում միջնորդական առաքելության տեսակետից։

- Վրաստանը երբեք միջնորդ չի եղել եւ չի կարող լինել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։ Սրա համար համապատասխան ռեսուրսներ չկան։ Սակայն Վրաստանն ամենից շատ շահագրգռված է հարեւանների միջեւ կայուն խաղաղության եւ աշխատանքային հարաբերությունների հաստատմամբ, քանի որ դա լրացուցիչ խթան կհաղորդի տարածաշրջանի զարգացմանը։

- Բայց չէ՞ որ նման ցանկություն ու ջանքեր, հատկապես վերջին շրջանում, ակտիվորեն դրսեւորել է Վրաստանը՝ հանձին երկրի վարչապետի։

- Կրկնում եմ․ մենք չենք կարող միջնորդ լինել, ազդեցության ռեսուրսներ չկան։ Մենք կարող ենք բանակցությունների վայր լինել։ Մշտապես ասել եմ՝ մեր գործը համեղ սուրճ եւ թեյ պատրաստելն է, այնուհետեւ փակել դուռը մեր ետեւից եւ պատրաստվել բանկետին՝ «խորոված եւ խաչապուրի պատրաստելով»:

- 2023 թվականի հուլիսին ուժի մեջ է մտել երկրների միջեւ սահմանը ID քարտերով հատելու մասին համաձայնագիրը։ Բացի այդ, Հայաստանը Վրաստանի 10 խոշոր առեւտրային գործընկերներից է։ Մշակութային կապերից մինչեւ զբոսաշրջություն, տնտեսություն եւ այլ ոլորտներ․ կոնկրետ ի՞նչ արդյունքներ ակնկալել երկու բարեկամ երկրների՝ Հայաստանի եւ Վրաստանի ռազմավարական գործընկերությունից։

- Ե՛վ Հայաստանը, ե՛ւ Վրաստանը կոմպակտ երկրներ են, եւ դա հենց այն հարցն է, որը կարող է լուծվել վարչական ճանապարհով։ Բացի այդ, հայկական շատ մեծ համայնք է ապրում Վրաստանում, եւ նույնականացման քարտերի միջոցով սահմանը հատելը մեծապես հեշտացնում է միջսահմանային հարաբերությունները եւ կհեշտացնի շատերի կյանքն ու բիզնեսը, ինչը շատ լավ է։

- Իսկ ի՞նչ եք կարծում, Հայաստանի իշխանություններին պարբերաբար քննադատող Մոսկվան ինչպե՞ս կարձագանքի Երեւանի ու Թբիլիսիի հարաբերությունների ջերմացմանը (հաշվի առնելով այն, որ Վրաստանը սկզբունքային տարաձայնություններ ունի ռուսական կողմի հետ՝ կապված Հարավային Օսիայի եւ Աբխազիայի բռնազավթման հետ)։

- Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնությունը մնում է բավականին ազդեցիկ խաղացող Հարավային Կովկասում եւ շատ լուրջ ազդեցություն ունի Հայաստանում։ Բացի այդ, Ռուսաստանի Դաշնությունն ունի բազմաթիվ հիմնական ենթակառուցվածքային օբյեկտներ Հայաստանում՝ երկաթուղին, էներգետիկայի ոլորտում։ Այսինքն, Երեւանը չի կարողանա անտեսել Մոսկվայի դիրքորոշումը։ Միեւնույն ժամանակ, Վրաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական գործընկերության իրական բովանդակությունը կարող է շատ ձեռնտու լինել Ռուսաստանին, ուստի Մոսկվայի կողմից հատուկ հակազդեցության որեւէ պատճառ չեմ տեսնում։ Ի դեպ, չեմ բացառում, որ այդ հարցերը նախապես համաձայնեցված են եղել Ռուսաստանի Դաշնության հետ։ Դե, քննադատությունը հանրային քաղաքականության ոլորտն է, այստեղ խոսքը կոնկրետ ֆինանսական շահի մասին է։