Մտադիր են վերսկսել «Lada Largus» ավտոմեքենայի արտադրությունը 

Մտադիր են վերսկսել «Lada Largus» ավտոմեքենայի արտադրությունը 

«ԱվտոՎԱԶ» ընկերությունը մտադիր է վերսկսել Lada Largus ավտոմեքենաների արտադրությունn արդեն հաջորդ տարի։ Ներկայումս այս ավտոմեքենայի արտադրական հզորությունները տեղափոխվում են Տոլյատիի հիմնական արտադրական հարթակից Իժեւսկ։ Արտադրությունը կվերսկսվի Իժեւսկ քաղաքում, ամենայն հավանականությամբ, հաջորդ տարվա երկրորդ եռամսյակից։

«ԱվտոՎԱԶ»-ի ղեկավարությունից ռուսական «ՌԻԱ Նովոստիին» փոխանցել են, որ Largus-ի արտադրական հզորությունների տեղափոխումը կարժենա մոտ 2 միլիարդ ռուբլի, սակայն ընկերությունում հույս ունեն, որ այս ծախսերը կփոխհատուցվեն, քանի որ Largus-ը լայն ճանաչում եւ բարձր իրացում ունեցող մեքենա է։ 

Հիշեցնենք, որ «ԱվտոՎԱԶ»-ն այժմ երեք արտադրական հարթակներ ունի՝ Տոլյատիում, Իժեւսկում եւ Պետերբուրգում։ Անցյալ տարվա մայիսին ֆրանսիական Renault-ն ընկերությունում ունեցած իր 67,69 տոկոսանոց մասնաբաժինը որպես պետական սեփականություն փոխանցեց ՌԴ-ին։ Ներկայումս ընկերության արտադրական տեսականին բաղկացած է 4 ավտոընտանիքներից՝ Vesta, Largus, Granta եւ Niva։ Անցյալ տարի ընկերությունը վաճառել է 188,6 հազար միավոր ավտոմեքենա։