Ստրուկների մասին

Ստրուկների մասին

ՀՀ պետական պաշտոնյաների մասին կարելի է հատորներ գրել եւ հրատարակել ու տարածել աշխարհով մեկ. «Թե ինչպիսին չպետք է լինի պետական պաշտոնյան» վերտառությամբ: Ամենից տարածված տեսակը, իհարկե, պետական բարձր պաշտոններին նստած շիզոֆրենիկների եւ հայհոյախոսների խավն է: Մարդը, որը պետք է, ասենք, ֆերմա պահեր` կաթ ու մածուն վաճառեր կամ միրգ-բանջարեղենի փոքրիկ խանութ աշխատեցներ, բախտի բերմամբ, թե պատահմամբ դարձել է մի կարեւոր հանձնաժողովի նախագահ, փոխնախարար կամ պատգամավոր:

Նշանակվելուց 1-2 ամիս անց նրան թվում է, թե կարող է ամեն ինչին վերեւից նայել, մարդկանց վիրավորել, դասեր տալ: Սակայն սրանց «սահմանային հոգեվիճակը» մատնում է, որ հիստերիայի մեջ ընկած անձն ուղղակի իր տեղում չէ, թեեւ նա իր վրա դրված պատասխանատվությունը չի գիտակցում, բայց ներքին դիսկոմֆորտ է զգում: Եվ անհուն, չհատուցված երախտագիտության զգացում` իրեն նման կյանք պարգեւողի, իրեն նշանակողի հանդեպ, դրանից էլ` վերջինիս համար կյանքը տալու, նրան հավատարիմ շան պես ծառայելու ձգտումը եւ անբավարարվածության զգացումը:

Նա, իհարկե, գիտակցում է, որ ծառայելու այդ մղումն իրեն ստիպում է շատ անօրինականություններ անել, եւ կարող է գալ օրը, երբ իրենից հաշիվ պահանջեն այդ ապօրինությունների համար: Բայց նախ հույս ունի, որ այդ օրը չի գալու, երկրորդը` մտածում է, որ «վաստակածը» կառնի ու կթռնի մի հեռավոր երկիր` անվրդով կյանքը շարունակելու: Նա նաեւ մտածում է, որ այսքան ապօրինության մեջ իր արածն ի՞նչ է որ` մի չնչին բան: Եթե կարելի է երկիրը հասցնել այս վիճակին, Արցախը հանձնել, այսքան մարդու մահվան անուղղակի պատճառ դառնալ եւ բաց ճակատով ապրել` կարծես ոչինչ չի եղել, ինքն ինչո՞ւ չի կարող հանգիստ վայելել երկնքից իր գլխին ընկած պաշտոնը: