Գրիգորիչը շատերի մերկությունը տեսավ, բայց այդպես էլ չգայթակղվեց

Գրիգորիչը շատերի մերկությունը տեսավ, բայց այդպես էլ չգայթակղվեց

Ես տեսել եմ ձեր մերկությունը ու չեմ գայթակղվել։

Սա Գալուստ Սահակյանի արտահայտած թերևս ամենախորիմաստ ու լուրջ ենթատեքստ ունեցող մտքերից էր։ Շատերին թվում էր, թե Գրիգորիչի մտքերն անհասկանալի են, դրա համար ավելի շատ հումորով էին վերաբերվում դրանց, բայց նա, վստահ եմ, ամեն ինչ շատ մտածված ու ենթատեքստով էր արտահայտում, էդ մենք էինք, որ չէինք հասկանում։ Ես հասկանում էի, մենք՝ չէ։

Գրիգորիչը տեսավ շատերի մերկությունը, շատերին անձամբ մերկացրեց, բայց այդպես էլ չգայթակղվեց դրանով, քանզի այդ մերկության տակ նա սնանկություն ու դատարկություն էր տեսնում։ Նա վաղուց էր բացահայտել քաղաքական դաշտի մերկությունը, վաղուց էր մերկացրել քաղաքական գործիչների դատարկությունը, որ քողարկում էին իրենց մերկ հոգիների ու մերկապարանոց հայտարարությունների տակ։

Ի դեպ, Գալուստ Սահակյանին ԱԺ ամբիոնից Գրիգորիչով էր դիմում մեկ այլ կարկառուն և կոլորիտային գործիչ՝ լուսահոգի Վահան Հովհաննիսյանը։ Նրա հայտնի թոշակառուների մասին ելույթում արած՝ «չէ՞, Գրիգորիչ» արտահայտությունը թևավոր խոսք էր դարձել քաղաքական դաշտում։

Այսօր Գրիգորիչն էլ, Վահան Հովհաննիսյանի պես, իր տեղը կգտնի երկնային արքայությունում, քանզի այստեղ՝ երկրի վրա, Գալուստ Սահակյանը՝ Ազգային ժողովի հայտնի Մաեստրոն, իր կյանքն ապրել է այնպես, որ իր հետևից միայն բարություն, սեր ու հարգանք է թողել, իր տեսակով միայն ժպիտ ու դրական էմոցիաներ է պարգևել բոլորին։