Նախկին պատգամավորը դատապարտվել է լրտեսության համար

Նախկին պատգամավորը դատապարտվել է լրտեսության համար

Ռիգայի քաղաքային դատարանը մեղավոր է ճանաչել լատվիական խորհրդարանի՝ Սեյմի նախկին պատգամավոր Յանիս Ադամսոնսին եւ ՌԴ քաղաքացի Գենադի Սիլոնովին, ով խորհրդային շրջանում աշխատել է Լատվիական ԽՍՀ ՊԱԿ-ում՝ Ռուսաստանի օգտին կատարած լրտեսության համար։ Ադամսոնսը դատապարտվել է 8,5 տարվա բանտարկության, Սիլոնովը՝ 7,5 տարվա։ Նրա հանդեպ նաեւ կկիրառվի երկու տարվա պրոբացիոն հսկողություն։ Նախկին պատգամավոր Ադամսոնսը ձերբակալվել էր ՌԴ օգտին լրտեսության կասկածանքով՝ 2021 թվականին։

Քննությունը պարզել է, որ նա մշտապես տեղեկություններ է հավաքել Սիլոնովի միջոցով եւ փոխանցել ռուսական հատուկ ծառայություններին։ Հատկապես դրանք վերաբերել են ՆԱՏՕ-ի ստորաբաժանումներին, Լատվիայի՝ ռազմական գնումներին, սահմանային իրավիճակի մասին օրենքի փոփոխություններին, լատվիական պետական բյուջեին եւ այլն։ Լրտեսական գործունեության շրջանակներում, սկսած 2015 թվականից, նրանք ավելի քան 100 անգամ հանդիպել են։ Պաշտպանական կողմն էլ իր հերթին հայտարարել է, որ գործն ամբողջապես «թխված» է, եւ իրականում մի քանի ամիսը մեկ Ադամսոնսը Սիլոնովին 100-200 եվրո է տվել, որ նա փոխանցի Ադամսոնսի դստերը, որն ապրում է ՌԴ-ում։ Ի դեպ, Յանիս Ադամսոնսը 94 թվականին եղել է Լատվիայի ՆԳ նախարարը, մինչ այդ՝ խորհրդային շրջանում, ծառայել է Հեռավոր Արեւելքում եւ Լատվիա է վերադարձել ԽՍՀՄ փլուզումից հետո։ Հարել է «Համաձայնություն» սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը, 95 թվականից եղել է Սեյմի պատգամավոր։