Անորոշ վիճակում ենք հայտնվել. Քոչարյանի պաշտպան

Անորոշ վիճակում ենք հայտնվել. Քոչարյանի պաշտպան

Երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրաժարվեց մակագրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը այլ դատավորի։

Ի պատասխան Ռ․ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի դիմումի՝ դատարանից հիշեցրել են, որ սույն քրեական գործը գտնվում է դատավոր Աննա Դանիբեկյանի վարույթում։

Հիշեցնենք, որ սույն քրեական գործով հերթական դատական նիստը, որը նշանակված էր մարտի 17-ին, չի կայացել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի բացակայության պատճառով։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Դանիբեկյանը վիրահատություն է տարել։

Մարտի 17-ին Փաստաբանական թիմը պատրաստվում էր ներկայացնել Ռ․ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։

Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխարինելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

«Դատարանը մերժեց մեր այդ պահանջը, խնդրանքը և չփոխանցեց մեր միջնորդության քննությունը որևէ այլ դատավորի, այսինքն՝ մենք հիմա հայտնվել ենք անորոշ վիճակի մեջ, երբ ունենք միջնորդություն խափանման միջոցի հետ կապված, բայց անգամ մոտավորապես չգիտենք՝ մեկ շաբաթից, մեկ ամսից, թե մի քանի ամիս անց այդ միջնորդությունը կարող է քննվել»,- հրավիրած ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

Ալումյանը հայտնեց, որ այսօր այս մասով վերաքննիչ դատարան բողոք է ներկայացվելու, սակայն, ըստ փաստաբանի, այստեղ էլ հստակություններ չկան:

«Գիտե՞ք, մեր օրենքը չի նախատեսում, որ դատավորի կողմից միջնորդություն չքննելը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան, բայց եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածը նախատեսում է, որ եթե որևէ անձ բողոքում է, որ իր կոնվենցիոն իրավունքը ինչ-որ մեկը խախտել է, ապա ինքը պիտի ունենա արդյունավետ պաշտպանության միջոց, այսինքն՝ եթե, օրինակ, առաջին ատյանի դատարանը չի քննում խափանման միջոցի հետ կապված միջնորդությունը, այստեղ մենք արդեն սկսում ենք պնդել, որ չքննելով միջնորդությունը, կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետն է խախտվում։ Այս դեպքում, հետևաբար, պետությունը մեզ պետք է տրամադրի արդյունավետ պաշտպանության միջոց, որը տվյալ դեպքում վերաքննիչ դատարանն է»,- ասաց Ալումյանը։