Հասարակություն

«Հրապարակ». Քաղաքային իշխանությունն իրեն ապահովագրել է սկանդալից

«Հրապարակ». Քաղաքային իշխանությունն իրեն ապահովագրել է սկանդալից

Մեկ ամիս առաջ Երեւանի քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել, թե փնտրում է վարորդներ, որոնք «Դ» կարգի վարորդական վկայական ունեն, այսինքն՝ հանրային տրանսպորտ վարելու իրավունք։ Վիճակն այնքան կատաստրոֆիկ էր, որ թափուր հաստիքները համալրելու նպատակով «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն զանգում էր «Դ» կարգի վարորդական վկայական ունեցող քաղաքացիների եւ աշխատանք առաջարկում։ 
Հայաստանի Հանրապետությունում ավտոբուս վարելու իրավունք ունեցող 50 հազար 536 վարորդ կա։ Նրանցից միայն 15 հազար 920-ը Երեւանի հաշվառում ունի։ 

Այժմ, պարզվում է, բոլոր թափուր հաստիքները լրացվել են, ավելին՝ Երեւանի քաղաքապետարանն արդեն պահեստային վարորդներ էլ ունի։ Սա մենք պարզեցինք քաղաքապետարանին գրավոր հարցում ուղարկելով, որով հարցրել էինք, թե քանի վարորդի է 45-օրյա զորավարժանքների ծանուցագիր ուղարկվել, եւ արդյոք նրանց բացը չի՞ ազդի տրանսպորտի կանոնավոր երթեւեկության վրա։

Ներկայացնում ենք հարցման պատասխանը․ ««Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները, համաձայն «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 59-րդ հոդվածի, պարբերաբար ծանուցվում են՝ մասնակցելու պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող վարժական հավաքներին։ Մարտ ամսվա ընթացքում վարժական հավաքներին մասնակցելու համար ծանուցվել է 28, ապրիլին մասնակցելու համար՝ 25 վարորդ։ Վարորդների՝ վարժական հավաքներին մասնակցելու դեպքում հանրային տրանսպորտի անխափան աշխատանքը չի կարող տուժել, քանի որ երթուղիներում շահագործվող ավտոբուսների անհրաժեշտ քանակն ապահովելու համար ընկերությունում աշխատանքի են ընդունվել նաեւ պահեստային վարորդներ, եւ այս պահին «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ում վարորդների թափուր հաստիքներ չկան»։ 

Մեր մյուս հարցին, թե հնարավո՞ր է վարորդներն ազատվեն զորավարժանքներից, քանի որ նրանց փոխարինողներ չկան, եւ նրանց բացակայությունը կարող է խաթարել ուղեւորափոխադրումների գրաֆիկը, պատասխանել են․ «Վարժական հավաքներին վարորդների մասնակցության հարցը որոշվում է միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծանուցման հիման վրա բուժհետազոտություն անցնելուց հետո»։

Հիշեցնենք․ նախորդ տարվա վերջին Երեւանի ավտոբուսների վարորդները գործադուլ էին արել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում եւ պայմանների բարելավում։ Գործադուլի արդյունքում մարդկանց կուտակումներ էին կանգառներում, քաղաքային տրանսպորտի երթեւեկությունը կաթվածահար էր եղել, հենց այդ ժամանակ էլ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց՝ չեն զիջելու, եւ գործադուլ անող որոշ վարորդների ազատեցին աշխատանքից։ Օրեր անց նույն վարորդների մի մասը դիմեց եւ ետ ընդունվեց աշխատանքի։ Այդ ընթացքում էլ վարորդները 10 կետից պահանջ էին ներկայացրել, որը, ըստ նրանց, քիչ-քիչ կատարվում է։ Համեմատաբար բարձր աշխատավարձով եւ պայմանների բարելավումով վարորդներին գայթակղող քաղաքային իշխանությունը, փաստորեն, իրեն փորձում է ապահովագրել հերթական սկանդալից (այն կառաջանա, եթե երթեւեկությունը կրկին կոլապսի առաջ կանգնի) եւ պահեստային վարորդների է ընդունել աշխատանքի՝ այս կամ այն վարորդի բացակայության կամ գործադուլի դեպքում «գիծ» հանելու համար։

Քանի որ այս կառույցները միայն գրավոր նամակագրությամբ են աշխատում, ուստի հաջորդ հարցերը, որոնք կծագեն այս հարցման արդյունքում, կրկին «Հրապարակ»-ը կուղղի քաղաքապետարանին՝ հասկանալու համար, թե ովքեր են այդ «պահեստային վարորդները», արդյո՞ք նրանք աշխատավարձ են ստանում, անկախ նրանից՝ գիծ դուրս են գալիս, թե ոչ, թե՞ «Երեւան ավտոբուսում» «պահեստային վարորդների» հաստիքներ են ստեղծել՝ երեւանցիների հաշվին, եւ նրանցից հավաքագրած հարկերից էլ վարձատրում են։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image