Ապրիլի 3-ից Դոնբասի տարածաշրջանում՝ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուղղությամբ, էսկալացիան մեծացել է։ Ուկրաինան և Ռուսաստանը մեծաքանակ զորքեր ու զինտեխնիկա են կուտակել իրենց սահմաններին։
Դոնեցկն ու Լուգանսկն անկախություն են հռչակել 2014-ին Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո․ ինքնահռչակ հանրապետությունների ինքապաշտպանական ուժերին սատարում է Ռուսաստանի Դաշնությունը։ Հիշյալ տարածքները Ուկրաինան համարում է իրենը։ Դոնբասի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով 2014-ից գործում է Նորմանդյան քառյակը՝ Ֆրանսիայի Հանրապետություն, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն և Ուկրաինա։ Իրավիճակի լարվածությանը զուգահեռ Արևմուտքն իր բացահայտ աջակցությունն է հայտնում Ուկրաինային։
Ապրիլի 10-ին Ստամբուլում հանդիպել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան վճռականորեն պաշտպանում է «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը» և նշել, որ Անկարայի դիրքորոշումը «Ղրիմի բռնակցումը չճանաչելու վերաբերյալ մնում է անփոփոխ»։ Ապրիլի 11-ին Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը թվիթերյան իր էջում գրել էր, որ Թուրքիան «պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը» և «Ղրիմի թաթարների իրավունքները»։ «Եվ աջակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խնդիրների լուծմանը բանակցությունների միջոցով», - գրել էր Քալընը:
Թուրքիան նույնպես ինչ-որ չափով ներգրավված է Դոնբասի հակամարտությանը՝ Ուկրաինային տրամադրելով «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր, որոնք ուկրաինական կողմն արդեն հասցրել է կիրառել։
«Հրապարակը» Միջինարևելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, «Կիսալուսնի մայրամուտը» հաղորդման վարող, թյուրքագետ Տիրան Լոքմագյոզյանից հետաքրքրվեց, թե Թուրքիան ի՞նչ ներգրավվածություն ունի Դոնբասի կոնֆլիկտում և ի՞նչ քայլեր է փորձում անել։
«Առաջինը պետք է նկատի ունենանք, որ սա քաղաքականություն է։ Եվ ասածները և արածները տարբեր են կարող լինել։ Եվ լինում են ընդհանրապես։ Երկրորդը, Թուրքիան այնտեղ էլ է փորձում իր քիթը մտցնել, բայց ես չեմ կարծում, որ դա միայն Թուրքիայի նպատակն է, այլ վերևից թելադրված բաներ կան։ Հակառուսական ինչ-որ շարժում է գնում այնտեղ, և արևմտյան ինչ-որ երկրների կողմից Ուկրաինան առաջ է մղվում։ Իհարկե, ինչպես միշտ Թուրքիան այստեղ որպես գործակատար այս հարցի մեջն է, ինչպես Պարսկաստանի, Հայաստանի հետ կապված և այլն։ Թուրքիան գործակատար է այստեղ, իրեն ձեռքերն այստեղ ազատ են թողնում։ Ընթացքում ինքն էլ ինչ-որ շահեր ունի, օրինակ՝ «Բայրաքթարներ» վաճառելը։ Ինքն էլ մտնում է այդ խաղերի մեջն ու ուզում է իր փայն էլ ստացած լինի», - նշեց թյուրքագետը։
Հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ Թուրքիան, փորձելով Դոնբասի կոնֆլիկտում ներգրավվել, նաև փորձում է այդկերպ սիրաշահել Արևմուտքին և փորձել շեղել արևելյան Միջերկրական ծովի խնդիրից, նաև հույն-թուրքական, թուրք-կիպրական հարաբերությունների բացասական ֆոնից, Լոքմագյոզյանը պատասխանեց․
«Սիրաշահելու խնդիր, ես չեմ կարծում, որ կա։ Իհարկե, ամեն ինչ հարթ չի Արևմուտքի և Թուրքիայի հարաբերությունների մեջ, հատկապես Էրդողանի ժաանակաշրջանում, սակայն մեկն առանց մյուսի չի կարող յոլա գնալ։ Դրա համար էլ երկուսն էլ ընդհանուր առմամբ նույն ճանապարհով են քայլում, նույն նպատակներն ունեն։ Իրար հետ համագործակցում են։ Մեկ-մեկ էլ, ասենք, ինչ-որ անհամաձայնություններ են լինում՝ հատկապես Էրդողանի մաքսիմալիստական նպատակների պատճառով»։
Ճշգրտող հարցին՝ «նկատի՞ ունեք՝ Թուրքիան հստակորեն ունի Արևմուտքի աջակցությունն այս իրավիճակում», թյուրքագետը դրական պատասխան տվեց։ «Իհարկե, ինչպես ասացի, Թուրքիան գործակատար է այս ամբողջ տարածաշրջանում։ Եվ եթե Թուքիան ինչ-որ մի բան է անում, չմտածենք, որ ինքնագլուխ է անում։ Թուրքիան մեկ-մեկ ինչ-որ շեղումներ անում է՝ իր շահն ավելացնելու համար, այդ ժամանակ խնդիր է առաջանում։ Բայց հիմնականում ինչը որ Թուրքիան անում է, համաձայնեցված է արևմտյան քաղաքականության հետ։ Եվ իրենց քաղաքականությունն առաջ է տանում», - եզրափակեց Միջինարևելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենը։