Հասարակություն

Փաստաբաններն ու լրագրողները ոսկոր են բռնապետական իշխանության կոկորդին

Փաստաբաններն ու լրագրողները ոսկոր են բռնապետական իշխանության կոկորդին

Երեկ փաստաբանները 1 օրով գործադուլ հայտարարեցին։ Նախ՝ Փաստաբանների պալատում քննարկում-ասուլիս արեցին՝ 100-ից ավելի փաստաբանի մասնակցությամբ, ապա երթով գնացին ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ բռնության էր ենթարկվել փաստաբան Կարեն Ալավերդյանը։ Այստեղ ՓՊ նախագահ Սիմոն Բաբայանը եւ Արա Զոհրաբյանը բռնցքամարտի ձեռնոցներ փոխանցեցին բաժնի պետին, որի պաշտոնանկության հարցն են նաեւ բարձրացրել։ Ավելի վաղ բռնության էին ենթարկվել նաեւ փաստաբաններ Մարզպետ Ավագյանն ու Էմանուել Անանյանը, այս դեպքերին իշխանությունն իրավական գնահատական չի տվել։ Փաստաբան Ամրամ Մակինյանին  հարցրինք՝ ինչո՞ւ են փաստաբանները պարբերաբար բռնության ենթարկվում։

«Իմ կարծիքով՝ խնդիրը քաղաքական է, որովհետեւ դրանք քաղաքական գնահատականի պետք է արժանանան։ Քաղաքական իշխանությունն իր լռությամբ առնվազն ցույց է տալիս, որ համաձայն է ոստիկանության գործողությունների հետ։ Աքսիոմատիկ ճշմարտություն է, որ փաստաբանական համայնքը միշտ աչքի է ընկել ինքնուրույնությամբ, իր ուժով, բարձր իրավական գիտակցությամբ, եւ ի՞նչ է անում քաղաքական իշխանությունը․ քրեաիրավական գնահատական չի ուզում տալ ոստիկանության ծառայողների գործողություններին, դրանով իսկ խրախուսում է հաջորդ բռնությունները։ Որ ոստիկանությունը տեսնի՝ որեւէ խնդիր չկա, նորից շարունակի բռնությունները փաստաբանների նկատմամբ։ Քաղաքական ղեկավարությունն այստեղ մեծ պատասխանատվություն ունի, համար մեկ պատասխանատուն է»,- ասաց Մակինյանը։

Ամբողջ փաստաբանական համա՞յնքն է թիրախավորված, թե՞ առանձին փաստաբաններ։ «Ակնհայտ է, որ իշխանությունը բազմաթիվ ապօրինություններ է անում հարյուրավոր քրեական գործերով, իսկ միակ գործիքակազմը, որով քիչ թե շատ հնարավոր է լինում պայքարել իշխանության ապօրինությունների դեմ, այդ իրավական գործիքակազմի  կիրառողները փաստաբաններն են, իսկ երբ փաստաբանների նկատմամբ է բռնություն կիրառվում, փորձ են անում համայնքին որոշակի կաղապարների մեջ դնել։ Ես համոզված եմ, որ այդ փորձը հենց փորձի տեսքով էլ խեղդվելու եւ վիժեցվելու է․․․»,- պատասխանեց փաստաբանը։ Անդրադառնալով դատական համայնքում ճնշումներին եւ իշխանության համար անցանկալի  դատավորների լիազորությունների դադարեցմանը, Մակինյանն ասաց․ «Իմ համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունների նպատակը Հայաստանը վերացնելն է՝ որպես սուբյեկտ, որովհետեւ միայն այդ տարբերակով հնարավորություն ունեն պատասխանատվության չենթարկվել։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը եւ Նիկոլ Փաշինյանն անձամբ շատ լավ հասկանում են, որ գալու է հատուցման, պատասխանատվության ժամանակը․․․ Բոլորս տեսնում ենք, թե ինչ է կատարվում այն դատավորների շուրջ, որոնք ինքնուրույն աշխատում են, դիցուք՝ Դավիթ Հարությունյանը։ Դռնփակ կարգապահական միջնորդություն է քննվում, ու ես համոզված եմ, որ ԲԴԽ-ն հասնելու է նրան,  որ լիազորությունները դադարեցնելու որոշում ընդունի պարոն Հարությունյանի մասով։ Ես ափսոսում եմ, որ այս մարդիկ չեն հասկանում, թե ինչ են անում, որովհետեւ այն դատավորներին, որոնց հիմա իրենք նշանակում են, այդ դատավորներն առանց աչք թարթելու իրենց պատասխանատվության են կանչելու»։

Փաստաբան Վարազդատ Հարությունյանին հարցրինք՝ փաստաբանների նկատմամբ բռնությունը ոստիկանների շրջանում ամենաթողության նշա՞ն է, թե՞ իշխանության կողմից հրահանգ կա։ «Իմ կարծիքն այն է, որ որեւէ ոստիկան չի կարող, չի համաձակվի որեւէ մեկի նկատմամբ բռնություն գործադրել, եթե չունենա երաշխիքներ, որ դա մնալու է անպատիժ, իսկ երբ խոսքը գնում է փաստաբանի նկատմամբ բռնության մասին, ապա այդ երաշխիքներն առավել քան ակնհայտ ու ցայտուն պիտի լինեն բռնարար ոստիկանի համար, որպեսզի նա այդպիսի համարձակություն ունենա։ Արդեն շաբաթից ավելի է, ինչ այս պայքարը գնում է, եւ այն, որ բռնարար ոստիկանները եւ Կենտրոնի պետը շարունակում են պաշտոնավարել, վկայում է այն մասին, որ այդ երաշխիքները մինչ այս պահն այդ ոստիկանների համար գործում են»,- ասաց նա։

Իսկ իր դիտարկմամբ՝ ինչո՞վ է վտանգավոր փաստաբանական համայնքն իշխանությունների համար։ «Փաստաբանական համայնքի նկատմամբ սա ճնշումների առաջին ալիքը չէ։ Կհիշեք, որ ԲԴԽ նախկին ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը խոսում էր նաեւ փաստաբանական համայնքին վեթինգի ենթարկելու անհրաժեշտության մասին»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image