Բակում մեր հարեւան Շմավոնին տեսա… Տրամադրությունը լավ էր.
- Խե՞ր լինի,- հարցրի:
- Խեր ա, խեր ա:
- Ի՞նչ կա, մեջքդ արեւին ես տվել…
- Հա, վերջապես արեւ դուրս եկավ, բայց դա՝ դեռ հեչ: Իսկ դու իմացա՞ր, որ մեր թոշակին ավելացած 10 հազարով կարող ենք 5 հատ Երեւան-Լառնակա՝ «տուդա-աբռատնի» տոմս առնենք:
- Շմավոն, հաստատ էլի ապուշ երազ ես տեսել:
- Ի՞նչ երազ, այ մարդ, ականջովս եմ լսել, ինքն ասաց:
- Ինքը՝ ո՞վ:
- Նիկոլը…
- Հասկանալի է…
- Ի՞նչն է հասկանալի:
- Դե որ Նիկոլն է ասել, ուրեմն Նիկոլն է հիմար երազ տեսել, պատմել է, դու էլ հավատացել ես:
- Բայց ի՞նչ կա չհավատալու, հասարակ թվաբանություն է: Մի հատ «տուդա-աբռատնին» 2 հազար դրամ է, չեղա՞վ 10 հազարի՝ 5 հատ «տուդա-աբռատնի» տոմս:
- Շմավոն ջան, դա ոչ թե հասարակ, այլ պարզունակ թվաբանություն է: Ավելին ասեմ՝ ցանկալին իրականության տեղ ներկայացնելու թվաբանություն: Նիկոլը քո ականջներից լապշա է կախել:
- Էլի՞ քաղաքականացրիր: Ի՞նչ դառը մարդ ես, լավ բանն էլ չես ուզում տեսնել:
- Լավ, մոռանանք: Իսկ ե՞րբ եք ուզում թռչել Լառնակա: Շողերին է՞լ ես հետդ տանելու:
- Հա, իհարկե:
- Դե ուրեմն ինձ նախօրոք կասես, որ ավտոն բենզին լցնեմ, ձեզ տանեմ օդանավակայան:
- Կարիք չկա, տաքսի կկանչեմ:
- Տաքսին Աճառյան փողոցից «Զվարթնոց» առնվազն մի 6-7 հազար կուզի, ի՞նչ գործ ունես, դա երեք հատ «տուդա-աբռատնի» տոմս է:
Շմավոնի աչքերը բներում պտտվեցին հաշվիչի պես: Հակափաստարկ էր փնտրում, բայց չգտավ ու լուռ մնաց:
- Իսկ Լառնակայում հյուրանոց պատվիրե՞լ եք:
- Չէ, հյուրանոցով թանկ է նստում, Շողերի մորքուրի տղու տանն ենք մնալու:
- Շատ լավ է, Շմավոն ջան, իսկ նախաճաշ, ճաշ, ընթրիք…
- Դրանք մանր հարցեր են, դու գիտե՞ս ով է Շողերի մորքուրի տղեն: Մի Լառնակա՝ մի Սերոբ… Բոլորը ճանաչում են:
- Իսկ Սերոբին վերջին անգամ ե՞րբ եք տեսել…
Շմավոնը հայացքը դարձրեց երկինք՝ ուզում էր հիշել: Ապարդյուն:
- Հասցեն գոնե գիտե՞ք:
- Այ մարդ, դե կգտնենք էլի, ասի՝ մի Լառնակա, մի Սերոբ:
- Գիտե՞ս, թե ինչու եմ հարցնում, Շմավոն… Լառնակայի օդանավակայանից մինչեւ քաղաք տաքսին ամենաքիչը մի 50 եվրո կուզի: Դուք լավ կանեք՝ մինչեւ Լառնակայի «տուդա-աբռատնի» տոմս առնելը Սերոբին զանգեք, որ դիմավորի:
- Էդ մտածել ենք:
- Ապրես: Մեկ էլ Շողերին ասա՝ հաց-մաց դնի, «պռավիզ», ինքնաթիռ է՝ ուշանալ կա, շուտ հասնել կա: Օդանավակայաններում գիտես, թե ինչ թանկություն է: Մի բաժակ սուրճը 10 եվրո է, մի բաժակ ջուրը՝ 20: «Բագաժ» ունե՞ք…
- Չէ, հասարակ տոմս է, միայն ձեռքի պայուսակ են թողնում:
- Դա լավ չէ: Ուտելիք ու ջուր չեն թողնելու վերցնեք:
- Կդիմանանք, 3 ժամվա թռիչք է:
- Հա, իհարկե: Բայց դու ինձնից մի նեղանա, Շմավոն ջան, ես քեզ համար եմ անհանգստանում, որ հանկարծ Նիկոլի ստերի փայ էշ-նահատակ չդառնաս: Դու դեռ՝ հեչ, Շողերին էլ հետդ ես տանում: Դա արդեն կատակ չէ:
- Հիմա ի՞նչ ես առաջարկում, Լառնակա չգնա՞նք:
- Գնացեք, ախպեր, չուզողը ես լինեմ, բայց տես՝ Լառնակայից չզանգես ինձ, թե մի բան արա՝ հետ գանք, մնացել ենք «աէրոպորտ»:
- Սերոբն էն տղեն չի, որ մենք «աէրոպորտ» մնանք:
- Ես էլ դա եմ ասում, փառք Աստծու, որ Սերոբի պես մարդ ունեք Լառնակայում, բայց լավ չէ, որ Սերոբի անունը տալու տեղ Նիկոլի ու նրա «տուդա-աբռատնի» տոմսերից ես խոսում: Ինքը շատ քիչ բան է հասկանում ուղեւորափոխադրումներից: Իր ամեն ինչը ձրի է՝ պետության հաշվին: Մեր պետությունը նրան կերակրում է, նրա «նաչլեգի» հարցերը լուծում է՝ քիչ է, Պուտինն էլ իր հերթին է տանում ճաշի ու ընթրիքի: Ո՛չ տաքսու փող է տալիս, ո՛չ սուրճի: Դու էլ ընկել ես Նիկոլի խելքին, թե թոշակի ավելացած մասով 5 անգամ կարող ես գնալ Լառնակա ու հետ գալ: Գնա, ի՞նչ ասեմ: Դիցուք՝ իմ թոշակի ավելացած մասով ես կարող եմ Խանջյան փողոցից մինչեւ Աճառյան փողոց 2,5 հատ «տուդա-աբռատնի» տաքսու տոմս գնել: Քո թոշակի ավելացված մասն ինչ է՝ իմ թոշակի ավելացված մասից շա՞տ է, որ բոբիկացել, ընկել ես Նիկոլի ջրերը:
- Բա որ ասում եմ՝ դառը մարդ ե՜ս…
- Ի՞նչ արած, Շմավոն, թող քո ասածով լինի: Ձեզ բարի թռիչքներ, փափուկ վայրէջքներ, Սերոբին էլ՝ իմ կողմից լիքը բարեւներ…