ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն մայիսի 5-ին ազգային Ժողովում ասաց. «Պատրաստվել ենք պատերազմի եւ դրանով դրդել ենք պատերազմ: Պատերազմի պատրաստվելն ունի նրբություններ, որովհետեւ հակառակորդն էլ է հետեւում քեզ, տեսնում է, որ դու 80-ականների զենքերից անցում ես կատարում 2020-ականների զենքերին։ Նա հասկանում է, երբ այդ գիծն անցար, քո պոտենցիալն աճելու է։ Սա էլ է պատերազմի հրահրում»։ Նախ առնվազն սխալ է, որ Նիկոլ Փաշինյանը չի ասում թշնամի, ասում է հակառակորդ: Սա դեռ չայրաց փոքրագույնն է: Իրականում թշնամին հարձակվել է, այլ պատճառով: Բայց նախ փաստեր:
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք, երբ թշնամին արդեն հարձակվել էր՝ 1991 թվականի դեկտեմբերի 5-ին, նախագահի հրամանագրով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը, իսկ մոտ երկու ամիս անց՝ 1992-ի հունվարի 28-ին, կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում:
Ստեղծվեց մեր ազգային բանակը, որն էլ հաղթեց թշնամուն՝ հրադադար պարտադրեց:
Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք զարգացան Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները, որ սկզբնավորվել էին 1992 թվականին: Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը օժանդակում է Հայաստանին իր պաշտպանական և անվտանգության համակարգերը բարեփոխելու, ՆԱՏՕ-ի հետ ռազմական փոխգործակցության ունակությունը բարձրացնելու, անվտանգության ոլորտի լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու գործում: Այս համագործակցությունը շարունակվել է նաեւ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք:
Սերժ Սարգսյանի նախագահության օրոք՝ 2017 թվականին ստեղծվեց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ կորած, հաշմանդամություն ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն եւ հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:
Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք բանակի սննդակարգում ելակ ավելացավ:
Սա մեր բանակի ողջ տարեգրությունը չէ, պարզապես ապացույց է, որ Հայաստանի բոլոր ղեկավարներն էլ բանակի համար ինչ-որ բաներ արել են, բայց Ադրբեջանը հարձակվեց ու հարձակվում է միայն Նիկոլ Փաշինյանի պահած բանակի վրա: Նախկինում սահմանային միջադեպեր էին լինում, այդ թվում՝ 2016 թվականի ապիրլյան քառօրյան, որը դադարեցնելու խնդրանքով Ալիեւն է զանգել Պուտինին: Քառօրյայից հետո դեռ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ապրիլի 3-4-ին եղել եմ ԼՂՀ-ում, եւ կա մի հանգամանք, որ հարկ համարեցի կիսել ԱԺ ամբիոնից:
Ղարաբաղում լեգենդներ են պտտվում ՀՀ ԶՈւ 18-ամյա զինվորների պահվածքի, կեցվածքի եւ մարտական ու հոգեբանական պատրաստվածության մասին: Մարտական ուղի անցած հրամանատարները ասում են, թե դժվար է գիտակցությամբ հասկանալ, թե ինչ սիրտ եւ հոգի պետք է լինի այդ 18-20-ամյա տղաների մեջ, որ նրանք ոչ միայն անհողդողդ կանգնեն մի քանի անգամ թվաքանակով իրենց գերազանցող հակառակորդի առաջ, այլեւ հետ շպրտեն նրանց կամ կռվեն մինչեւ արյան վերջին կաթիլը: Ես այս ամբիոն բարձրանում եմ մեծ թվով ԼՂՀ քաղաքացիների խնդրանքով, որոնք խնդրել են ինձ ԱԺ ամբիոնից երախտիքի, հարգանքի, սիրո խոսքերը փոխանցել Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի, Արմավիրի, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի մարզերի եւ Երեւանի հայրերին ու մայրերին, ուսուցիչներին ու մարզիչներին, որ այդպիսի քաղաքացիներ, զինվորներ եւ զավակներ են դաստիարակել»:
Լեւոն Տեր-Պետրոսյանի հիմնած, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի զարգացրած բանակը չի պարտվել ու չի նահանջել: Այս բանակի վրա թշնամին չէր հարձակվում: Արցախյան 44-օրյա պատերազմում էլ այս բանակը չէր նահանջում, նահանջեց եւ պարտվեց Նիկոլ Փաշինյանը ու հիմա պնդում է, որ բանակը հզորացնելով է հրահրել պատերազմ: Ոչ, ոչ, ոչ: Սուտ է, սուտ է, սուտ է: Մեր բանակը մշտապես է զարգացել: Այս անգամ թշնամին տեսավ, որ մեր բանակի գերագույն գլխավոր հրամանատարը, մեղմ ասած, բանակում չծառայած անտեղյակի մեկն է ու անգամ աշխարհի ամենահզոր բանակով չի կարող մեկ քայլ առաջ գնալ, ուր մնաց՝ հաղթել: Թշնամին տեսավ ու հարձակվեց, բանակը կռիվ տվեց, Նիկոլ Փաշինյանը՝ հանձնվեց: Սա է ողջ իրականությունը: Նժդեհն ասում էր՝ հարձակվում է նա, ով իր առջեւ թուլություն է տեսնում: Մեր թշնամին հարձակվեց այնժամ, երբ տեսավ Նիկոլ Փաշինյանին:
Արեգ Մարգարյան