Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, կրկին պատգամավոր դարձած Հակոբ Ասլանյանի հետ
- Պատերազմը ոչ մի կերպ չի ավարտվում, երեկվանից թեժ է Գեղարքունիքի հատվածում, ո՞րն է Ադրբեջանի ուզածը, Արցախը ստացան, հիմա՞ ինչ են ուզում։
- Դուք չգիտե՞ք։
- Մոտավորապես՝ Սյունիքի միջանցքի, Տավուշի անկլավների, Քյարքիի մասին է, բայց թե որն են այս պահին ուզում, ուզում եմ Ձեզնից լսել։
- Ռուս-թուրքական տանդեմը մեզ ուզում է ոչնչացնել, քանի որ մենք ներսում իրար ենք ուտում։
- Բայց ընտրություններից հետո ամեն ինչ կարծես խաղաղվել է, Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ ճգնաժամը վերացել է, ավելին՝ շնորհավորեց ընդդիմությանը։
- Պարոն Փաշինյանն ասում էր... Այո, ճգնաժամն իսկապես հաղթահարված է, բայց գաղափարական տեսակետից դա շատ ավելի խորն է։
- Բայց հիմա անգամ բողոքի ակցիաներ, փողոցային պայքար չկա։
- Եթե մենք մեր «ես»-ից չբարձրանանք ու «մենք» չդառնանք, ոչնչի չենք հասնի։ Կատարվում է այն, ինչից ես անձամբ վախեցել ու սարսափել եմ, երբ մարդկային մի հոծ խումբ, վախենալով իրենց ունեցվածքների, առավելությունների կորստից, սարսափելով իրենց էլիտայի կորստի վտանգից (իրենք իրենց այդպիսին են համարում), ամեն ինչ անում են, որ երկիրը կործանվի, որպեսզի ասեն՝ տեսաք, որ մենք ճիշտ էինք, բայց իրենց կարողությունները պահպանեն։
- Որ երկիրը կործանվեց, իրենց ունեցվածքը, ինչպես դուք եք ասում` շքեղ դղյակներն էլ կկործանվեն։
- Իրենց կարողություններն իրենք հիմնականում դուրս են հանել, մնացածն էլ` համաձայնության կգան, դրանք պղինձարթինների գաղափարախոսներն են, սրանք դուք չգիտեք՝ ինչն են։ Ես հիմա որպես հայ եմ խոսում, անկախ նրանից, թե ինչ իշխանություններ են եղել, ես պետության համար նեղ պահերին երկրիս կողքին եմ կանգնել։ Լեւոն Տեր-Պետրոսյանն աչքիս լույսը չի եղել, իմ աչքի լույսը չի եղել Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանությունը, բայց նման պահերին ես թքած եմ ունեցել, թե ինչ իշխանություն է երկրում, որովհետեւ այդ իշխանությունից առաջ կա հայրենիք, իսկ սրանց համար չկա հայրենիք։ Այնպիսի մեկնաբանություններ են գրում, որ սիրտս մղկտում է, թե տեսեք՝ Նիկոլի զոմբիներ, տեսեք ինչ է կատարվում։
- Չհարցնե՞ն՝ սա՞ էր ձեր խոստացած ապագան։
- Ես ուզում եմ այդ մարդ կոչեցյալներին հարցնել՝ դուք կարծում եք, որ եթե Քոչը գար ու չտար թուրքի էդ ուզածը՝ Մեղրին ու միջանցքը, նույնը չէ՞ր լինելու, այ սրիկաներ, ձեզ համար հայրենիքը ձեր գրպանն է, ձեր առանձնատները... Հետո էլ ասում եք՝ ինչ խոսում եք, անցյալից եք խոսում։
- Իսկ չե՞ք կարծում, որ եթե պարտված ղեկավարը, բանակցողը փոխվեր, այլ իրավիճակ կլիներ։
- Չկա նման բան, պատմություն թող սովորեն։ 1956 թվականին Եգիպտոսի պարտությունից հետո Եգիպտոսի ժողովուրդը, երբ որ իրենց ղեկավարը հեռացավ, ուժով ետ բերեց։
- Հիտլերի պես ղեկավարն էլ ինքնասպան եղավ։
- Գիտեք ինչ, էդ ասողներին հարցրեք՝ Հիտլերին կարդացե՞լ եք, ծանո՞թ եք նրա գաղափարներին, Հիտլերն ասում էր...
- Եկեք վերադառնանք մեր խնդիրներին․ Ձեր փաստարկն այն է, որ ներսում իրար միս են ուտում, դրա համար էլ մեզ ուզում են ոչնչացնել։ Բայց ընտրություններից հետո Փաշինյանն առաջինը արշավ սկսեց «Հայաստան» դաշինքի համայնքապետերի նկատմամբ, գուցե դրանի՞ց են ոգեւորվել մեր թշնամիները։
- Շատ կներեք, ստում են սրիկայաբար, չկա արշավ։ Բոլոր այդ հետապնդումներն օրենքի տառին համապատասխան են, դրանք մարդիկ են, ովքեր ընտրությունների ժամանակ օրենք են խախտել, փողեր են բաժանել։
- Մարզպետներն էլ են նման սոցիալական աջակցություն բաժանել եւ ավելի շատ, ինչո՞ւ մեկի նկատմամբ քննություն չսկսվեց։
- Եթե դուք նայեք որեւէ մարզի տարվա կտրվածքով՝ բոլոր ամիսների տրված աջակցություններին, կտեսնեք, որ գրեթե տարբերություն չկա, բայց եթե իրենցը նայեք, կտեսնեք, որ տարվա ընթացքում որեւէ անգամ չի տրվել, տրվել է միայն այդ ժամանակ, մենք հո ապուշ չե՞նք։
- Բայց ձեր ընդդիմադիրները հանգիստ վերցրին մանդատները, գալիս են խորհրդարան, մինչդեռ կարող էին փողոց վերադառնալ, ինչքա՞ն կարելի է նախկիններին մեղադրել։
- Ընդդիմությունը հայտարարում է՝ մենք գալիս ենք իշխանություն վերցնենք, հայտարարում է՝ մենք գալիս ենք, որ խրամատավորվենք, փոխանակ ասի՝ մենք գնում ենք, որ կարողանանք խորհրդարանում մեր ներդրումը կատարենք, որ կարողանանք երկիրը ճիշտ ուղղությամբ տանենք։ Խորհրդարանն իշխանություն վերցնելու տեղ չէ, դա երկրի բարձրագույն օրենսդիր մարմինն է, այստեղ միայն օրենքներ պետք է ընդունվեն։
- Բոլոր ժամանակներում էլ ընդդիմադիրներն իշխանափոխության մասին են խոսել, իսկ Նիկոլ Փաշինյանից ավելի ռադիկալ ընդդիմություն մինչ այս պահը Հայաստանը չի ունեցել, անգամ 2018-ի հեղափոխության ժամանակ, երբ երկիրը կաթվածահար էր, Ադրբեջանը չգնաց նման ոտնձգությունների։ Ինչո՞ւ։
- Որովհետեւ հեղափոխության ժամանակ թշնամին դեռ չգիտեր, թե ինչ է լինելու, երկիրը ոնց է խառնվելու, արդյոք… Մի խոսքով՝ դրանք իրար մի կապեք, հեղափոխության ժամանակ լրիվ ուրիշ իրավիճակ էր, հիմա՝ ուրիշ։ Մի մոռացեք, որ ժողովուրդը երկրորդ անգամ մեր իշխանությանն ասաց՝ անկախ նրանից, թե ինչ է եղել, ես առայժմ հավատում եմ իմ հավատին, ես մի անգամ ձայն տվել եմ, էլի եմ տալիս, դուք մի խանգարեք, կարող եք օգնել, չեք կարող՝ ռադներդ քաշեք։
- Եթե Արցախը հանձնելուց հետո ձեզ դեռ հավատում են, կարող է մտածեք՝ Հայաստանի՞ց էլ տարածքներ տաք։ Հնարավո՞ր է տարածքի կորուստներ ունենանք մեր սուվերեն տարածքից, որ կանխենք պատերազմը։ Արդեն 3 զոհ ունենք։
- Ոչ։ Շատ կներեք, ՀՀ սահմանը պաշտպանելու համար 3 զոհ ունենք, երեկ ավտոբուս էր ընկել ձորը՝ 10 զոհ ունենք, էդ է՞լ է Նիկոլը մեղավոր։ Հայրենիքը պաշտպանելու համար տրված զոհը... չի կարելի։
- Դժբախտ պատահարը համեմատում եք ձեր կառավարման հետեւանքների՞ հետ, ինչո՞ւ պիտի մեր սուվերեն տարածքում զոհեր ունենանք։
- Որովհետեւ մենք ունենք թուրքի նման հարեւան ու թուրքի նման թիկունքից հարվածող սրիկաներ, դրանք իրարից չեն տարբերվում, մեկը դրսի թուրքն է, մյուսը՝ ներսի։ Կներեք, բայց ես այլեւս չեմ կարողանում ուրիշ ձեւ արտահայտվել։ Եթե ես այս իշխանությանն ընդդիմադիր լինեի, անգամ այդքանով հանդերձ՝ ես այս պահերին ոչինչ չէի անի, ոչինչ չէի գրի, զենքը կվերցնեի, կվազեի այնտեղ։
- Իսկ իշխանությունից քանի՞սն են վազել։
- Վերջին պատերազմի վերքերս դեռ չեն ապաքինվել։ Ինձ սայլակով են տուն բերել, զանգել տանն էլ ասել էին, որ ինքը մեռել է, ես 2 օր մեռած եմ եղել, կոմայի մեջ, հիմա ես առողջ լինեի, կթողնեի ու կգնայի էնտեղ։
- 44-օրյա պատերազմին թույլ չեք տվել անգամ լեգենդար հրամանատարները մասնակցեն ռազմական գործողություններին, գնան, ի՞նչ անեն։
- Ով... եղել են այնտեղ ու թողել փախել են։