Հասարակություն

Սահմանադրական հեղաշրջման արդյունքում ՍԴ դատավոր դարձած ցանկացած անձի ես չեմ վերաբերվում որպես իրավաբանի

Սահմանադրական հեղաշրջման արդյունքում ՍԴ դատավոր դարձած ցանկացած անձի ես չեմ վերաբերվում որպես իրավաբանի

Սահմանադրագետ, 2015 թվականին ընդունված նոր Սահմանադրության համահեղինակ Վարդան Պողոսյանը համաձայն չէ այն պնդումների հետ, որ այդ Սահմանադրությունը «կարվել էր» կոնկրետ մեկ անձի՝ Սերժ Սարգսյանի հագով, չնայած որ այսօր դրանցի Նիկոլ Փաշինյանն է օգտվում։ 
Նա համաձայն չէ նաև մեր այն դիտարկմանը, որ այդ նույն Սահմանադրության հեղինակներից Հրայր Թովմասյանը իր իսկ հեղինակած Սահմանդրության «շնորհիվ» հետագայում զրկվեց նաև ՍԴ նախագահի իր պաշտոնից։

«Չէ, ոչ թե շնորհիվ, այլ, շրջանցելով Սահմանադրությունը, աղավաղելով Սահմանադրությունը իրենք սահմանադրական հեղաշրջում իրականացրին 2020 թ․ ամռանը, Սահմանադրությունը փոխեցին էն ձևով, որը որ ընդհանրապես հնարավոր չէր փոխել՝  Սահմանադրության տառին և ոգուն ամբողջովին հակասելով, այսինքն՝ հեղաշրջում իրականացրեցին և զրկեցին Թովմասյանին»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Պողոսյանը։

Մեր հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ներկայիս ՍԴ կազմը, Պողոսյանն ասաց․

«Սահմանադրական հեղաշրջման արդյունքում Սահմանադրական դատարանի դատավոր դարձած ցանկացած անձի ես այլևս չեմ վերաբերվում որպես իրավաբանի, որը պետք է սահմանադրական արդարադատություն իրականացնի։ Բոլոր էն դատավորները, որոնք սահմանադրական հեղաշրջումից հետո դարձել են ՍԴ դատավոր, ես իրենց այլևս չեմ վերաբերվում որպես պրոֆեսիոնալ իրավաբանի, որը ի վիճակի է և կոչված է սահմանադրական արդարադատություն իրականացնել։ Դա իմ անձնական կարծիքն է»։

Բայց խոսքը չի վերաբերում Հրայր Թովմասյանին և բոլոր նրանց, որոնք մինչ այդ «սահմանադրական հեղաշրջումն» էին ընտրվել ՍԴ անդամ։

«Ովքեր եղել են, իրենք օրինական սահմանադրական ձևով են դարձել Սահմանադրական դատարանի դատավոր։ Մնացած բոլորը, որոնք որ 2020 թվականի էդ փոփոխությունից հետո են դարձել, իրենք սահմանադրական հեղաշրջման արդյունքում են ընտրվել, հետևաբար իմ անձնական վերաբերմունքը խիստ բացասական է»,-ասաց նա։

Իսկ կարո՞ղ ենք ասել, որ քաղաքական պատվեր կատարող մարմնի է վերածվել Սահմանադրական դատարանը, Պողոսյանն ասաց․ «Ես կարող եմ ասել, որ դա դարձել է կառավարությանը կից Սահմանադրական դատարան»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image