«Ալյանս» կուսակցության Գերագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանի համար հասկանալի չէ՝ ինչ ասել է արեւմտամետ, ինչ ասել է՝ ռուսամետ: Այս մասին Արզաքանցյանը հայտարարել է իր տված վերջին հարցազրույցի ժամանակ: Վերջինս նաեւ նշել է, որ շատ շուտով պատրաստվում է հիմնադրել նոր կուսակցություն, որտեղ հիմնականում ներգրավված կլինեն երիտասարդներ: Թե ինչպես է ստացվում, որ «Ալյանս» կուսակցության Գերագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանի համար հասկանալի չէ Արեւմուտքի եւ Ռուսաստանի տարբերությունը, ինչպես ստացվեց նաեւ, որ տեղից տեղ վազող Արզաքանցյանը հայտնվեց հստակ ռուսամետ դիրքորոշմամբ կուսակցության շարքերում, այս հարցերի պատասխանները փորձեցինք պարզել «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանից:
-Պարո՛ն Ուրիխանյան, «Ալյանս» կուսակցության Գերագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանի համար հասկանալի չէ, թե ինչ ասել է՝ արեւմտամետ, ինչ ասել է՝ ռուսամետ։ Արզաքանցյանի կողմից հրապարակ բերված այս հայտարարությունը Ձեզ համար հասկանալի,՞ եւ վերջապես, ընդունելի՞ է:
-Շատ լավ հարց եք տալիս: Րոպեներ առաջ «Էրեբունի Պլազայում» ավարտվեց «Այլանսի» վարչության եւ խորհրդի ընդլայնված նիստը, որի ընթացքում այդ հարցը նույնպես քննարկվել է: Հիմա խոսել ընկերոջ, նախկին գործընկերոջ մասին, ի դեպ, նա արդեն հայտարարել է, որ առանձնանում է եւ ստեղծում նոր կուսակցություն, կարծում եմ, այլեւս անիմաստ է:
-Ամեն դեպքում՝ Պարոն Արզաքանցյանը եղել է «Ալյանսի» գերագույն խորհրդի նախագահը: Հիմա է որոշել առանձնանալ, նախքան այդ ենթադրվում էր, որ նա Ձեր գաղափարակիցն է: Ի վերջո, «Ալյանսը» կարելի է ասել, ռուսամետ ուղղվածություն ունի:
-Ոչ, «Ալյանսը» ռուսամետ կուսակցություն չէ: «Ալյանսը» ՌԴ-ի հետ մաքսիմալ փոխինտեգրման ձեւաչափի կողմնակից է: Տիգրան Արզաքանցյանն արդեն լքել է կուսակցությունը եւ հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին: Նա իրավունք ունի հայտնել իր դիրքորոշումը: Ի վերջո, մեր կուսակցության շարքերում էլի են եղել մարդիկ, որոնք հայտնել են մի կոնկրետ դիրքորոշում, հետո լրիվ այլ դիրքորոշում: Ես միշտ հարգանքով եմ վերաբերվում բոլոր դիրքորոշումներին, պարզապես զուտ քաղաքականապես ինձ համար եւս անհասկանալի է, թե ինչ ասել է՝ չկա տարբերություն արեւմտամետ ես, թե ռուսամետ: Եթե ռազմավարական գործակցությունը գերադասվում է մի կոնկրետ պետության հետ, իսկ տվյալ երկրի հակակշիռ, կամ հակառակորդ երկրների միավորումների, միջպետական միությունների, կամ առանձին երկրների հետ ռազմավարական փոխգործակցությունը ռազմավարական ֆորմատի մեջ չէ, ուրեմն արդեն իսկ դա տալիս է հարցի հստակ պատասխանը: Օրինակ եթե պետական այրը հայտարարի, թե չկա տարբերակում, օրինակ, Գերմանիայի եւ Ռուսաստանի փոխգործակցության միջեւ, դա կարող է առաջացնել միջպետական սկանդալ: Բայց քանի որ այդ մասին խոսում է քաղաքական գործիչը, նորմալ է, քանի որ քաղաքական գործիչն ազատ է հայտնել իր կարծիքը:
-Իսկ Դուք տեղյա՞կ էիք, որ Տիգրան Արզաքանցյանը ցանկանում է հեռանալ «Ալյանսից»:
-Այո, անշուշտ, տեղյակ էի: Նախապես զրուցել էինք:
-Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արտախորհրդարանական ուժերի հանդիպումներին, Դուք, կարծես, չեք տվել Ձեր հավանությունը, սակայն Պարոն Արզաքանցյանը ներկա է եղել այդ հանդիպումներին, մասնակցել քննարկումներին եւ այլն: Ինչպե՞ս ստացվեց, որ Դուք Ձեր շարքերում համալրեցիք մի գործչի, որն ըստ էության անում է մի բան, ինչն անընդունելի է Ձեզ համար:
-Հիանալի հնարավորություն եք տալիս այդ հարցը պարզաբանելու: Այդ հարցն իսկապես շատ է քննարկվում: Հատուկ ընդգծում եմ եւ շնորհակալ եմ պարզաբանման հնարավորության համար: Արզաքանցյանը եղել է այդ խորհրդում, ներկայացնելով այլ կուսակցություն: Հարցն այն է, որ «Ալյանսին» անդամագրվելուց հետո նա շարունակել է իր գործունեությունը տվյալ խորհրդի հետ, այլ կուսակցական կարգավիճակով: Դա է եղել մեզ կաշկանդող հարցը: Մենք կոռեկտության սահմաններից դուրս չգալով այդ հարցին երբեք չենք անդրադարձել:
-Իսկ չանդրադառնալը ճի՞շտ էր:
-Ես կոնկրետ այդ մասով շատ խիստ դիրքորոշում ունեմ: Ընդամենը երկու անգամ փորձեցի այդ խորհրդում անել այն, ինչի համար հրավիրված էի, սակայն Փաշինյանը հետեւյալ ձեւակերպումն արեց. «Մենք ուզում ենք լսել Ձեր քննադատությունները, դիտարկումներն ու առաջարկները»: Ինձ համար պարզ դարձավ, որ ընդդիմության ձայնը լսելի չէ: Ինչ-որ հարցեր քննարկել, որոնք կարող են երկարացնել այս իշխանության կյանքն ինձ համար անթույլատրելի է: Այս իշխանությունը ժամ առաջ պետք է հեռանա, ընդ որում հեռանա իր գոյությունը պահող, իրեն հայհոյող, սեփական հակավարկանիշը սրանց վարկանիշը բարձրացնողների հետ միասին: Արզաքանցյանը նախքան մեզ հետ համագործակցելն է այդ խորհրդում ներկայացել:
-Այդ դեպքում ինչպե՞ս ընդունեցիք Ձեր շարքերում նրան:
-Դուք հիմա ներքին խոհանոցի դռները բացող հարց եք տալիս: Մենք հստակ պայմանավորվածություն ենք ունեցել ընդդիմադիր կուրս իրականացնելու, մինչեւ անգամ փողոցային պայքարի տեսքով: Ցավոք, դա տեղի չի ունեցել: