Այլ

Ընդունելի չէ, որ Բայդենի վարչակազմը շարունակի օգտագործել պատժամիջոցները․ Զարիֆ

Ընդունելի չէ, որ Բայդենի վարչակազմը շարունակի օգտագործել պատժամիջոցները․ Զարիֆ

Իրանի ԱԳ նախարարը ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարի հետ զրույցում անընդունելի է համարել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը շարունակի օգտագործել իր նախորդ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված պատժամիջոցները։

Տեղեկանում ենք Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունից։ 

«Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը և Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ջոզեպ Բորելը քննարկեցին Վիեննայի բանակցություններին վերաբերող վերջին զարգացումներն ու բանակցություններում ձեռք բերված նշանակալի առաջընթացը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Հինգշաբթի օրը երեկոյան հեռախոսազրույցում Զարիֆը «բարձր գնահատեց Բորելի և ԵՄ արտաքին գործողության ծառայության նրա գործընկերների կողմից իրականացված ջանքերը»:

Իրանի ԱԳ նախարարը քննադատել է Վաշինգտոնի գործողությունները։ «Իրանցի բարձրաստիճան դիվանագետը քննադատեց վերջին հինգ ամիսների ընթացքում Վաշինգտոնի շարունակվող տնտեսական ահաբեկչությունը, ինչպես նաև իր հանձնառությունների շարունակական խախտումը»: Զարիֆը կրկնել է, որ «ընդունելի չի լինի տեսնել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը շարունակի օգտագործել բանակցությունների ընթացքում իր նախորդ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված անօրինական և անմարդկային պատժամիջոցները»:

«Այս մոտեցման հիմնարար փոփոխությունն անհրաժեշտ է, որպեսզի Վիեննայի բանակցությունները բեղմնավոր լինեն, և դա քաղաքական որոշում է, որը պետք է ընդունի ԱՄՆ նախագահը», - ասել է իրանցի դիվանագետը:

Ջոզեֆ Բորելը նույնպես անդրադարձել է Զարիֆի հետ հեռախոսազրույցին ու նշել, որ քննարկել են Իրանի հետ միջուկային ծրագրի (պաշտոնապես՝ Գործողության համատեղ համապարփակ ծրագիր – JCPOA) վերաբերյալ բանակցությունները և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության աշխատանքը։

«Խոսեցի Նախարար Զարիֆի հետ JCPOA-ն քննարկելու համար: Վերջին շաբաթներին Վիեննայում խմբերը լավ առաջընթաց գրանցեցին: Այժմ բոլոր կողմերը կարիք ունեն ընդունելու անհրաժեշտ քաղաքական որոշումները, որպեսզի մենք կարողանանք բանակցությունները եզրափակել ու վերադառնալ լիարժեք իրականացման: ԱԷՄԳ-ի համար վճռորոշ է շարունակել իր ստուգիչ գործունեությունը», - իր թվիթերյան էջում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image