Երեկ տրվեց Երեւանի ավագանու հերթական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը: 14 ուժ է մասնակցում այս ընտրություններին, սակայն իշխող կուսակցությունը վառ, ուժեղ, անվիճելի մրցակիցներ չունի կամ քիչ ունի, եւ երեւանցիները դժգոհ են իրենց առաջարկված այլընտրանքից: Երեւանի ընտրությունները, սակայն, միշտ չէ, որ քաղաքական են եղել, եւ միշտ չէ, որ քաղաքապետի պաշտոնն ընտրությունների արդյունքներով է որոշվել:
Ժամանակին դա նշանակովի պաշտոն էր, նշանակում էր ՀՀ նախագահը: Ընտրովի դարձավ 2000-ականներից, սկզբում ուղիղ քաղաքապետ էինք ընտրում, ապա դարձավ քաղաքական ընտրությունների` կուսակցությունների մասնակցությամբ: Այս ընտրությունների մասին զրուցել ենք Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի հետ, ով 1999-2001 թվականներին զբաղեցրել է այդ պաշտոնը: Իսկ դրանից առաջ` 1998-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի հաջորդ օրը, ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ, եղել է «Երկրապահ» պատգամավորական խմբի ղեկավար:
- Պարոն Բազեյան, մայրաքաղաք Երեւանը հերթական ընտրություններին է գնում: Ընտրություններին մասնակցելու են տարբեր ուժեր` Տիգրան Ավինյան, Հայկ Մարության, Մանե Թանդիլյան, Արտակ Զեյնալյան, Վիկտոր Մնացականյան եւ այլք: Այս դժվարին շրջանում, երբ Արցախում մարդիկ են սովամահ լինում, հայտնի չէ մեր երկրի ապագան, ինչի՞ մասին են այս ընտրությունները: Կարո՞ղ է այն վճռորոշ դեր ունենալ Հայաստանի կյանքում, թե՞ ոչ:
- Սա սովորական ընտրություն է: Մենք այս շրջանում կենտրոնացել ենք կամավորականների, աշխարհազորայինների ու պահեստազորի զինվորականների միավորման աշխատանքներով: Կրճատ անվանումը «Հայք» միավորում է, այժմ փորձում ենք մասնաճյուղեր բացել Երեւան քաղաքի տարբեր համայնքներում, արդեն իսկ կա երկու մասնաճյուղ` Կենտրոնում եւ Աջափնյակում: Երեւանում աշխատանքներն ավարտելուն պես գնալու ենք մարզեր եւ այնտեղ բացենք մասնաճյուղեր: Մեր խնդիրը, գերխնդիրը սահմանների պաշտպանությունն է: Թշնամու կողմից հարձակման դեպքում գումարտակներ ենք կազմելու եւ հակահարված ենք տալու: Ունենք եւս մեկ խնդիր. ազատվել ներքին թշնամուց` Նիկոլ Փաշինյանի իշխանությունից: Նրանց պետք է հեռացնել, եւ մենք օժանդակելու ենք, որպեսզի ընդդիմադիր առողջ քաղաքական ուժերը եւս համախմբվեն, համահայկական միացյալ դաշինքի միջոցով ոտքի պետք է հանել մեր ժողովրդին, եւ անհնազանդություն հայտնենք օրվա իշխանությանը: Պետք է Նիկոլ Փաշինյանի հեռացումը պարտադրել, պետք է արձակվի նաեւ այս Ազգային ժողովը: Նախ պետք է ձեւավորվի ժամանակավոր ազգային կառավարություն, որը կնախապատրաստի օրինական արտահերթ ընտրությունների:
- Այսինքն` Դուք չեք կարեւորում Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունները:
- Այո, այս ընտրությունները կարեւոր չեն: Շատերը կարծում են, թե ընդդիմադիր ուժերին ընտրելով՝ Հայաստանում իշխանափոխություն կլինի, սակայն ես համամիտ չեմ այդ տեսակետի հետ: Ինչո՞ւ, որովհետեւ խիստ տարբեր են քաղաքապետի եւ վարչապետի լիազորությունները: Վարչապետը երկրի բոլոր ուժային կառույցների ղեկավարն է, ՊՆ, ոստիկանություն, ներքին գործեր եւ այլն… Ազգային ժողովում էլ ՔՊ-ն է մեծամասնություն, ինչ օրենք ցանկանա, կարող է կյանքի կոչել: Իսկ քաղաքապետն ավելի շատ տնտեսական խնդիրներ լուծող է` տրանսպորտի խնդիր, ջրամատակարարման խնդիր, քաղաքի մաքրության, աղբահանության հարց եւ այլն: Այո, քաղաքապետը կարող է լինել քաղաքական դեմք, սակայն մեր տեսակետը հետեւյալն է` եթե Նիկոլ Փաշինյանը մնաց որպես վարչապետ, օգտագործելու է իր բոլոր ֆինանսական ռեսուրսները, լրատվամիջոցներն ու ռեսուրսները՝ Ավինյանին կարգելով Երեւանի քաղաքապետ: Նշենք նաեւ, որ ԿԸՀ նախագահն էլ իրենց կուսակցության անդամ Վահագն Հովակիմյանն է: Սիսիանի ընտրությունները ցույց տվեցին, որ սրանք ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում` իշխանություն վերցնելու համար: Ընտրակեղծիքների տեխնոլոգիա եւս կիրառում են: Խոսակցություններ կան, որ ընդդիմադիրների բոյկոտը ցանկալի է, սակայն եթե բոլոր ընդդիմադիրները բոյկոտեն, կմնան ՔՊ-ին ուղեկցող կուսակցությունները` Տիգրան Խզմալյանի Եվրոպական կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, վանաձորցի տղայի` Էդմոնի թիմը, Տիգրան Արզաքանցյանի, այսպես կոչված, կուսակցությունը, ու այդպես շարունակ, ու Ավինյանին լեգիտիմ կերպով քաղաքապետ կընտրեն:
- Խորհրդարանական ընդդիմությունը բավականին պասիվ է: Այդ պասիվությունը տեղին համարո՞ւմ եք:
- Ոչ: Սխալ է պասիվություն ցուցաբերելը: Պետք է մասնակցել ընտրություններին եւ պայքարել: Պետք է հանրության ուշադրությունը հրավիրեն իշխանությունների սխալների վրա: Չմասնակցելը ոչինչ չի տալու, դրանով եւս իշխանության թեկնածուին լեգիտիմացնում են: Իշխանությունն ունի բազմաթիվ քույր կուսակցություններ, նրանց անունները քիչ առաջ թվարկեցի:
- Իսկ խորհրդարանական ընդդիմությունն ինչո՞ւ է լռում, ինչո՞ւ է որոշել ոչինչ չանել:
- Նիկոլ Փաշինյանն անվերջ հանրությանը վախեցնում է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վերադարձով: Փաշինյանն ասում է` եթե նախկինները վերադառնան, լինելու է կոռուպցիա է, ալան-թալանը շարունակվելու է, եւ մականունավորները գալու են Ազգային ժողով: Իսկ ի՞նչ է կատարվում հիմա: Մի՞թե այսօր չկա կոռուպցիա: Հայաստանում ոչ մի հեղափոխություն էլ տեղի չի ունեցել: Ընդամենը տեղի ունեցավ պարզ իշխանափոխություն, նույնությամբ շարունակվում է կաշառակերությունը, իսկ մականունավորներին փոխարինելու են եկել Նիկոլ Փաշինյանի ընկերներն ու աներձագը: Ծանոթ-բարեկամներին, ընկերներին շարունակում են պաշտոններ նվիրել ու անունը դրել են հեղափոխություն: Իբր տենդերային մրցույթներ են կայանում` մրցույթը շահում են բացառապես իրենց մտերիմները` Գռզո, Արսենյան Գուգո, Լֆիկ Սամո, ու այդպես շարունակ: Գումարներ են մուծում նիկոլականներին եւ հանգիստ շարունակում իրենց աշխատանքը: Հայաստանում ոչինչ չի փոխվել: