Հասարակություն

«Հրապարակ». Երիտասարդ արցախցին շարունակում է կալանքի տակ մնալ

«Հրապարակ». Երիտասարդ արցախցին շարունակում է կալանքի տակ մնալ

Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած զանգվածային անհնազանդությունների ժամանակ ձերբակալված արցախցիների գործերն արդեն դատական քննության փուլ են մտել, նրանցից ոմանք դեռ շարունակում են մնալ կալանավորված, իսկ ոմանց պարագայում էլ դատարանները որոշել են իշխանությունների ցանկություններին դեմ գնալ ու ազատ արձակել իրենց տունն ու երկիրը կորցրած արցախցի երիտասարդներին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո Քննչական կոմիտեն «զանգվածային անկարգություններին մասնակցելու» հանցակազմով քրեական գործեր էր հարուցել ու տարբեր անձանց նկատմամբ հետախուզում հայտարարել, եւ հոկտեմբերի 27-ին, «երջանիկ պատահականությամբ», բոլոր հետախուզվողները հայտնաբերվել ու ձերբակալվել էին։ Հետո «անակնկալ» պարզվել էր նաեւ, որ բոլոր հետախուզվող «զանգվածային անկարգները», դարձյալ «երջանիկ պատահականությամբ», արցախցիներ էին, որոնք հոկտեմբերի 27-ին ձերբակալվել էին, ապա՝ կալանավորվել։ Կալանավորված երիտասարդների թվում էին 16-ամյա Սամվել Միրզոյանը, Մխիթար Օհանջանյանը, Մանվել Պողոսյանը, Գոռ Հակոբյանը եւ այլք։

Սամվել Միրզոյանի պաշտպան Աբգար Պողոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում է առաջադրված մեղադրանքի քննությունը, եւ արդյոք իր պաշտպանյալը շարունակո՞ւմ է կալանքի տակ մնալ։ «Կալանքը չի երկարաձգվել, այդ 1 ամսով ավարտվել է։ Գործն արդեն ուղարկվել է դատարան, դատարանը փոխել է խափանման միջոցը, դրանից հետո այլեւս նիստ չենք ունեցել։ Գործը մակագրվել է դատավոր Նելլի Բաղդասարյանին, հենց նա էլ փոխել է խափանման միջոցը»,- ասաց փաստաբանը (Նելլի Բաղդասարյանը Շենգավիթի դատարանի դատավոր է, որպես դատավոր՝ նա պաշտոնավարում է 2011 թվականից, փաստաբանների շրջանում ունի բարձր վարկանիշ՝ Կ․ Ս․)։

Պողոսյանն ասաց նաեւ, որ նույն արարքի մեջ մեղադրվող եւս մեկ արցախցի պաշտպանյալ ունի՝ Արմեն Վերդիյանը, ում առաջադրված մեղադրանքի քննությունը մակագրվել է Աջափնյակ 1 դատարանի դատավոր Արամայիս Ասատրյանին։ Արամայիս Ասատրյանը, հիշեցնենք, քննում է «11-ի գործ» անունը ստացած դատական գործը, որի շրջանակներում որպես մեղադրյալ են անցնում մեծ մասամբ արցախցի երիտասարդներ, որոնք սեպտեմբերի 19-ին դուրս էին եկել փողոց՝ մասնակցելով կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած ակցիաներին։ «Արմենը եւս արցախցի է, նա բավականին ուշ էր իմացել, որ հետախուզման մեջ է, միասին ներկայացել էինք, դատավոր Չիչոյանը մերժել էր կալանքը, վարչական հսկողություն էր ընտրել, եւ այդպես էլ շարունակվել է»,- ասաց պաշտպանը։

Արցախցիներից մյուսի՝ Մխիթար Օհանջանյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբան Հովհաննես Խուդոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալն այս պահին շարունակում է գտնվել կալանքի տակ։ Օհանջանյանը, հիշեցնենք, կալանավորվել էր հոկտեմբերի 26-ին։ «Ինքը դեռ կալանքի տակ է, կալանքը վերաքննիչ ատյան էր բողոքարկվել իր նախորդ փաստաբանի կողմից, այսօր իմացա, որ անփոփոխ է թողնվել, հաջորդ նիստին էլի փորձելու եմ այդ հարցը բարձրացնել»,- ասաց Խուդոյանը։ Փաստաբանը նշեց, որ կալանքն անփոփոխ թողնելու որոշում է կայացրել Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Հովհաննիսյանը, ով միջնորդությունը գրավոր ընթացակարգով է քննել։ Խուդոյանն ասաց, որ Օհանջանյանին առաջադրված մեղադրանքն արդեն դատական քննության փուլում է, արդեն 3-րդ նիստն է տեղի ունեցել, գործը քննող դատավորն Արամայիս Ասատրյանն է։ Փաստաբանին հարցրինք՝ Օհանջանյանն իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում է հայտնել, Խուդոյանը պատասխանեց, որ այս պահին մեղադրանքը չի ընդունում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image