Արտահերթ խորհրդարանական ընտրություններից ավելի քան կես տարի անց ընդդիմադիր ակտիվությունը երկրում հանգած է, փողոցային շարժումը՝ մարած։ Ընդդիմությունը ոչ միայն վերջնարդյունքին՝ իշխանափոխությանը հասնելուն մոտ չէ, այլեւ անգամ որեւէ ընթացիկ արդյունք չի գրանցել, եթե, իհարկե, արտահերթի շնորհիվ մի քանի տասնյակ մանդատ ստանալը չհամարենք այդպիսին։ Մեկ տարի առաջ, երբ Փաշինյանն ինքն ասպարեզ բերեց արտահերթ ընտրությունների օրակարգը, ընդդիմության շարքերում տարակարծություններ կային, եւ առավել արմատական շերտը համոզված պնդում էր, որ պետք է վիժեցնել Փաշինյանի կազմակերպմամբ ընտրությունները կամ առնվազն բոյկոտել դրանք։ Չստացվեց։
Վճռական գործողությունն այդպես էլ չարվեց ո՛չ պարտությանը հետեւած մի քանի շաբաթվա ընթացքում, երբ երկրում անիշխանություն էր, ո՛չ էլ ԶՈՒ ԳՇ հայտարարության օրերին։ Ցավոք, արտահերթին հաջորդած ներքաղաքական կոնֆիգուրացիան ընդդիմության շարքերում տրամաբանական քաոս է առաջացրել, եւ դժվար է հասկանալ՝ ինչպե՞ս միջնաժամկետ պայքար մղել իշխանափոխության օրակարգով։ Իրողությունն այն է, որ բացի իշխանականից՝ ընդդիմադիր ընտրազանգվածը եւս հիասթափված ու ընկճված է, ուշքի չի գալիս ծանրագույն պարտությունից եւ ամենօրյա անպատվություններից։ Անբարենպաստ եղանակից մինչեւ համավարակի դեմ պայքար, սոցիալ-տնտեսական վատթար կացությունից մինչեւ մարդկանց ներքին վախեր ու զգուշավորություն՝ ընդդիմությունը գտնում է մարդկանց փողոց չհանելու եւ ընդվզման շարժում չսկսելու ամենաանհեթեթ պատճառաբանություններն անգամ։
Զգալիորեն նվազել է նաեւ իշխանասեր հանրույթի ագրեսիվությունը։ Փաշինյանին բացեիբաց համակրողներ, նրա հրապարակային պաշտպանությունն ստանձնողներ, այդ թեմայով մյուսների հետ բանակռվի բռնվողներ կարծես թե այլեւս չկան։ Գուցե նրանք դժվարությամբ են առերեսվում սեփական սխալի հետ՝ գիտակցելով, որ այս ամբողջ ընթացքում պետական դավաճանության, երկրի հանձնման եւ բազմաթիվ այլ հանցանքների ակամա մեղսակից են։
Իշխանախումբը եւ անձամբ Փաշինյանը եւս չունեն անգամ մի քանի ամիս առաջվա ոգեւորությունն ու նախաձեռնողականությունը, թերեւս ընդամենը պատրանք են ստեղծում, թե տիրապետում են իրավիճակին, կառավարումն էլ հուսալի ձեռքերում է։ Փաստացի այսօր բացակայում են ե՛ւ պետությունը, ե՛ւ այն կառավարող իշխանությունը։ Փաշինյանի անխոչընդոտ վերարտադրման իրականացումից հետո, թվում է, նրան հեռացնելու որեւէ տարբերակ չկա, մինչդեռ ամեն ինչ կախված է ընդդիմադիր վերնախավի հեռահար ծրագրման ունակությունից եւ, որ ավելի կարեւոր է, իրական ցանկությունից՝ ազատվելու այս իշխանությունից։
Ցավալի է, բայց որքան էլ հաջորդ իշխանությունը ներքին կյանքը հավասարակշռող եւ համերաշխություն բերող լինի, ամեն դեպքում պետք է արդար դատաքննությամբ պարզի պատերազմի բոլոր կասկածելի դրվագները՝ հանցավոր անգործությունից մինչեւ պետական դավաճանություն, եռակողմ հայտարարության ստորագրման հանգամանքներից մինչեւ հետպատերազմյան օրերին սահմանադրական կարգի բազմակի տապալումներ, եւ մեղավորները պետք է կրեն արժանի պատիժը՝ առանց ներման իրավունքի։ Եթե ընդդիմությունը պնդում է, որ մենք ոչ միայն պատերազմին նախապատրաստված չէինք, այլեւ 44 օրվա ընթացքում արվեց հնարավորը, որ արձանագրվի կազմակերպված պարտություն, դա պետք է արտացոլվի կոնկրետ քրեական գործերում՝ մեղադրյալների ազատազրկմամբ։
Ի վերջո, իշխանափոխությունից հետո անհրաժեշտ է ամենաբարձր մակարդակով՝ խորհրդարանի հայտարարությամբ, անդրադառնալ Արցախի օտարման, կորսված տարածքների, հազարավոր զոհերի եւ վիրավորների, հարյուրավոր անհետ կորածների եւ գերիների եւ մյուս կարեւորագույն հիմնահարցերին՝ արձանագրելով մի կողմից փաշինյանական իշխանախմբի դավադրության կամ ապիկար կառավարման ձեռագիրը, մյուս կողմից՝ Ադրբեջանին եւ միջազգային հանրությանն ուղերձ հղելով մեր անօտարելի իրավունքների պահանջատիրության հարցում։
Դավիթ Սարգսյան