Վերլուծություն

Սեղանի հետեւում 3 գլուխ՝ Կոնջորյան, Ռուբինյան, Ալեքսանյան

Սեղանի հետեւում 3 գլուխ՝ Կոնջորյան, Ռուբինյան, Ալեքսանյան

Թերթում կարդացի, որ Ալեն Սիմոնյանի կողմնակիցները ճամպրուկներն են հավաքում, որպեսզի տեղ բացվի Ռուբեն Ռուբինյանի կողմնակիցների համար: Ինչ ասեմ, ճամպրուկներ հավաքելը լավագույն զբաղմունքը չէ, եթե չես պատրաստվում նոր բնակարան տեղափոխվել կամ բնակության մեկնել շատ ավելի լավ երկիր, քան քո իսկ ձեռքով կործանման եզրին հասցված երկիրն է: Թե ուր են պատրաստվում գնալ Ալեն Սիմոնյանի կողմնակիցները, ոչ ոք չգիտի: Ինձ թվում է, որ նրանք ուղղակի արժանացել են Նիկոլ Փաշինյանի բոլոր այն կողմնակիցների ճակատագրին, որոնց նա մինչեւ վերջ օգտագործում, ապա, օրվա կուրսով պայմանավորված, դեն է նետում որպես անպետք իր:
Հարցին կարող ենք նաեւ այս տեսանկյունից մոտենալ: Նիկոլ Փաշինյանը կամ, ինչպես Ալեն Սիմոնյանն է ասում, ՔՊ վարչությունը կփոխե՞ր ԱԺ նախագահին, եթե ՔՊ-ն ԱԺ-ում ստացած լիներ այն մեծամասնությունը, որի մասին երազում էր հունիսի 7-ին: Չեմ կարծում: Քաղաքականության մեջ կա մի անխախտ սկզբունք՝ «մի բզբզիր»: Բժշկական լեզվով սա նշանակում է՝ «մի վնասիր»: Ալեն Սիմոնյանը, լավից-վատից, հարմարվել էր ԱԺ նախագահի աթոռին, իր շուրջը որոշակի աուրա էր ստեղծել, որից օգտվելով էլ՝ Փաշինյանը համարձակվում էր գալ ԱԺ հարցուպատասխանների: Ի՞նչ կլինի Ալենից հետո, մանավանդ՝ երբ քաղաքական մեծամասնության դիրքերն էլ այսպես խարխլվել են, դժվար է գուշակել: Ռուբեն Ռուբինյանն ԱԺ-ն ղեկավարող ա՜, սեղան նստող ա՜, կենաց ասող ա՜… Եվ կամ ռուսները, որոնց հետ Փաշինյանը փորձում է սիլի-բիլի անել հետընտրական այս փուլում… Ռուսները չե՞ն ասի՝ այ Նիկոլ Վավաեւիչ, մեր Ալենին տարել, էս ո՞ւմ ես բերել… Այդ Ռուբեն Ռուբինյանը, ախր, այնքան անբռնազբոս թրքամետ է… Համարյա՝ Քըլըչ-կրտսեր, մենք նրա հետ ինչպե՞ս ենք հարաբերվելու, դուք ինչպե՞ս եք պատկերացնում Ռուբինյան-Մատվիենկո հանդիպումները…

Իսկ այժմ մի պահ պատկերացրեք ԱԺ նախագահության «պոդիումը», որտեղ բարձր սեղանի հետեւից երեւում է երեք գլուխ հետեւյալ հերթականությամբ՝ Կոնջորյան, Ռուբինյան, Ալեքսանյան… Հակահայկականության կատարյալ հավաքածու՝ Հայաստանի Հանրապետության ծռտի քարտեզի ֆոնին: Ճիշտ կլինի ասել՝ սեղանի վրա դրված անօդաչու թռչող սարքեր, որոնք պատրաստ են Նիկոլի հրահանգով թռնել ում դեմքին ասես, ինչ այլանդակ բառապաշարով ասես, ինչ «մարտավարությամբ» ասես: Վահագն Ալեքսանյանը, օրինակ, կարող է անգամ նախագահության սեղանի հետեւից քացի գցել, իսկ Կոնջորյանին ոչինչ չի խանգարում փոխնախագահի աթոռից շատ ավելի հաճախ ու ավելի խոր լկտիանալ, քան սովորական պատգամավորի աթոռից էր անում դա: Ռուբինյանն ի՞նչ պետք է սովորի նրանցից… Ժողովուրդն ասում է՝ ձին ձիու կողքը կապես՝ կա՛մ կծել կսովորի, կա՛մ քացի գցել: Սրան ավելացրեք նաեւ Քըլըչից սովորածները, ու պատկերը լրիվ կամբողջանա:

Ինչպե՞ս կընդունի ընդդիմությունն այս փոփոխությունը, եթե ՍԴ-ն այսօր այնպիսի որոշում չկայացնի, որից պարզվի, որ Նիկոլը շտապել է ԱԺ նոր նշանակումների հարցում: Այո, ընդդիմադիրները կվերցնեն մանդատները, այո, կգան խորհրդարան եւ… Եվ կինոն հենց այդտեղ էլ կսկսվի: Մի բան է ամեն առիթով անվտանգության ուժեր հրավիրող Ալեն Սիմոնյանի հետ գործ ունենալ, մեկ այլ բան՝ «բեսպրեդելշչիկների» նոր եռյակի: Ես չեմ բացառում, որ անվտանգության ուժեր հրավիրելու հերթը հասնի ընդդիմությանը, որպեսզի ԱԺ դահլիճում մարդակերության դեպքեր չգրանցվեն: Ի՞նչ իմանաս, Նիկոլը գուցե հենց այս տրամաբանության մե՞ջ է Ռուբինյանին, Կոնջորյանին եւ մանավանդ Ալեքսանյանին տեղավորել ԱԺ նախագահության պոդիումի վրա:

Այսօր նշանավոր օր է մեր երկրի նոր անկախության պատմության մեջ: ՍԴ-ն պետք է հրապարակի մի վճիռ, որով կորոշվի, թե ինչպես ենք ապրելու առաջիկա 5 տարիներին՝ Նիկոլի՞ հետ, թե՞ առանց Նիկոլի: Եթե պարզվի, որ ՍԴ-ն խոտանել է Նիկոլ Փաշինյանի եւ Վահագն Հովակիմյանի «կազմակերպած ընտրությունները», իսկ դա այսօր ամենանորմալ վերդիկտն է, որ կարող է կայացնել, ապա կպարզվի, որ Ալեն Սիմոնյանը ճիշտ ժամանակին է թռել՝ չսպասելով, որ Նիկոլն ու ՔՊ-ն փլվեն իր գլխին: Նման հեռատեսության համար ես սիրով կշնորհավորեի Ալեն Սիմոնյանին, եթե նա 8 երկարուձիգ տարիներ Նիկոլի աջ ձեռքն ու ականջը եղած չլիներ եւ նրա հետ հավասար չկիսեր Արցախի ու Հայաստանի հետ կապված այս «մեծ էշության» ողջ պատասխանատվությունը: Մինչդեռ, ես ընդամենը կարծում եմ, որ Ալենն այս քայլով փոքր-ինչ թեթեւացրեց իր վիճակը եւ ապահովագրեց իրեն Փաշինյանի հետ նույն դատավճռին արժանանալուց: Նկատի ունենանք նաեւ, որ ՍԴ-ն իր վերդիկտով կարող է Փաշինյանին թույլ տա՝ ավարտին հասցնելու Հայաստանի կործանումը: Այդ վճիռը, սակայն, չի փոխում իրավիճակը: Փաշինյանը, միեւնույն է, շուտով հեռացվելու է, իսկ Ալեն Սիմոնյանն այդ ժամանակ արդեն բավականին հեռու կլինի:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image