Երեկ ՀՀ գլխավոր դատախազության շենքում իրարանցում էր։ Սեւազգեստ մայրերը մուտքի առջեւ պահանջում էին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ հանդիպում, սակայն շենքում ծառայություն իրականացնող ոստիկանները թույլ չէին տալիս ծնողներին ներս մտնել։ Սեւազգեստ մայրերի հույսն արդեն մարել է, չգիտեն էլ ում դիմեն, Աննա Վարդապետյանը, ով, ըստ մայրերի, ամբողջությամբ ընդունել է, որ իրենց որդիները ծառայության ժամանակ սպանվել են, մատը մատին չի տալիս՝ մեղավորներին պատժելու համար։
«Իմ տղային՝ Վալերիկ Մուրադյանին սպանել են 2015թ․ մարտի 15-ին Արցախի Ստեփանակերտ քաղաքի «Հայկազով» զորամասում։ Սա այն տարածքն է, որ հիմա Փաշինյանն ասում է՝ Ադրբեջան է․ «Արցախը Ադրբեջան ա»։ Ես հարց եմ տալիս՝ եթե այդպես է, իմ երեխան ի՞նչ գործ ուներ Ադրբեջանում»,-ասաց զոհվածի մայրը։
Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը պատմեց, որ որդին մահացել է 2010 թ․ դեկտեմբերի 17-ին, ծառայել է Հադրութում, վերջին անգամ մոր հետ խոսել է դեկտեմբերի 14-ի երեկոյան․ «Ասաց՝ մամ, մեր հրամանատար Մարտին Ջհանգիրյանը հրաման է տվել բոլորին, որ թուրքերի հետ նարկոտիկի առ ու վաճառք անենք։ Վերջին խոսակցությունն է եղել իմ որդու հետ»,-ասաց տիկին Ղազարյանը։
Ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանը մահացել է 2007թ. օգոստոսի 30-ին Վարդենիսի Կարճաղբյուրի զորամասում: Պաշտոնական վարկածով` Տիգրան Օհանջանյանը հպվել է ալեհավաքի ամրալարերին ու հոսանքահարվել: Դատարանը, հիմք ընդունելով այս վարկածը, 2009 թ․ գործը փակել է։ Զինվորի մայրը պնդում է, որ որդուն սպանել են, որդու մահվան մեջ մեղավոր է սպայական անձնակազմը:
«Իմ որդուն 2007թ․ օգոստոսի 30-ին սպանել են Վարդենիսի Կարճաղբյուր զորամասում։ Տիկին Վարդապետյանը՝ ուսումնասիրելով 22 հատոր քրեական գործը, 150 էջանոց ապացույց տվեց, դրան ավելացրեց ԱԺ-ում իր ելույթը` առ այն, որ մեր երեխաների գործերը միանշանակ սպանություն են, եւ պետք է վերավորակվեն։ 150 էջանոց ապացույցը տվել ես իմ ձեռքը, ասում ես՝ քո էրեխեն չի էլեկտրահարվել, սպանություն է, էսօր հանգիստ նստել ես քո աթոռին ու չես ուզում մեզ ընդունել։ 17 տարի ես արդարություն եմ պահանջում փողոցներում, ումի՞ց։ Չորս գլխավոր դատախազ ենք փոխել, ինքն ավելի գրագե՞տ է Աղվան Հովսեփյանից, Արթուր Դավթյանից, Գեւորգ Կոստանյանից, հա՞, որ մեզ խաբում է, թե չի կարող գործով զբաղվել, քանի որ շահերի բախում կա»,-ասաց նա։
Սեւազգեստ մայրերի խոսքով՝ երբ 2018թ․-ին Նիկոլ Փաշինյանը ընդունել է, խոստացել է հանձնաժողով ստեղծել եւ վերստին ուսումնասիրել քրեական գործերը։ 6 իրավաբաններով ստեղծվել է հանձնաժողով՝ 3 իրավաբանը կառավարությունից, 3 փաստաբան ծնողների կողմից։ Խմբի ղեկավար է նշանակվել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Մայրերի խոսքով՝ քրեական գործերը մանրակրկիտ ուսումնասիրվել է 5 քրեական գործ, ծնողները գոհ են եղել, սակայն հետո իրավիճակը փոխվել է, երբ Վարդապետյանը դարձել է գլխավոր դատախազ։
«Աննա Վարդապետյանը Փաշինյանին ներկայացրեց, որ 5 քրեական գործերը սպանություններ են։ Մեզ ասաց՝ մեկ ամիս ժամանակ տվեք, երբ դատախազի պաշտոնս ստանձնեմ՝ քրեական գործերը վերաորակում կտամ եւ հոդվածները կփոխեմ։ Արդեն 2 տարի է` գլխավոր դատախազ է, մեզ չի ընդունում։ 3 գրավոր դիմում ունենք, բազմիցս եկել ենք Դատախազության առջեւ, չի ընդունում»,-ասաց մայրերից մեկը։
Մանրամասն՝ տեսանյութում