Հարցազրույց

«Հրապարակ». Չեն կարողանալու սրա տակից դուրս գալ

«Հրապարակ». Չեն կարողանալու սրա տակից դուրս գալ

Չնայած լուրեր կային, որ աշնանը Վանաձորում եւս կարող են ընտրություններ կայանալ, քանի որ 4 տարի շարունակ համայնքը ղեկավարում է ԺՊ-ն՝ Արկադի Փելեշյանը, բայց կարծես թե իշխանությունը փոշմանել է՝ վախենալով Գյումրիի կրկնությունից: Մենք զրուցել ենք Մամիկոն Ասլանյանի հետ:

- Ի՞նչ քաղաքական զարգացումներ են սպասվում Վանաձորում, մեկ տարի անց համայնքապետի ընտրություն է լինելու, մտադի՞ր եք մասնակցել։ 

- Այս իշխանության գործելաոճի մեջ իրավական, քաղաքական տրամաբանություն երբեւէ չեմ տեսել, ուստի կդժվարանամ իրենց որոշումները տրամաբանության շրջանակում մեկնաբանել։ Իրենք ասում են՝ Վանաձորը խոշորացված համայնք է, սակայն քաղաքն իրավական առումով չի խոշորացվել, բյուջեի հաստատում չի եղել, հետեւաբար՝ նրանք Վանաձորում տապալել են սահմանադրական կարգը արդեն 4 տարի։ Վարչական դատարանում ընտրական վեճերը պետք է քննվեին 5-օրյա ժամկետում, սակայն 4 տարի է՝ շարունակվում են։ Իմ անձի նկատմամբ այնպիսի քրեաիրավական խախտումներ են արել, որ ես չգիտեմ՝ ժամանակի ընթացքում ով ինչ կարգի իրավական պատասխան պիտի տա։ Որպեսզի ես չմասնակցեմ ընտրություններին, սկսեցին քրեաիրավական ճնշումները։ Սակայն ես իմ պայքարը չեմ դադարեցնելու, մասնակցելու եմ ընտրություններին։ Նրանք ինձ դրել են այնպիսի վիճակի մեջ, որ իմ կողմից չպայքարելը կլինի ընդունել իրենց բռնաճնշումները, ասպատակությունները, արշավները, որոնք կիրառվել են իմ եւ Վանաձորի ավագանու նկատմամբ։

- Սամվել Կարապետյանին երեկ «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան, ինչո՞ւ են մեկուսացնում Կարապետյանին, եւ արդյո՞ք Փաշինյանը վախենում է նրանից։ 

- Այս իշխանության գործողությունները տրամաբանության մեջ չեն տեղավորվում։ Նրանց կարած գործերն այնքան ծիծաղելի են, որ նույնիսկ իրենք չեն կարողանում ադեկվատ գնահատական տալ։ Մարդուն կալանավորել են մի հարցազրույցի համար, այնպիսի մարդու, որը հայապահպանության գործում դերակատարում ունի, բարեգործ է, բիզնեսմեն, որը Հայաստանում չի հարստացել, եւ նրան չեն կարող թալանչու պիտակ կպցնել։ Չեն կարողանալու սրա տակից դուրս գալ։ 

- Վանաձորի նախկին համայնքապետ Սամվել Դարբինյանին եւ նրա եղբորն են ձերբակալել, դատարանը տնային կալանք է սահմանել։ Այս փուլում տարբեր համայնքապետերի նկատմամբ քրեական գործեր են հարուցվում, ո՞րն է նպատակը, ի՞նչ է կատարվում։

- Մեր երկրում, վերջին 6-7 տարում այդ պրոցեսներն այնքան ոչ արդյունավետ դաշտում են կատարվում, որ իրավաբանությունն այստեղ պետք է լռի։ 2017-ի ինչ-որ գործի շրջանակում են Դարբինյանին ձերբակալել, նոր են հիշել, որ այդ գործը վերակենդանացման նախադրյալներ ունի։ Ես կարող եմ ենթադրել, որ թերեւս Դարբինյաններն էլ Կարապետյանի նկատմամբ որոշակի վերաբերմունք ունեն եւ հենց այս համատեքստում են ձերբակալվել։

- Ստացվում է, որ նախ Կարապետյանի հետեւից գնացին, հիմա էլ Կարապետյանին աջակցողների հետեւից են գնում։

- Ում վրա կարող են քրեաիրավական գործիքակազմ կիրառել, փորձում են։ 

- Այս կալանավորումները կարո՞ղ են կոտրել պայքարողներին, Դուք այդ մարդկանցից եք` կալանավորվել եք, 2․5 տարի նստել եք, անցել եք դժվարությունների միջով, Ձեզ կարողացե՞լ են կոտրել։ 

- Ես կոտրվող տեսակ չեմ, ինչի՞ց կոտրվեմ։ Եթե ես այդ քրեական գործերի հետ որեւէ կապ ունենայի, կընդունեի, երբեք չեմ ամաչում ներողություն խնդրելուց։ Բայց ես նաեւ շատ հետեւողական եմ, երբ խախտվում են իմ անձնական եւ քաղաքացիական իրավունքները, անբարոյականություն է իմ նկատմամբ քրեաիրավական գործիքակազմ գործադրելը։ Առանց պայքար` հաջողություն չի լինում, այն անձինք, ովքեր մտածում են, թե առանց պայքարի կարող են հաջողություն ունենալ, սխալվում են։ Պիտի պայքարել, գտնել պայքարի եղանակներ, որպեսզի մեր երկիրը կարողանանք դնել տրամաբանական ռելսերի վրա։

Մանրամասն՝ տեսանյութում
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image