Երեկ հաստատվեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային դելիմիտացիայի, դեմարկացիայի փաստաթուղթ կա շրջանառության մեջ։
Կապիտուլյացիայի համահեղինակ, իմքայլական վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կառավարության նիստին երեկ հայտարարեց, որ այն ստորագրելու է։
Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, պատգամավոր Արման Աբովյանի հետ։
- Պարո՛ն Աբովյան, ի՞նչ վերաբերմունք ունեք սահմանների դեմարկացիայի, դելիմիտացիայի փաստաթղթի վերաբերյալ, որն իշխանությունը պատրաստվում է ստորագրել։
- Այդ փաստաթուղը, որը իշխանությունները փաստացի հաստատեցին, որ պատրաստ են ստորագրել, իհարկե պայթյունի էֆեկտ տվեց։ Որովհետև այն ընդհանրապես չի բխում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շահերից։ Դրա մասին բազմաթիվ անգամ ընդգծել ենք։ Եվ իշխանություններն այսօր անում են ամեն ինչ, որ արդարացնեն իրենց քայլը, որին, ըստ էության, գնացին շանտաժի ներքո։ Ի՞նչ է ստացվել։ Ադրբեջանն իր զորքերը մտցրել է ՀՀ տարածք ու շանտաժի է ենթարկում իշխանություններին։ Եվ իշխանությունները, ըստ էության, այդ շանտաժին ենթարկվում են։ Սա առաջին։ Եվ փորձերը դա ներկայացնել որպես ձեռքբերում կամ որպես լավ գործընթաց, որ պետք է Հայաստանին և Արցախին ինչ-որ օգուտներ բերի, այնքան անիրականալի են, այնքան անհեթեթ են, որ նույնիսկ քննարկելու առարկա չեն։ Այսօր այս փաստաթուղթը թուրք-ադրբեջանցիների հետ ոչ միայն ստորագրման, նույնիսկ քննարկման առարկա չպետք է դառնա։ Շատ պարզ պատճառով, մենք այսօր չունենք և չենք ունենա հստակ հարցերի պատասխան։ Առաջինը, պատրաստվո՞ւմ է արդյոք առայժմ ներկայիս իշխանությունը այս կամ այն պատրվակով հանձնել ադրբեջանցիներին հայկական գյուղերը և բնակավայրերը։ Պարզ հարց, թող դուրս գան ու ասեն, որ «ոչ մի գյուղ չի հանձնվում», օրինակ։
- Դուք չե՞ք տեսել այդ փաստաթուղթը, կամ ձեզ ցույց չե՞ն տվել իշխանությունները։
- Ո՛չ, դուք գիտեք, այդ փաստաթուղթը հայտնվել էր համացանցում, և իշխանությունները հաստատեցին, որ այն իրական է։
- Պարո՛ն Աբովյան, այսինքն՝ դուք տեսել եք այն, ինչ համացանցում է հայտնվել, իրականում, իշխանությունները թաքցնո՞ւմ են ամբողջական տարբերակը։
- Ես չգիտեմ՝ ամբողջական տարբերակը թաքցնում են, թե ոչ, բայց պետք է հստակ ֆիքսենք մի բան։ Որ եթե այս աղմուկը չլիներ, իշխանությունները, փաստացի, դե ֆակտո ֆիքսենք, ոչ՛ խոսում էին, ո՛չ բան էին ասում դրա մասին։ Անվանում են դա «աշխատանքային փաստաթուղթ»։ Ի՞նչ կապ ունի՝ աշխատանքային փաստաթուղթ է, ինչ ուզում է, լինի։ Այնտեղ հստակ գրված է, որ ստեղծվում է հանձնաժողով, որը պետք է դելիմիտացիա, դեմարկացիա անի այն պարագայում, երբ որ փաստացի Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի մեր երկրի հանդեպ։ Եվ փաստացի ինքն Արցախի խնդիրը չի դիտարկում ոչ մի խելամիտ և ոչ մի արդար, և ինչու ոչ, նորմալ ինչ-որ դիրքերից։ Իշխանությունները պարզապես իրենք իրենցով ինչ-որ բաներ են որոշում։ Եվ երբ որ հանդիպում են ճշմարտությանը, սկսում են այս կամ այլ կերպ փորձել արդարանալ, ներկայացնել սևը սպիտակ։ Գիտե՞ք, զավեշտալի է ուղղակի։ Անընդունելի են, անընդունելի են այդ կարգի ինչ-որ պայմանավորվածությունները կամ փաստաթուղթ ստորագրելը։ Ուղղակի անընդունելի են։ Դա բերում է, մոտիկացնում է պատերազմը, ախր։ Երբ որ իրենք ասում են․ «Դե, գիտե՞ք, որ պատերազմ չլինի», մի հատ տրամաբանեք։ Այս ամեն ինչը պարզապես առավելություն է տալիս թուրք-ադրբեջանցիներին իրենց մշտական սպառանալիքների և պատերազմը վերսկսելու ֆոնի վրա։
- Ի՞նչ ճանապարհներով եք հնարավոր համարում, որ Փաշինյանը չստորագրի այդ փաստաթուղթը, և Հայաստանն ավելի լուրջ խնդիրների առջև չկանգնի։
- Միայն և միայն հանրային ճնշում։ Միայն և միայն։ Հանրային ճնշումը միակ գործիքն է, որն այս պարագայում կարող է աշխատել։ Շատ պարզ պատճառով, իշխանությունների համար, եթե Դուք նկատել եք, միևնույն է դասական առումով քաղաքական դաշտի արձագանքը։ Միևնույն է, որովհետև իրենք ունեն մեծամասնություն Ազգային ժողովում, իրենք այսօր առայժմ իշխանություն են։ Եվ կոպիտ ասած, իրենց համար միևնույն է։
- Իսկ այդ փաստաթուղթը, ըստ Ձեզ, կարո՞ղ է ենթադրել Ադրբեջանի ճնշմամբ իր տարածքային ամբողջականության ճանաչում՝ ներառելով Արցախը։
- Այո՛, այո՛։ Կներեք, իսկ ինչի՞ պիտի ենթադրենք, երբ որ իրենք բացահայտ դա հայտարարում են։ Բացահայտ հայտարարում են։ Եվ իշխանությունները կարող են ասել․ «այդպես չէ»։ Բայց եկեք խոսքերին չնայենք, եկեք գործողությունների համակարգին նայենք։ Եթե օրինակ, Աստված ոչ անի, իրենք գնում են դելիմիտացիայի, հայ-արցախյան սահմանն ինչպե՞ս են դիտարկելու, ինչի՞ մասին է խոսքը գնում։ Ըստ տրամաբանության և ըստ բոլոր շարժառիթների՝ իերնք պիտի ընդունեն, որ դա Ադրբեջանի սահման է։ Ախր, այնքան ակնհայտ են վտանգները, որ նույնիսկ քննարկելու առարկա չեն։ Եվ նորից կրկնեմ, թող չփորձվի ոչ ոք համոզել, որ (կներեք պետք է համեմատություն անեմ) «մածունը սև է»։ Ամեն ինչ շատ պարզ և ակնհայտ է։ Եթե չեն կարողանում լուծել խնդիրը, թող ելնեն-ասեն․ «Չենք կարողանում լուծել»։
- Գագիկ Ծառուկյանը Ռուսաստան է այցելել։ Ի՞նչ քննարկումներ են եղել։
- Շատ արդյունավետ այց էր։ Բազմաթիվ հանդիպումներ են եղել Ռուսաստանում բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Եվ, այո, մեզ համար միշտ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները եղել են առաջնային՝ միջազգային մեր օրակարգում, կան և կմնան։
- Ծառուկյանը քննարկե՞լ է ադրբեջանական ներխուժումը, հայ-ադրբեջանական լարումները, ի՞նչ դիրքորոշում են հայտնել ռուս պաշտոնյաները։
- Ես առայժմ զերծ կմնամ ավելի մանրամասն տեղեկություն հայտնելուց, քանզի այս պահին մանրամասներին չեմ տիրապետում։ Ես պատվիրակության անդամ չէի, սակայն կարող եմ ասել մեր ժողովրդին հուզող հարցերն իհարկե քննարկվել են։ Եվ ես մեկ վայրկյան չեմ կասկածում, որ շատ արդյունավետ քննարկումներ են եղել։