Մալթայում ընթացող փոքր երկրների «Եվրոյի» բասկետբոլի մրցաշարի մասին մենք մի քանի հրապարակում ենք ունեցել, օրինակ՝ ինչպես են ադրբեջանցիները հաթաթա տվել մինչև մրցաշարը, կամ ինչպես է ադրբեջանական թիմի ղեկավարը ներողություն խնդրել դրա համար: Բայց պարզվում է՝ Մալթայում հետաքրքիր զարգացումներ են եղել: Հայաստանին հաջողվել է 2 խաղում հաղթանակ տանել և կիսաեզրափակիչ դուրս գալ, իսկ ադրբեջանցիները 2 խաղ պարտվել են:
Ինչպես մեզ ասացին, 3-րդ խաղն էլ հատուկ են պարտվել, որ Հայաստանի հավաքականի հետ ստիպված չլինեն խաղալ, ամենաուժեղ խաղացողներին չեն հանել դաշտ, խաղի վերջում էլ կռվել են Մալթայի թիմի հետ, կռիվը սկզբում սկսվել է Ադրբեջանի և հյուրընկալող Մալթայի մարզիկների միջև, հետո արդեն՝ երկրպագուների: Այսինքն՝ նախընտրել են պարտվել թույլ թիմին, որպեսզի հետո հայերի հետ եզրափակիչ դուրս չգան ու, Աստված մի արասցե, չպարտվեն: Քանի որ Հայաստանի հավաքականն ակնհայտ ֆավորիտ էր, մինչև կիսաեզրափակիչը հաղթել էր բոլոր խաղերը, մեր հաղթանակն անխուսափելի էր։
Մեր տղաներին հաջողվել է հաղթանակ տանել վերջին խաղում և նվաճել Փոքր երկրների առաջնությունում բասկետբոլի չեմպիոնի տիտղոսը:
Վերջին շրջանում սպորտի աշխարհից նման լուրերը եզակի չեն: Մի քանի օր առաջ էլ 3-րդ տեղը նվաճած ադրբեջանցի մարզիկը, Հայաստանի օրհներգի ժամանակ, իջավ պատվո հարթակից, ինչի հետևանքով կորցրեց մեդալը: Ստացվում է, որ իրենք պատրաստ են պարտվել ում ասես, բայց Հայաստանին չպարտվել: Մի՞թե սա է հաղթողի մեծահոգությունը կամ խաղաղության դարաշրջանի մեկնարկը: