Սեպտեմբերի 1-ից բոլոր հանրակրթական հաստատությունները, մասնավորապես` դպրոցները, որոնք աշխատում էին մարզային ենթակայությամբ, սկսելու են աշխատել ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ։ «Հրապարակը» փորձեց որոշ պարզաբանումներ ստանալ այս գործընթացին առնչվող անձանցից։ Մենք խոսեցինք Տավուշի սահմանամերձ Ոսկեպարի միջնակարգ դպրոցի տնօրեն Հարություն Ալավերդյանի հետ։ Ալավերդյանի կարծիքով՝ ճիշտ կլինի, եթե կա՛մ այն լինի, կա՛մ՝ այն։ «Ուսումնական մասով զբաղվում է նախարարությունը, իսկ ֆինանսականը մնում է մարզպետարանին։ Միշտ էլ նախարարությունը ցուցումներ տվել է։ Եթե կարիք է լինում, զանգահարում ենք կրթության վարչություն, շատ սիրով լսում են։ Եթե անհրաժեշտ է լինում, նույնը՝ մարզպետարանը»,- ասաց նա։ Հարցին, թե արդյոք կրթության նախարարությունն ավելի՞ արագ կլուծի ընթացիկ հարցերը, քան մարզպետարանը, Ալավերդյանը պատասխանեց․ «Դանդաղի կամ արագի հարց այստեղ չկա։ Ֆինանսական խնդիր չէ, որ ուշացնեն։ Միշտ էլ իրավունք ունենք դիմելու թե՛ նախարարությանը, թե՛ մարզպետարանին։ Հիմա եթե մարզպետարանը չլինի, ստիպված պետք է դիմենք այնտեղ։ Այդքան էլ լուրջ հարց չէ»։ Իսկ դիտարկմանը, թե շտապ խնդիրների դեպքում Երեւան հասնելը կարող է դժվարություններ առաջացնել, պատասխանեց․ «Կրթական հարցերով կարող ենք դիմել նաեւ օնլայն տարբերակով»։ Ալավերդյանի խոսքով, ֆինանսական հաշվետվությունները ներկայացվում են մարզպետարան, եւ այս փոփոխությունը, ըստ նրա, այդքան էլ լուրջ խնդիրներ չի առաջացնելու։
Կապ հաստատեցինք կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ։ «Դպրոցներն արդեն հարմարվել էին այն իրավիճակի հետ, որ գործ էին ունենում մարզպետի, մարզպետի աշխատակազմի հետ եւ կարծես լեզու էին գտել։ Նոր իրավիճակ է ստեղծվել, եւ այս նոր իրավիճակը դժգոհություններ է առաջացրել, այնպես չէ, որ նախարարության մոտ էլ ամեն ինչ հստակ է եւ հեշտ հասկանալի։ Պետք է կարողանան կառավարել մեկ կետից, ո՛չ այդքան մարդ ունեն, ո՛չ այդքան մասնագետ ունեն, ո՛չ այդքան նախարարության աշխատակից ունեն, ինչպե՞ս են անելու՝ անհասկանալի է։ Եվ հատկապես այն դպրոցները, որ աչքից հեռու են, նրանց մոտ հաստատ կրթության որակը գնալով անկում է ապրելու։ Չեն հասցնի մյուս տարվանից 1400 դպրոցով զբաղվելու, որովհետեւ մյուս տարվանից Երեւանի դպրոցները նույնպես անցնելու են նախարարության հսկողության ներքո։ Առանց պատրաստելու, էլի հերթական փոփոխությունն են անում»։
«Նախարարությունը պետք է ընդհանուր մոտեցում ցույց տա բոլոր դպրոցներին։ Յուրահատկությունը կկորցնի՝ ոնց որ բոլորին նույնկերպ նայեն»,- ասում է Մխիթարյանը։ Այս ամենը բերելու է նրան, որ շատ դպրոցներ մնալու են ուշադրությունից դուրս։ Մարզից Երեւան հասնելու դժվարությունների մասով էլ Ատոմ Մխիթարյանը նշում է․ «Ամենակարեւոր մասն է՝ իրենք ասում են, որ գալ-գնալու կարիք չի լինելու, բայց մենք Երեւանում ենք ապրում։ Ամեն փոքր հարցով փորձելու են նախարարությունում այդ հարցի լուծումը գտնել, իսկ նախարարությունն ունիվերսալ չի, չի կարող բոլոր հարցերին պատասխանել․․․ Հարցերի կուտակում է լինելու, դժգոհությունների առիթ, վատ հետեւանքներ կրթության համար»։ Մարզպետարաններին թողել են դպրոցների վարչատնտեսական հարցերով զբաղվելը, եւ դա լրացուցիչ կոնֆլիկտ է առաջացնելու։
«Մեկ բառով ասեմ՝ շիլաշփոթ է ստեղծվելու, չեն հասկանալու՝ ով ինչի համար է պատասխանատու, եւ, ի վերջո, կա՛մ ամեն մեկն անելու է այն, ինչ իր ցանկությունն է, կա՛մ ոչ ոք ոչինչ չի անելու, եւ բարձիթողի վիճակ է ստեղծվելու ամբողջ կրթության համակարգում»,- ընդգծում է Մխիթարյանը։
Շուշան Սարիկյան