Առինջում քնեցված մայր առյուծը չարթնացավ։ Անընդհատ սպասում էի, որ Փաշինյանը կհայտարարի՝ «առյուծը դժբախտ ու դժգույն կենդանի է, ինչների՞ս էր պետք»։ Բայց նրա փոխարեն խոսեց այգու գիտական գծով փոխտնօրենը՝ թվարկելով պատճառները. «Ծեր էր, թոքերն ու լյարդը՝ բորբոքված, ճարպակալած։ Ենթադրվում է, որ անկման պատճառը սուր սիրտ-թոքային անբավարարությունն է»։
Սա դեռ միայն նախնական բժշկական եզրակացություն է։
Վայրի բնության մեջ առյուծն ապրում է միջինը 10–15 տարի, իսկ կենդանաբանական այգիներում և արգելոցներում, որտեղ ապահովված են սնունդը, խնամքն ու բուժօգնությունը, հաճախ ապրում է 20–25 տարի։ Մահացած մայր առյուծը ընդամենը 10 տարեկան էր՝ այն տարիքում, երբ նման խնամքի պայմաններում դեռ պետք է ապրեր ու երկա՜ր ապրեր։ Ավելին՝ էգ առյուծները սովորաբար ավելի երկարակյաց են, քան արուները։
Ուրեմն հարցը միայն տարիքը չէ։
Առյուծը չի կարող բողոքել։ Չի կարող պատմել, թե ինչ պայմաններում է ապրել, ինչ խնամք է ստացել կամ իսկապե՞ս հիվանդ էր։ Նրա փոխարեն խոսում են պաշտոնական հաղորդագրությունները, որտեղ ամեն ինչ ավարտվում է բժշկական եզրույթներով, իսկ ոչինչ չի սկսվում պատասխանատվության հարցից։
Եթե տասը տարեկան առյուծը կենդանաբանական այգում համարվում է «ծեր», ուրեմն խնդիրը միայն առյուծի տարիքը չէ, այլ նաև այն համակարգը, որը պարտավոր էր նրան պահել կենդանի։ Իսկ երբ համակարգը փորձում է բոլոր հարցերը փակել միայն բժշկական եզրակացությամբ, ամենադժբախտ ու դժգույն կենդանին արդեն առյուծը չէ։
Առյուծը մինչև առգրավումն ու ներարկումը կենդանի էր։ Հիմա մեզ մանրամասն բացատրում են, թե ինչից մահացավ։ Բայց այդ բացատրությունը շրջանցում է գլխավոր հարցը՝ որքանո՞վ էին հիմնավորված առգրավելու և քնեցնելու որոշումները և ինչպե՞ս է դա կատարվել, որ հանգեցրել է մահվան։ Հասարակությունն այսօր ուզում է լսել ոչ միայն մահվան պատճառը, այլ նաև այդ մահվանը նախորդած որոշումների հիմնավորումը։ Եվ քանի դեռ երկրորդ հարցի պատասխանը չկա, մնացած ամեն ինչ հետմահու արդարացումներ են թվում։