Հասարակություն

Անդրեասյանը պարտավոր է արդարադատության նախարարության հարուցած բոլոր գործերով ինքնաբացարկ հայտնել

Անդրեասյանը պարտավոր է արդարադատության նախարարության հարուցած բոլոր գործերով ինքնաբացարկ հայտնել

Երեկ համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են «Ռոզմարի» սրճարանում միմյանց հետ սրճում ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ու Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, հրապարակված տեսանյութում նաև երևում է, որ այդ նույն սրճարանից դուրս է գալիս նաև ԲԴԽ անդամ Հայկ Գրիգորյանը։ Տեսանյութերը հրապարակել էր Մոնտե Քրիստո անունով օգտատերը, նա տեսանյութերին կից գրառում էր կատարել․

«Սիրելի հայրենակիցներ, նախ և առաջ՝ ցանկանում եմ նշել, որ ես դիտավորյալ եմ քողարկված հանդես գալիս, քանի որ տեղյակ եմ Հայաստանում արդարադատության համար պայքարողների հանդեպ բռնաճնշումների մասին, ընդհուպ՝ մինչև փաստաբաններին ծեծի ենթարկելը: Նյութերը, որոնք հրապարակում եմ, ինձ տրամադրել է մի մարդ, ով նշված պատճառներով որոշել է գաղտնի մնալ:

Այսպես, Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ նախագահ նշանակվելուց ի վեր մամուլում պարբերաբար խոսվում է ՀՀ արդարադատության նախարար (մինչ այդ՝ նախարարի տեղակալ, նախարարի պաշտոնակատար) Գրիգոր Մինասյանի հետ նրա ընկերական և բիզնես կապերի մասին, նշվում է, որ դա հիմք է, որպեսզի Գրիգոր Մինասյանի կողմից ԲԴԽ ներկայացված դատավորների կարգապահական վարույթների գործերով Կարեն Անդրեասյանն ինքնաբացարկ հայտնի: Այդպիսի գրեթե բոլոր գործերով դատավորներն այդ միջնորդությունները ներկայացրել են, սակայն ԲԴԽ-ն առանց բացառության բոլոր միջնորդությունները մերժել է: Ի թիվս նշված հանգամանքների՝ Կարեն Անդրեասյանին՝ որպես դատավորի, արգելված է հանդիպել Գրիգոր Մինասյանին՝ որպես վարույթի կողմի, այն կարգապահական վարույթների քննության ընթացքում, որոնցով ԲԴԽ-ին միջնորդություն ներկայացնողն արդարադատության նախարարն է: Սակայն պարզվում է, որ այս օրերին, երբ ԲԴԽ-ում քննվում է նման երկու վարույթ, այդպիսի հանդիպումներ, նրանք, այնուամենայնիվ, գաղտագողի անցկացնում են: Այդ հանդիպումները տեղի են ունենում ԲԴԽ շենքից ոչ շատ հեռու՝ Իսահակյան 24/1 հասցեում գտնվող «Rosemary» սրճարանում, որը տեղակայված է Գրիգոր Մինասյանի բնակության շենքի հարևանությամբ և, մեր տեղեկություններով, պատկանում է հենց Մինասյանին»,- տեսանյութերին կից գրել էր Մոնտե Քրիստոն։

Թեմայի առնչությամբ զրուցեցինք փաստաբան Ռուբեն Մելիքյանի հետ՝ հարցնելով, որ ԲԴԽ-ում քննվող կարգապահական վարույթներով կարո՞ղ են արդյոք դատավորները ինքնաբացարկի միջնորդություն հայտնել Կարեն Անդրեասյանին․

«Եթե իսկապես իրականությանը համապատասխանում է, որ հունիսի 23-ին հանդիպել են, իսկ դա ճշտելը դժվար չէ, ապա դա նշանակում է, որ առաջանում է, այսպես կոչված, օբյեկտիվ անկողմնակալության խնդիր, այսինքն՝ անկողմնակալ դիտորդի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ նրանք քննարկել են այդ պահին վարույթում գտնվող 2 գործերից մեկով ինչ-որ հարցեր։ Դա շատ հստակ չափանիշ է, Եվրոպական դատարանը վաղուց է դա հաստատել, և կարելի է ասել՝ դա ամենակայուն դրույթներից է, համաձայն որի՝ եթե վարույթի մասնակիցներից մեկը հրապարակային վայրում, մարդկանց աչքի առջև, կամ բացահայտվող որևէ այլ եղանակով շփում է ունենում կողմերից մեկի հետ, դա կոչվում է ընդդիմազերծ շփում, ապա պարտավոր է բացահայտել, ներկայացնել շփման բնույթը և բացարկի հարցը թողնել մյուս կողմի հայեցողությանը, որովհետև անկողմնակալ դիտորդի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ ինչ-որ պայմանավորվածություններ են եղել։ Ես հիմա Ձեզ իրավական դրույթները ներկայացրի, բայց, կարծում եմ, հայկական իրականությունը հաշվի առնելով և Կարեն Անդրեասյանի ու Գրիգոր Մինասյանի միջև եղած սերտ կապերը հաշվի առնելով՝ որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, որ նրանք հենց գործի հետ կապված հարցեր էլ քննարկել են, և առնվազն հաջորդ նիստին դա պետք է բացահայտվի, կամ պիտի հունիսի 23-ից հետո բացահայտվեր, որովհետև այս պահին իմ իմանալով առնվազն երկու աղմկահարույց դատավարություն է ընթանում ԲԴԽ-ում՝ մեկը Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանի 3 դատավորների նկատմամբ, մյուսը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ»,- ասաց Մելիքյանը։

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանն էլ ասաց, որ դա ինքաբացարկի հիմք է
«Դա ուղղակի ինքնաբացարկ հայտնելու շատ իրական և օրենքով նախատեսված հիմք է։ Որ ընկերներ են, շատ լավ է, նորմալ եմ դիտում, բայց մեկ վարույթի շրջանակներում այդ ամենը չի կարող տեղավորվել։ Երբ որ երկու պաշտոնյա ընկերական հարաբերություններ ունեն, հանդիպում են, իրար հետ ընդմիջում են անում, շատ նորմալ եմ դիտարկում, նույնիսկ գովելի է, բայց ոչ արդարադատության նախարար և ԲԴԽ նախագահ, և արդարադատության նախարարության կողմից հարուցվող վարույթները քննող ԲԴԽ նիստերը նախագահող։ Այս ամենը անհամատեղելի են։ Ինքնաբացարկը այս պարագայում միակ օրինական ելքն է այս իրավիճակից»,- ասաց վարդազարյանը։

Բոլո՞ր գործերով պետք է Կարեն Անդրեասյանը ինքնաբացարկ հայտնի՝ հարցրինք ԲԴԽ նախկին նախագահին․

«Այն վարույթներով, որոնք հարուցվում են արդարադատության նախարարի կողմից, այո, պետք է ինքաբացարկ հայտնի։ Եթե վարույթը հարուցել է Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովը, կամ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, այդ վարույթներում Կարեն Անդրեասյանը կարող է նախագահել, իսկ այն վարույթներով, որոնք արդարադատության նախարարն է հարուցում, դրանցով չի կարող»,- պատասխանեց Վարդազարյանը։

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ այսուհետ վարույթների ընթացքն է կասկածի տակ բոլոր ասպեկտներով, և սահմանադրական կառույցի հեղինակազրկման առջև ենք կանգնած։
Արդարադատության նախարարությունից ևս մեկնաբանություն խնդրեցինք՝ հրապարակված տեսանյութի և կից գրառման վերաբերյալ, լրատվական վարչությունից փոխանցեցին հետևյալը․

«Նախարարության բոլոր պաշտոնյաները տարբեր ձևաչափերով հանդիպում են տարբեր պետական պաշտոնյանների և այլ անձանց հետ՝ քննարկելու բյուջետային, օրենսդրական, ոլորտային քաղաքականության հետ կապված հարցերը: Իսկ բամբասանքները, կեղծ օգտատերերի հրապարակումները չենք մեկնաբանում»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image