Քաղաքականություն

Չմոռանանք ու քայլեր ձեռնարկենք

Չմոռանանք ու քայլեր ձեռնարկենք


Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժը բոլորիս է վերաբերում, մանավանդ այն ժողովուրդներին, որոնք կրել են աղետի սոսկալի հետեւանքները եւ գիտեն, թե ինչպիսի ֆիզիկական եւ հոգեբանական խեղումների, դժբախտությունների եւ խնդիրների առաջ է կանգնում երկիրը։ Մեզանում սովորույթ է դարձել երկրաշարժի, դրա հետեւանքների մասին խոսել դեկտեմբերի 7-ին՝ վեր հանելով այն բոլոր մտատանջությունները, աղետի գոտում դեռեւս առկա խնդիրները, որոնք ցավալիորեն այժմեական են։



Մենք գիտենք, թե ինչ է երկրաշարժը։ Հայոց աշխարհի աշխարհագրական դիրքը երկրաշարժերի առաջացման համար միշտ է նպաստավոր եղել, ահա՝ 1319 թ. Անիի երկրաշարժը, 1679 թ. հունիսի 4-ի Երեւանի 8-9 բալանոց կործանիչ երկրաշարժը, որի արդյունքում քաղաքը հողին հավասարվեց, Երեւանը 7 հազար 600 մարդկային զոհ տվեց, 1840 թ. հունիսի 20-ի Մասիսների շրջակայքի երկրաշարժը, որ ցեխի ու սառցախյուսի հսկայական զանգվածի տակ ամբողջովին թաղեց Ակոռի գյուղն իր բնակիչներով։ Երեւանի 1846 թ. հոկտեմբերի 19-ի երկրաշարժը։ Երեւանի 1937 թ. հունվարի 6-ի երկրաշարժը: Երեւանի 1965-66 թթ.՝ առավել թույլ ցնցումներով երկրաշարժերը: Վերջապես, 1988 թ. Սպիտակի կործանիչ երկրաշարժը...



Մենք մեր պատմությանը պիտի տեր կանգնենք՝ հասկանալով, որ ամեն ինչ կարող է կրկնվել, ուստի աչալրջորեն եւ ինտենսիվ պիտի քայլեր ձեռնարկել, որպեսզի հնարավոր լինի կանխել կամ նվազեցնել ապագայի կորուստները։ Սա, կարծում եմ, ազգապահպանության առաջնային հարցերից մեկն է՝ ամեն րոպե մշտարթուն լինել, պատրաստ՝ պայքարելու արհավիրքի դեմ, գործածելով մեր պետության եւ ժողովրդի ողջ նյութական ու հոգեբանական միջոցները։ Դրա համար, կարծում եմ, ժամ առաջ Երեւանում եւ մյուս քաղաքներում դադարեցնել է պետք այն բնակարանաշինության ահավոր գործընթացը, որն ուղիղ ժառանգորդն է Խորհրդային Հայաստանի՝ պանելային շինություններով երկիրը ողողելու մահաբեր քաղաքականության։



ՀՀ կառավարությունը, համապատասխան նախարարությունները, բիզնեսմենները՝ ամենքը վերջապես պիտի հասկանան, որ եթե խելքի չգան, եթե այսպես շարունակեն, այդ անորակ բարձրահարկերով իրենց շիրմաքարն են դնելու՝ կործանելով թե իրենց, թե բոլորիս։ Բարձրադիր կետից Երեւանի համայնապատկերին սոսկումով ես նայում։ Բարձրահարկերն արդեն գրավել են քաղաքի կենտրոնը, շնչառության ու տարածության տեղ չի մնացել։ Աստված ոչ անի, եթե նորից երկրաշարժ լինի, մեծ խնդիրներ կծագեն անգամ փրկարարական աշխատանքների համար։ Կանգ առնել է պետք, քանի դեռ այս տգիտությունը, սեփական պատմության չիմացությունը, այդ պատմությունն արհամարհելը ու, վերջապես, անասնական ագահությունը երկիրը մահվան դուռը չեն հասցրել։



Արամ ՊԱՉՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image