Հասարակություն

Հայտնություն՝ ըստ Բարթլբիի

Հայտնություն՝ ըստ Բարթլբիի

Տարիներ առաջ՝ 2011 թվականին, մեր թերթում «Բարեւ, Բարթլբի» վերնագրով էսսե էի հրապարակել, որտեղ փորձում էի մտածել մասնավորապես գրողների, գրականության աշխարհի լռության մասին: Էսսեն բավականին մանկական ու բանալ վերջաբան ուներ. «...Ու քո բառերը, որ ոչ մեկի եւ ոչնչի համար նախատեսված չէին, ուղղակի դու սիրում էիր խաղալ նրանց հետ, իսկ նրանք սիրում էին այդ վտանգավոր խաղը: Հանկարծ կվախենաս ու կհրաժարվես նրանցից, կպատռես թղթերդ, կխմես թանաքի ողջ սրվակը, Պրուստի նման կփակվես սենյակումդ կամ դուրս կգաս, կքայլես դեռ մանկության աշխարհից դադար չտվող ձայնի ուղղությամբ, կմտնես բակ, կտեսնես նրան պատի տակ կծկված, ծնկները կրծքին սեղմած, ձեռքդ մեղմ կիջեցնես ուսին ու կասես` բարեւ, Բարթլբի, բարեւ, իմ լռություն»: 



«Յուրաքանչյուր գրող գնում է դեպի իր լռությունը»,- ասում էր Բլանշոն: Լռությունը ե՛ւ հրաժարում է, ե՛ւ վերադարձ: Գրել չցանկանալու հարյուրավոր պատճառներն այդպես էլ անհասկանալի ու անճանաչելի կմնան այն մարդկանց համար, որոնք ցանկանում են միշտ գրել եւ հենց այդպես էլ անում են: Այս խոհը, կուզեք՝ թեման, շատ վեպերի գլխավոր հիմնանյութն է դարձել: Դրա վառ օրինակներից մեկն Էնրիկե Վիլա Մատասի «Բարթլբին եւ ընկերները» վեպն է, որտեղ իսպանացի արձակագիրը պատմում է կամ փորձագրում հրաժարվողների եւ հեռացողների իրական եւ աներեւույթ կենսագրությունները, ուսումնասիրում է բարթլբիության ախտանշանը, որ դարեր շարունակ, թերեւս, կամ հետապնդում է հեղինակներին, կամ պատկերահանում «ներշնչանք» ասվածի ողջ կեղծիքը, դրա անգոյությունը:
Մի լուսավոր օր Սամվել Մկրտչյանի հետ զրուցում էինք Հերման Մելվիլից: Պատմեցի իրեն, թե ինչպես էր հայրիկն «Ամերիկյան պատմվածք» ժողովածուից ինձ համար ընթերցում Մելվիլի (նաեւ մյուս հեղինակների) գործերը, ինչպես չէի կարողանում մոռանալ «Բարթլբի գրագիրը» պատմվածքի համանուն հերոսին, նրա զարմանահրաշ ու աղետալի (I would prefer not to) «Ես գերադասում եմ չանել այդ» միտքը: Մելվիլը Սամվել Մկրտչյանի համար առանձնակի հեղինակ էր… ուզում էր «Մոբի Դիկը» թարգմանել…



Իր թարգմանությամբ Հերման Մելվիլի «Բարթլբի գրագիրը» պատմվածքն ունեի, այն ընդգրկված էր նաեւ երկհատորյակում՝ (Սամվել Մկրտչյան, Թարգմանություններ (2 հատորով), Երեւան, 2009, Հեղինակային հրատարակություն): Մինչդեռ 2003 թվականին Մելվիլի «Բարթլբի գրագիրը», «Ծածկապատշգամբը», «Շանթարգել վաճառողը» պատմվածքները լույս էին տեսել առանձին գրքով, երկլեզու տարբերակով (Երեւան, 2003, «Վան Արյան հրատարակչատուն»), կազմին՝ նրա ձեռագրից մի հատված: Երեկ «Նոր գիրք» գրախանութում պատահաբար տեսա այն ու գնեցի: Լինում է այդպես, երբ գրքի հերոսները տարիներ շարունակ, նույնիսկ ողջ կյանքդ, հետապնդում են քեզ, հայտնվում այն պահերին, երբ չէիր ցանկանա, որ հայտնվեին: Գրագիր Բարթլբիի հայտնությունները երբեք անհարկի չեն եղել, հակառակը՝ հիշողություններ են վերադարձրել օրերի, պատկերների, մարդկանց մասին եւ լռությունն են վերադարձրել այդ կորուսյալ հիշողության, ուր բացակա է մահը. «…Թողություն նրանց, ովքեր հուսահատության մեջ մեռան, հույս՝ նրանց, ովքեր մեռան անհույս, բարի լուրեր նրանց…»:



Արամ ՊԱՉՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image