Մինչ կիզարանը մոխրացնում էր Կուբայի հեղափոխության առաջնորդ իննսունամյա դիկտատոր Ֆիդել Կաստրոյի մարմինը, Մայամիի փողոցներում հայրենակիցները ցնծում էին նրա մահը: Երեսանց Կաստրոյի կյանքը ԱՄՆ-Կուբա նոր փոխհարաբերությունների շրջանակից վերջին տարիներին դուրս էր բերված, համենայնդեպս, պետության հասարակական-քաղաքական կյանքում նրա մասնակցությունը որեւէ կերպ տեսանելի չէր, թեպետ՝ ո՞վ իմանա, գուցե Հավանայում լեգենդար The Rolling Stones-ի նույնքան լեգենդար համերգին ծերուկը քեֆ-ուրախության մեջ էր:
Իրավաբան, հեղափոխական զինված ուժերի գլխավոր հրամանատար, զինված ուժերի մայոր, ազգային պաշտպանության խորհրդի նախագահ, կրքոտ, անվերահսկելի հռետոր Ֆիդել Ալեխանդրո Կաստրո Ռուզը 20-րդ դարի երկրորդ կեսի թերեւս ամենաականավոր, ամենավիճարկելի ու կենտրոնական առաջնորդներից մեկն էր, ինչ-որ տեղ՝ ԽՍՀՄ-ի կռվանը: Կաստրոն այն կետն էր, կղզին ու եռքը, որը քիչ էր մնում պայթեցներ երրորդ աշխարհամարտի ռումբը: Կարիբյան ճգնաժամի, առհասարակ՝ սառը պատերազմի գլխավոր գործող անձանցից, որի հետ ընկերություն էին անում Դիեգո Մարադոնան եւ Գաբրիել Գարսիա Մարկեսը: Շատերի կարծիքով՝ այդ ընկերությունը պարզապես կուրացրել էր Գաբոյին, եւ կոլումբիացի գրողը չէր տեսնում կամ անտեսում էր առաջնորդի բռնաճնշող քաղաքականությունը:
Մարկեսի վեպերի համար Ֆիդելը եթե ոչ ճակատային, ապա գոնե թիկունքային մի նախատիպ էր. «Գեներալը լաբիրինթոսում», «Գնդապետին ոչ ոք չի գրում», «Նահապետի աշունը» ստեղծագործությունները, վերջին հաշվով, ամբողջատիրության, միահեծան իշխանավորի բնույթը վերապատկերելու փորձեր էին: Իսկ, ահա, երեկ պերուացի արձակագիր, գրականության բնագավառում նոբելյան մրցանակի դափնեկիր Մարիո Վարգաս Լյոսան Կաստրոյի մահն այսպես է մեկնաբանել. «Հուսով եմ՝ նրա մահով Կուբան վերջապես կազատագրվի՝ վերահաստատելով դեմոկրատական արժեքները, տոլերանտությունը»: Ասում են՝ 80-ականներին մտերիմ ընկերներ Գաբրիել Գարսիա Մարկեսն ու Վարգաս Լյոսան գժտվել են հենց Ֆիդել Կաստրոյի քաղաքական գծի պատճառով, որը, ըստ Վարգասի, շեղվել էր ուղեծրից:
Աշխարհում առաջնորդի մահը երկակի զգացողություններով են դիմավորում՝ ցնծությամբ եւ թախիծով: Մայամիում հաստատված կուբացիները՝ սեփական երկրից արտաքսված ու հետապնդված դիսիդենտները, ուրախության արցունքներով, երգուպարով են հրաժեշտ տալիս 55 տարի պետության ղեկը զավթած ղեկավարին, վանկարկում են. «Ֆիդելը դեռ պիտի մահանա»: Նրանք ներկայացնում են սարսափելի պատմություններ, որոնց միջով ստիպված են եղել անցնել, եւ վերհիշում են բանտերում սպանված ու խոշտանգված իրենց ընկերներին ու մտերիմներին:
Ինչեւէ, առաջնորդի մահվան առիթով Կուբայում իննօրյա սուգ է հայտարարված: Երկրի ներսում նրա կերպարով խենթացողների դեռ ստվար բանակ կա: Մի քանի օր հետո Ֆիդելի վերջին մոխիրները կամ որմնապատի մեջ կամփոփեն, կամ կհանձնեն քամու ալիքներին: Այդպես էր՝ Ֆիդել Կաստրոն եւ հեղափոխությունը հազարավոր մարդկանց հույսն էր, երազանքը։ «Հեղափոխությունը վարդերով անկողին չէ: Հեղափոխությունը կռիվ է ապագայի ու անցյալի միջեւ»,- ասում էր նա: Կաստրոյի մահով Կուբայի համար (եւ ոչ միայն Կուբայի) ավարտվում է մի ողջ դարաշրջանի պատմություն եւ սկսվում նորը: Հեղափոխությունը շարունակվում է:
Արամ
ՊԱՉՅԱՆ
aram.pachyan
@hraparak.am