Մաս երկրորդ. ընթերցանության հիմնական կանոնները
Կանոնավոր ընթերցանություն
Խելացի ընթերցանության համար կարելի է առաջադրել հետեւյալ հիմնական ամփոփ կանոնները:
1. Անհրաժեշտ է ընթերցանության համար գրքերի հնարավոր չափով խիստ եւ պլանաչափ ընտրություն կատարել:
2. Ընթերցանությունը չպիտի մեքենայական բնույթ կրի եւ սկզբից մինչեւ վերջ պիտի գիտակցաբար կատարվի:
3. Ընթերցանությունն ընթերցողի կողմից պիտի գրքի բովանդակության վրա կատարված ակտիվ եւ ինքնուրույն աշխատանք դառնա:
4. Ընթերցանության հետեւանքները պիտի հնարավոր չափով խիստ սիստեմատիկ կարգի բերվեն:
5. Գիրք կարդալիս ամենեւին չպիտի շտապել: Պիտի կարդալ դանդաղ՝ խորապես թափանցելով գրքի բովանդակության մեջ:
6. Ընթերցանությունը պիտի չափավոր լինի, որպեսզի չճնշի ընթերցողի ինքնուրույն մտածողությունը:
7. Ընթերցանությունը պիտի մշտապես կանոնավոր բնույթ կրի եւ օրվա ընդհանուր ժամացուցակում միանգամայն որոշակի տեղ զբաղեցնի:
Վերընթերցում
Գրքի վերընթերցումը պիտի մտցնի ծրագրի մեջ յուրաքանչյուր գիտակից ընթերցող, բայց դա չի նշանակում, թե նա նորից պիտի կարդա բոլոր այն գրքերը, որ կարդացել է: պետք է վերընթերցել կարեւորագույն գրքերը, որոնք ընթերցողին նշանավոր են թվում: Իսկ ժամանակի մասով պետք է ասել, որ նպատակահարմար է գիրքը նորից կարդալ ընթերցումից 2-3 տարի հետո, իսկ ավելի կարեւոր գրքերի համար նոր վերընթերցումը (երրորդ անգամ) եւս դրական նշանակություն ունի:
Դիտողությունը
Դանդաղ եւ ուշադիր կարդալը շատ լավ է, բայց այդ ձեւով կարելի է կարդալ ոչ մեծ քանակությամբ գրքեր: Այդ պատճառով հարց է առաջանում արագ դիտողություն անելու, որի միջոցով ընթերցողը հնարավորություն է կունենա ավելի մեծ քանակությամբ գրքերի հետ ծանոթանալ: Դիտողությունը կամ աչքի անցկացնելը նախեւառաջ լավագույն միջոց է ընդհանուր հասկացողություն ձեռք բերելու՝ գրքերի այս ու այն հավաքույթից մի որեւէ գրքի հետ նախնական ծանոթության համար: Դիտողության միջոցով ընթերցողը որոշում է, թե ինչ գրքեր պետք է մտցնել ընթերցանության ծրագրի մեջ, տեղեկանում է նոր փաստերի, երեւույթների հետ… բայց ընդհանրապես դիտողությունը պետք է երկրորդական տեղ գրավի «իսկական» ընթերցանության հանդեպ եւ միայն պետք է լրացուցիչ դեր խաղա… Նպատակահարմար եւ լավ է շաբաթվա մեջ մի օր նվիրել դիտողությանը: Նախեւառաջ դիտողությունը պիտի սկսել շապիկից կամ առաջին երեսից, որտեղ տպագրված են գրքի հեղինակը, գրքի անունը, հրատարակչությունը եւ այլն: Այնուհետեւ պետք է ծանոթանալ բովանդակության հետ… պետք է ուշադրություն դարձնել գրքի պատկերներին եւս:
Բարձրաձայն ընթերցում
Արդյունավետ ընթերցման ձեւն անհատական ընթերցումն է, բայց գործնականում կիրառվում է նաեւ բարձրաձայն ընթերցումը: Բայց այս ձեւը շատ ժամանակ անհաջողությամբ է ավարտվում, որովհետեւ ընթերցման համար հավաքված ընթերցողները կարող են տարբեր ունակությունների, տարբեր հիշողությունների տեր մարդիկ լինել: Այնպես որ, անհատական ընթերցանությունն էլի մնում է լավագույն ձեւը: Բայց հավաքական ընթերցումը կարող է ունենալ իր հաջող ընթացքը:
Հատվածներ 1925 թվականին «Պահակ» ռազմաքաղաքական ամսագրի «Ինչպես պիտի կարդալ» հոդվածից
Պատրաստեց Արամ ՊԱՉՅԱՆԸ