Երկու օր առաջ Սպիտակ քաղաքում տեղի ունեցած սոսկալի սպանությունը՝ մահը, որերո՞րդն է այս փոքր, արդեն իսկ կիսադատարկ ու փլուզվող երկրում: Տեղի է ունեցել սպանություն՝ մայրն սպանել է իր զավակներին, ապա ինքնասպանություն գործել: Սարսափելի այս դեպքն այլեւս աննախադեպ չէ: Ոչ հեռավոր անցյալում էլ եղել են համանման դաժան պատահարներ, այժմ էլ կան եւ, ցավոք, դեռ կլինեն ապագայում:
Եվ այս սովորական դարձած անսովոր պատահարներից ո՞ր մեկն արժանացավ համալիր քննության, ո՞ր մեկի պատճառահետեւանքային կապերը վեր հանվեցին, ի՞նչ եզրակացություններ եղան, ինչպիսի՞ պրոֆիլակտիկ գործառույթներ իրականացվեցին, որպեսզի նվազեն եւ կամ իսպառ վերանան դեպքերի հավանական կրկնությունները: Սպիտակի դեպքը վաղը, գուցե արդեն այսօր, արագորեն կհնանա, կմոռացվի եւ դուրս կմղվի ոչ միայն կույր լրահոսից, այլեւ այն հաստատությունների գիտակցությունից, որոնք կոչված են կատարելապես ըմբռնել, ուսումնասիրել եւ տարատեսակ միջոցառումներ իրականացնել՝ պետության մեջ հնարավորինս պահպանելու մարդկային կյանքի մարդկային որակները, իրավունքն ու արժանապատվությունը:
Վերջիվերջո, որպեսզի մարդն իր սեփական երկրում պաշտպանված զգա, ունենա գոնե կյանքի-կեցության նվազագույն պայմաններ, եթե անգամ երկու երեխաների մայրը հոգեպես անառողջ էր, ապա համապատասխան կառույցների վերահսկողության տակ պիտի լիներ, ստանար բժշկական, հոգեբանական հույժ անհրաժեշտ օգնություն, ուշադրության ու հոգածության կենտրոնում պահվեր: Փաստն այն է, որ մանկավարժ կինն իր երկու երեխաների հետ անապահովության եւ աղքատության մեջ է ապրել, երեխաներին միայնակ է խնամել, աշխատավարձը կազմել է մոտ 33 հազար դրամ, վարկ ստանալու համար տեղեկանք է խնդրել: Սրանք վարկածներ չեն, փաստեր են, որոնց հետ պետությունը, եթե պետություն է, քաղաքացիներից հարկ հավաքող մարմինները պարտավոր են հաշվի նստել:
Հայաստանում 2015 թվականին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 900 հազար մարդ, որը մշտական բնակչության ցուցանիշի հաշվով է՝ ներառյալ ծայրահեղ աղքատները` մոտ 310 հազար մարդ: «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» զեկույցի համաձայն՝ 2015 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29.8 տոկոս: Հայաստանում 2015 թվականին աղքատության մակարդակն անփոփոխ է մնացել 2014-ի համեմատ։
Սրանք միֆեր եւ ենթադրություններ չեն: Իրականություն է, այն ճշմարտությունը, քաոսի արդյունքը, որի մեջ ապրում ենք: Եվ, ահա, Հայաստանում դանդաղորեն աղքատությունը նույնացվում է հոգեկան հիվանդության հետ: Աղքատ ես, ուրեմն հոգեպես անառողջ ես եւ, ինչու չէ, կարող ես ոչնչացնել եւ երեխաներիդ, եւ ինքդ քեզ:
Արամ ՊԱՉՅԱՆ