Այսօր վաղ առավոտ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական սկանդալային գրառմամբ հանդես եկավ ՝ հայտնելով, որ անձամբ է առաջնորդելու Վեհարանը գրավելու գործընթացը։
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը, անդրադառնալով եկեղեցու դեմ Փաշինյանի անողոք արշավին, hraparak.am-ի հետ զրույցում ասաց.
«Ժողովուրդն առաջին հերթին պետք է դեպի Աստված շրջվի։ Այսօրվա խառնաշփոթի լուծումը միայն քաղաքական դաշտում չէ, այլ հոգևոր արթնության մեջ», – նշեց պատգամավորը՝ հավելելով, որ առանց հավատքի և բարոյական արժեքների վերականգնման՝ մնացածը ժամանակավոր ու կեղծ օրակարգեր են։
«Բացի ֆիզիկական աջակցությունից, մենք՝ որպես ժողովուրդ, պետք է սկսենք անընդհատ մասնակցել պատարագներին և ժամերգություններին։ Սա հոգևոր պայքար է, և պետք է առաջին հերթին հոգով զինվենք», – ասաց նա։
«Մեր հայ ժողովուրդը բազմիցս բարդ իրավիճակներից է դուրս եկել, և այս վիճակից նույնպես դուրս կգա։ Ինչպես նշեց Միքայել Սրբազանը, այսօր մեր ազգի վտանգը, սպառնալիքը եկեղեցին չէ, գիտենք ով է և որտեղ է նստած», – ասաց Մհեր Մելքոնյանը։
Պատգամավորը չի բացառում, որ առաջիկայում ձերբակալված արքեպիսկոպոսների՝ Բագրատ և Միքայել Աջապահյանի կալանքի ժամկետները կրկին կերկարացվեն։
Մեր դիտարկմանը, թե գուցե կան դատավորներ, ովքեր կփորձեն դիմադրել, Մելքոնյանը նկատեց, որ կգտնվեն գրպանային դատավորներ, ովքեր ի կատար կածեն Փաշինյանի ցանկությունը։
Հարցին՝ արդյոք ընդդիմությունը պառակտված չէ այս պահին և հենց այդ պառակտումն էլ բերում է այս վիճակը, Մհեր Մելքոնյանը պատասխանեց.
«Այդ կարծիքը իշխող ուժի թեզն է։ Բայց ցանկացած առարկայական մտածող մարդ ակնհայտ տեսնում է, թե ինչ է իրականում կատարվում, ընդդիմության հեղինակության հետ խաղալը նրանց համար դարձել է սովորական բան։ Նրանք անդադար կրկնում են, թե պառակտված ենք, իրականում որևէ հաջողության չեն հասնում, դե դա բոլորին է հասկանալի , թե ինչ նպատակ են հետապնդում », – ասաց պատգամավորըը։