Հարցազրույց

«Հրապարակ». Բոլոր հիասթափվածները փնտրում են հարթակ` ահա այն

«Հրապարակ». Բոլոր հիասթափվածները փնտրում են հարթակ` ահա այն

ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության նախկին պետ, 2018-2021 թթ․ ՀՀ վարչապետի խորհրդական, ապա՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, Հայաստանը «ներքին ու արտաքին թշնամիներից ազատագրելու» նպատակով, օրերս ազդարարեց նոր քաղաքական շարժում ձեւավորելու մասին։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա գուժեց, որ Հայաստանին էլ Արցախի ճակատագիրն է սպասվում, ուստի պետք է պայքարել հանուն Հայաստանի։ Թե ովքեր են Կարապետյանի թիմում, մեզ չհաջողվեց պարզել, քանզի նրա մասին խիստ բացասական կարծիքներ լսեցինք եւ նրա հաջողելու հանդեպ թերահավատություն։

Երեկ տեղեկացանք, որ նրա հետ է ազատամարտիկ, հանրային գործիչ Գեւորգ Գեւորգյանը, ով նաեւ շարժման անունն է որոշել՝ Հայ ազգային ճակատ համազգային շարժում: «Այսօր մենք՝ բոլորս, Հայաստանում եւ աշխարհի բոլոր հայաշատ համայնքներում` մեծից փոքր, կանգնած ենք գոյաբանական վտանգավոր սահմանագծին եւ մեր պետականությունը կորցնելու աղետալի վտանգի առջեւ։ Գլխավոր մեղավորը Հայաստանի թյուրքակենտրոն իշխանությունն է։ Մենք՝ բոլորս, պետք է բռունցքվենք, միասնական դառնանք, ջնջենք մեր ժողովրդին իրար դեմ թշնամացնող սեւն ու սպիտակը եւ բարձրացնենք մեր եռագույնը»,- ասում է նա։ Գեւորգյանը, ով ակտիվ ֆեյսբուքյան օգտատեր է եւ արմատական ընդդիմադիր, հարթակի փոփոխության անհրաժեշտություն է տեսնում։

- Շարժումը ձեւավորման փուլում է, անուններ չեմ հնչեցնի, կարող եմ ասել, որ շարժման կորիզում կտեսնեք հասարակության բոլոր շերտերից ներկայացուցիչներ՝ նախկին զինվորականներ, քահանա, մշակութային, քաղաքական գործիչներ, մտավորականներ, շարքային, պայքարող մարդիկ: Իմ մասով տեղյակ եք, որ 2018-ի ապրիլից պայքարում եմ։ Բոլոր գործուն ուժերը, որոնք տարբեր պատճառներով հիասթափվել են, բայց պատրաստ են պայքարելու հանուն մեր լինելության, նոր ձեւավորվող հարթակը հենց նրանց համար է։ Փառք Աստծո, շարժման ընթացքը հուսադրող է։

- Շարժման նախաձեռնող Արշակ Կարապետյանն իր ուղերձում ՌԴ ղեկավարությանը հորդորեց՝ կանխել ՀՀ պետականությունը ոչնչացնելու Փաշինյանի փորձերը, եւ շատերը կարծեցին, որ ձեր պրոյեկտը ծնվել է Ռուսաստանի թելադրանքով։

- Գիտեք, եթե փորձենք ամեն ինչում կապեր տեսնել, կտեսնենք։ ՌԴ-ն, անկախ ամեն ինչից, մեր ռազմավարական դաշնակիցն է, գուցե մեզ հարց տանք՝ իսկ մենք մեզ ինչպե՞ս ենք պահում, երբ ասում ենք «գործընկեր»: Պետք է իմանալ, որ ընկերն ընկերոջը չի գցում, չի խաբում, չի քաշում, դա անում է ծառան, դա ծառայի մտածելակերպ է: Այդպես էլ պետք է լինի պետությունը։ Շուրջ 5 տարի պայքարի բովով անցած մարդիկ այսօր ակնհայտ փնտրում են հարթակ... որպեսզի կարողանաս այս գործընթացներում քո շահը պահել, առաջինը դու պետք է նախ քո՝ հայկական շահն առաջ մղես, եւ պետք չէ անընդհատ ասել, թե բեւեռների բախման պատճառով, նախկինների պատճառով կորցրինք:

- Շարժումն ի՞նչ ծրագրով է հանդես գալու, բողոքի ակցիանե՞ր եք անելու, թե՞ այլ բան: 

- Մենք մոտակա օրերին ամփոփ կհայտարարենք, եւ ես համոզված եմ, որ կհասնենք հաջողության, որովհետեւ այն լինելու է ոչ թե իմ, Արշակ Կարապետյանի, այլ համայն հայության ազգային ճակատը։ Սա այն հարթակը չէ, որ մենք բարձրանանք ու բարձրից խոսենք մեր ժողովրդի հետ: Մենք կոնկրետ, հստակ քայլերով գործընթացներ ենք անելու, որ այս վիճակից դուրս գանք։

- Մեր հասարակությունն ընդդիմադիրներին կա՛մ քոչարյանական է համարում, կա՛մ՝ սերժական: Հաշվի առնելով Արշակ Կարապետյանի անցյալը, այն, որ ասում են` նրա ցուցմունքով են կալանավորել Քոչարյանին, ի՞նչ եք կարծում` կհաջողվի՞ ձեզ լայն ճակատ ձեւավորել։

- Ես ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ Սերժ Սարգսյանի զինակից ընկերն եմ։ 2018-ին, երբ բոլորը մերժում էին Սերժին, եւ նրա կողքը կանգնելը խնդիր էր, ես, չլինելով կուսակցական, չունենալով բիզնես, կանգնել եմ նրա կողքին։ Սրա առաջին հանրահավաքից հետո հայտարարում էի՝ լավ եք անում, որ ուզում եք ձեր կյանքը փոխվի, բայց ո՞ւմ հետեւից եք գնում։ Հետո, երբ սկսեցին քարկոծել Ռոբերտ Քոչարյանին, այդ ժամանակ էլ եմ աջակցությունս հայտնել։ Ընկերությունը չի փոխվում, բայց քաղաքական պայքարի հարթակները ժամանակի ընթացքում լինում են տարբեր։

- Այսինքն՝ ուզում եք ասել, որ նախագահների առաջնորդած հարթակներն իրենց չարդարացրին, հիմա նո՞րն է պետք։

- Եկեք չանձնավորենք, հարցին այսպես նայենք` 5 տարվա ընթացքում մենք ուզո՞ւմ էինք փոխվեր, թե՞ մենք իրենց ժամանակ էինք տվել, որ փոխվեին, դիցուք` 2030 թվին։ Եթե մենք ուզում ենք, որ սրանք փոխվեն, որովհետեւ սրանց ամեն օրը պետականության կործանման է տանում, ուրեմն օր առաջ պետք է փոխենք, չէ՞, ոչ թե` որ աշխարհաքաղաքական կենտրոնին որ օրը ինչն է ձեռ տալիս, նոր որոշենք` փոխել, թե չփոխել։ Արցախն այլեւս հայաթափված է, հիմա խոսք է գնում, այսպես կոչված, անկլավների, Սյունիքի, Մեղրիի ճանապարհի... որի մասին բարբաջում էր երեկ նա: Ներեցեք, բա մեր գործողություններն ո՞ւր էին, ուրեմն ինչ-որ բաներ սխալ ենք արել։ Պետք է ընդունել, որ ազգը պառակտված է, սեւերի-սպիտակների բաժանումը շարունակել ենք` գիտակից, թե անգիտակից ձեւով: Բոլոր շարժումները, հարթակները պետք է հասկանան սա։

- Մեր ժողովուրդը լիդեր է սիրում։

- Լիդերները ծնվում են պայքարի ժամանակ, պետք է լինի հարթակ: Ամենակարեւորը` վերջին քաղաքային ընտրությունները ցույց տվեցին, որ Նիկոլն ու իր թայֆան այլեւս չունեն այն հենարանը` եթե 72 տոկոս չի մասնակցում, դա ցուցիչ է: Բայց սա նշանակում է նաեւ, որ ոչ միայն Նիկոլից, այլեւ մնացած ուժերից են հիասթափված, որովհետեւ խնդիրն անձերը չեն: Գուցե համակրում են երկրորդ կամ երրորդ նախագահներին, բայց խնդիրն այն է, որ մարդիկ ասում են՝ այ մարդ, եթե դուք այդքան ուժեղ տղերք եք, ամեն ինչին տիրապետում եք, քաղաքական կապիտալ ունեք, էս թափթփուկներին չե՞ք կարողանում հանել, ինչի՞ չեք կարողանում միավորվել: Այսինքն՝ ամեն մեկդ ունեք ձեր անձնական, կուսակցական խնդիրները, բայց եթե զոհասեղանին ազգն ու ժողովուրդն են, չգտնել ընդհանուր հարթակ, չլինել միասնական՝ ուրեմն դուք լիդեր չեք։ Դուք նեղանձնական շահն առաջ տանող ուժեղ, հարգված անցյալով մարդիկ եք, բայց ո՛չ լիդերներ, որոնք կարող են երկիրը փրկել աղետից։ Ինչ վերաբերում է Արշակ Կարապետյանին, դուք, իհարկե, առիթ կունենաք այդ հարցերը տալ, բայց եթե խնդիրը 2016-ի ապրիլյանի հետ էր կապված, հեռացրել են, բայց դրանից հետո երրորդ նախագահն իրեն նշանակեց ՌԴ-ում ռազմական կցորդ։ Ինչ վերաբերում է ցուցմունքին, ապա, որքանով տեղյակ եմ, 10 ցուցմունքից 9-ը եղել է Ռոբերտ Քոչարյանին ճիշտ ներկայացնելով, իսկ 1 ցուցմունք չգիտեմ կոնկրետ ինչ է եղել, բայց մի բան գիտեմ՝ եթե Կարապետյանի ցուցմունքը որոշիչ էր, որով կալանավորեցին, ապա նախագահին չպետք է ազատեին կալանքից։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image