Հասարակություն

Տարեց կինը պնդում է, որ իր գործով ճնշումներ կան դատարանների վրա

Տարեց կինը պնդում է, որ իր գործով ճնշումներ կան դատարանների վրա

Միայնակ բնակվող թոշակառու Օֆելյա Հարությունյանը «Հրապարակին» է դիմել՝ ասելով, որ իր հետ կապված քրեական գործ քննությունը մոտ 3,5 տարի ձգձգվում է։

Գործը վերաբերում է ընկնելու հետևանքով առողջությանը պատճառված վնասին։
«Թադևոսյան փողոցի վրա կա ճաշարան, որտեղ օրական մեկ անգամ անվճար սնունդ են տալիս։ 2017 թվականի դեկտեմբերի 26-ին ասացին, որ ամանորյա նվերներ են տալիս։ Հերթ կանգնած սպասում էինք։ Մի քանի րոպե անց ինձ կանչեցին ու ասացին, որ իմ հերթն է։ Երկու կին եկան ու փորձեցին հերթը խախտելով առաջ անցնել։ Նադյան (կանանցից մեկը) հրեց Անաիդային դեպի ինձ և վերջինս ամբողջ ուժով հրեց ինձ ու ես ընկա գետնին։ Մոտակայքում կանգնած տղամարդկանցից մեկը օգնեց ինձ բարձրանալ։ Այնուհետև ինձ թողեցին, նվերս վերցրի ու գնացի տուն։ Գիշերը ցավերս ուժեղացան։ Եվ հաջորդ առավոտյան տաքսի կանչեցի ու գնացի հիվանդանոց։ Ռենտգեն արեցին ու ասացին, որ աջ ուսի շրջանում արյունազեղում ու կողի կոտրվածք եմ ստացել։ Հետո գնացի ճաշարան, տնօրենին ասացի.

«Տեսեք՝ ով է ինձ հետ այսպես վարվել», ինքն ասաց. «Դա իմ գործը չէ, գնացեք ոստիկանություն»։ Գնացի ոստիկանություն։ Կապտուկները զուգարանի մոտ ցույց տվեցի Անժելա Կիրակոսյանին։ Այնտեղ էլ հետո Գայանեն [տնօրենը] մոտեցավ ու գոռաց ինձ վրա, թե «ինչո՞ւ ես գնացել ոստիկանություն»։ Հավաքվածները ճաշում էին այդ պահին և չգիտեին, թե ինչն է խնդիրը։ Ես պատասխանեցի, որ ինքն էր ասել, որ գնամ ոստիկանություն։ Գայանեն (տնօրենը) ծերերին ասաց, որ գնան ոստիկանություն և ասեն, որ Օֆելյան ինքն իրեն է ընկել գետնին», - պատմեց Հարությունյանը։

Տարեց կնոջ խոսքերով՝ Կասիմյան ազգանունով ավագ քննիչը գործ է հարուցել, սակայն այն չավարտելով՝ փոխանցել է մեկ ուրիշ քննիչի ու Անտոնյան ազգանունով դատախազին։ 

«Բոլոր բողոքները, որ ես գրել էի, մերժվեցին ու երկար ժամանակ գործը կասեցված էր։ Նրանք ծաղրում էին ինձ։ Անաիդան, ով ինձ գցել էր գետնին, կեղծ ցուցմունք էր տվել։ Նա ասել էր, որ «Օֆելյան կագնած էր ինձնից հետո, իսկ ես՝ Վոլոդյա անունով տղամարտու հետևում, իսկ իմ հետևում կագնած էր Ռուզաննա անունով մի կին»։ Քննիչը մի քանի անգամ դիմել էր ինձ, որ հրաժարվեմ այս գործից։ Տեսնելով, որ ես համաձայն չեմ, ստիպված եղավ գործը երկար ժամանակով կասեցնել՝ որպես ինձ պատիժ։ Քննիչը գրեց այն, ինչ իրեն էր պետք, և մարդիկ չգիտեին, թե ինչ է գործի մեջ գրված ու կուրորեն ցուցմունք էին տալիս։ Քննիչն ինքն իրեն խայտառակում էր՝ ներքաշելով մարդկանց, որ կեղծ ցուցմունք տան։ Երկու անգամ դատարան տվեց գործը։ Քննիչը վախենում է, որ ցույց կտամ իր ամբողջ գրածը։ Քննիչն Անժելային ստիպեց կեղծ ցուցմունք տալ», - փոխանցեց նա։ 

Նրա խոսքերով՝ 2018/01/24-ին ճաշարանի ներքևում «ինձ սպասող Անաիդան ստքերս ընկած խնդրում էր հրաժարվել այս գործից, իսկ հունվարի 26-ին Անաիդան ու Նադյան պայմանավորվել էին միմյանց անունները չտալ՝ «ոչ մի դեպքում իմ անունը չտաս։ Ես քեզ կփրկեմ»։

«Ես գնացի դատախազի մոտ, որպեսզի ինձ ընդունի։ Չընդունեց՝ ասելով, որ «դուք դատաքննության իրավունք չունեք»։ Ես ստիպված գնացի Փաստաբանների պալատ։ Մի քանի բողոքներից հետո դատավոր Մ. Մելքոնյանը գործը ընդունեց։ Նա չխնայեց իր ուժերն ու առողջությունը, աշխատեց իմ գործի վրա՝ ներդնելով իր գիտելիքներն արդար գործի համար։ Դատից հետո գործի հետ առնչություն ունեցած քննիչները կատաղությունից դուրս եկան նիստերի դահլիճից, ձեռքերը թափ թվեցին ու հեռացան։ Մարտի 29-ին դատավոր Մելքոնյանը պարզ և հստակ ըստ օրենքի բավարարեց բողոքը։ Քննիչը և դատախազ Անտոնյանն անհանգիստ էին, որ 8 հոգի ցուցմունք տվեց։ Նրանք ստիպված էին ևս 10 մարդ գտնել, որպեսզի կեղծ ցուցմունք տան, թե Օֆելյան ինքն իրենով է ընկել։ Ես ուզում եմ, որ իրավապահ մարմինները, դատարանը, Հայաստանի իշխանություններն իմանան ամբողջ ճշմարտությունը՝ դատախազի ու քննիչի այս շփոթությունը բացահայտելու համար»:

Օֆելյա Հարությունյանի փոխանցմամբ՝ 2019 թվականի հուլիսի 22-ին 18:00-ին «իր ետևից մեքենա է եկել ու խաբեությամբ տարել դատախազ Անտոնյանի ու քննիչի մոտ՝ ինչ-որ թղթեր ստորագրելու և ճնշելու համար»։ 
«Ես իրենց պատասխանեցի, որ ես ձեր հետ գործ չունեմ, իմ գործը դատարանն է։ Արդեն երկրորդ անգամ էին գալիս իմ ետևից։ Դատը նշանակված էր 26/07/2019-ին։ Դատախազ Անտոնյանը արձակուրդում էր։ Լինելով արձակուրդում՝ Անտոնյանը տալիս է կամայական հրաման։ Նիստը տեղի չունեցավ։ Նիստը տեղափոխեցին 29/07/2019։ Որևէ տեղ չեմ տեսել, որևէ տեղ չեմ լսել այսպիսի այլանդակություն, որ անում է այդ դատախազ Անտոնյանը։ Դատախազ Անտոնյանը վստահ է, որ աջակցություն է ստանում Ա․ Հարությունյանի ներքո։ Ահա, թե ինչու է դատախազ Հայկյանը խախտում դատի կանոնները։ Զանգ եկավ տան հեռախոսին. «Կգաք 29/07, ժամը 10։00-ին։ Այդ ժամին դատավոր Մաթևոսյանը, օգտվելով առիթից ու օրինակ վերցնելով դատախազ Անտոնյանից, առանց ինձ, առանց իմ գիտության, առանց փաստաբանի, ինքն իրենով որոշեց դատն ու գործն ուղարկեց Վերաքննիչ դատարան։ Դատավորներ Մաթևոսյանը և դատավոր Մարտիրոսյանը 26/07-ին և 29/07-ին արագորեն երկու օրվա ընթացքում գործն ուղարկեցին Վերաքննիչ դատարան։ Դատական նիստը նշանակեցին 06/11/2019-ին», - գրել էր Օֆելյա Հարությունյանը «Հրապարակին» փոխանցած տեքստի մեջ։

«Ո՞վ է Մարտիրոսյանը, ի՞նչ է իրենից ներկայացնում։ Նա հիանալի հասկանում է դատարանի կարգն ու կանոնները, և հենց ինքն էլ խախտում է այդ կանոնները։ Ի՞նչ իրավունքով է նա երկու օր ձգելով որոշել իմ գործը։ Դա նշանակում է, որ հույսը դրել է «տանիքի վրա»։ Դուք ի՞նչ դատախազ եք, Ա․ Հարությունյան, որ ես Գլխավոր դատախազի անունով իմ բողոքն էի ուղարկել․ ձեր սրտով չէր, դուք կարդում ու դեն էիք նետում։ Ես այդ մասին գրում եմ, որպեսզի դուք ուշադիր կարդաք, թե ինչ է կատարվում ձեզ մոտ՝ մարմիններում։ Եթե Դուք ազնիվ դատախազ եք, ապա ինչո՞ւ չեք ցանկանում, որպեսզի բոլորն իմանան որ Ձեր գործընկերներն այնքան խախտում են արել։ Եվ այդ պատճառով ամոթից չեք ցանկանում, որ դրա մասին բոլորն իմանան։ Դատը չկայացավ, ուստի խայտառակություն կլինի. և հենց դատախազ Անտոնյանի, դատավոր Մաթևոսյանի, դատավոր Մարտիրոսյանի համար։ Դուք ճնշում եք գործադրում դատարանի վրա, որպեսզի դատարանը կատարի ձեր հրամանները», - նշել է իր գրության մեջ:

«Ինչո՞ւ ես պետք է վախենամ ինչ-որ մեկից , նրա՞ համար, որ ինձ գցել են գետնին, և ես դեռ կաղելով եմ քայլում։ Ինչո՞ւ են դատախազը, բարձրաստիճան մարդիկ մինչև դատը սկսելը մտնում դատավորի մոտ ու որոշում ինչ-որ անհետաձգելի ու անավարտ գործեր, որոնք կապ ունեն մեկ այլ գործի հետ։ Դատախազ Հարությունյանը արժանի չէ այդ գործին, նա օգտվում է ծառայողական դիրքից և գնում է ՀՀ օրենքի դեմ։ Իսկ մարդիկ, որոնք կեղծ ցուցմունք են տվել, վիճել են քնիչի հետ, թե «ինչու է մեր գործը այդքան երկար ձգձգվում։ Գործը 26/12/2017-ից ձգձգվում է մինչև այժմ։ Իմանալով, որ ես միայնակ ծեր կին եմ, ի վիճակի չեմ ձեզ հետ գործ ունենալ, ուստի իմ գործը ձգձգվում է օրեցօր։ Ես ձեզ տեղեկություն եմ տալիս, որ ինձ հրավիրեք դատարան, բայց Վճռաբեկ դատարանին դա ձեռնտու չէ։ Դուք ինքներդ կհասկանաք, թե խնդիրն ինչ է։ Բավական է այն, ինչի համար ես երեք ու կես տարի համբերել եմ»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image