Տարածաշրջանում քարտեզների հնարավոր փոփոխությունների և դրամատիկ զարգացումների ֆոնին, կրկին Հայաստանում էր Իրակլի Ղարիբաշվիլին, որը, չնայած Բաթումում տեղի ունեցած ողբերգությանը, չչեղարկեց այցը Հայաստան: Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգ և հեռանկարներ, փոխանակված մտքեր տարածաշրջանային իրավիճակի և զարգացումների շուրջ: Բոլոր այս դիվանագիտական ձևակերպումները հանգիստ տեղավորվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հանդիպման և այլ հարցերի շուրջ, թե՛ «3+3» ձևաչափի (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան և տարածաշրջանային մեծ երկրներ՝ Թուրքիա, Իրան, ՌԴ ) շուրջ ինչ-ինչ պայմանավորվածություններում։
Վրաց քաղաքագետ Գելլա Վասաձեն վստահ է, որ օրակարգում հենց այդ երկու հարցերն են։ «Հայաստան -Թուրքիա խոսակցությունը շարունակվում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման շուրջ, Վրաստանի հնարավոր միջնորդական ջանքերը հայ-թուրքական հարաբերություններում։ Գիտեմ, որ այս ուղղությամբ թե՛ Հայաստանը, թե՛ Թուրքիան բավականաչափ ակտիվ են։ Նաև «3+3» ձևաչափ, որը անհասկանալի է, թե ինչ է տալու Վրաստանին, Ադրբեջանին, Իրանին, Հայաստանին, Թուրքիային, քանի որ սա մեծ գերտերությունների՝ մեզ վրա ազդեցության գործիք է»։
Հիշեցնենք, որ ըստ հաղորդումների՝ Վրաստանի ԱԳ նախարար Զալկալիանին հայտարարել էր, որ Վրաստանի համար դժվար կլինի Ռուսաստանի հետ միասին մասնակցել «3+3» ձևաչափին, սակայն, վստահ է, որ երկիրն ինչ-որ ձևով պետք է ներկայացված լինի աշխարհաքաղաքական մեծ նախագծերում։ Հետո որոշ թելեգրամյան ալիքներ տարածեցին հերքում, որ Զալկիանին նման բան չի ասել։
Գելլա Վասաձեին հարցրեցինք, այնումենայնիվ, պաշտոնական հերքում եղե՞լ է։ Նա ասաց, որ սա հերքել է անձամբ Զալկալիանին, բայց դա ոչինչ չի նշանակում։ «Ըստ իս՝ սա հասարակական տրամադրությունները ստուգելու փորձ էր ու այն ծայրահեղ բացասական էր»,-ասաց նա։
Վրաց քաղաքագետը հավելում է, որ այսպես թե այնպես Վրաստանն անմասն չի մնում «Հյուսիս-Հարավ»-ին, որը կա ու ոչ մի տեղ չի «փախել», «Արևելք-Արևմուտք»-ին, որը նույնպես կառուցվում է և հետևաբար, Վրաստանի՝ տարածաշրջանային ինչ ծրագրերից դուրս չմնալու կամ միանալու մասին է խոսքը։ Հարց, որը տրվել է Վրաստանի արտգործնախարարին, ինչին ի պատասխան նա ասել է՝ ոչ, ոչ, պարզապես ասել եմ, ինձ սխալ են հասկացել։ Այսինքն՝ Վասաձեի ամփոփմամբ՝ այս հարցը սեղանին է և այն առաջ մղելու փորձերը շարունակվելու են։
Հնարավոր է, որ Թուրքիան Վրաստանին առաջարկ է արել, որը Վրաստանը չի կարողացել մերժել։ Վրաց քաղաքագետն ի պատասխան ասաց, որ Թուրքիան, ոչ էլ որևէ երկիր չի կարող անել Վրաստանին առաջարկ, որից վերջինս չի կարող հրաժարվել։
Նշենք, որ Վրաստանում հանրային մակարդակով կասկածներ են հնչել առ այն, որ Ղարիբաշվիլին, լինելով երկրի ստվերային կառավարիչ Բիձինա Իվանիշվիլիի «մարդը», իրականում ռուսական ազդեցության պետական գործիչ է։
Գելլա Վասաձեն, որը Միխեիլ Սաակաշվիլիի ջերմեռանդ պաշտպանն է, ասաց՝ ոչ թե ռուսամետ, այլ այն, որ «Վրացական երազանքի» կողմից իրականացվող քաղաքականությունը լրիվ ձեռտու է ՌԴ-ին։
«Այն ՌԴ-ին չգրգռելու քաղաքականություն է։ Եթե մենք Ռուսաստանի երկու շրջան օկուպացրած լինեինք, ես կհասկանայի այդ քաղաքականությունը, բայց Ռուսաստանին չբարկացնելու այդ քաղաքականությունը հանգեցնում է նրան,որ աշխարհը կամաց-կամաց սովորում է այն մտքին, որ այդ տարածքներն օկուպացված են և դա դրված է «հեռավոր մի դարակում»։ Ահա թե որն է նրանց ռուսամետությունը »,-ասաց վրաց քաղաքագետը։
Նա չհերքեց մեկնաբանությունները, թե Վրաստանի էքս նախագահի Վրաստան ժամանումը (նախկինում ևս հայտարարել էր, որ ընտրություններին կգա Վրաստան, բայց չէր եկել) պայմանավորված է վրացական «կուրսի» փոփոխության վերաբերյալ մտահոգությամբ։ Ասաց, որ սա ոչ գլխավոր, բայց պատճառներից մեկն է։