Ընտրություններից հետո իշխանավորները «վենդետա» են սկսել այն պետական աշխատողների նկատմամբ, ովքեր ունեն ընդդիմադիր քաղաքական հայացքներ, աշխատել են ընդդիմադիր ուժերի գրասենյակներում, կամ չեն քվեարկել ՔՊ-ի օգտին ու չեն թաքցնում դա: Ընտրություններից երեք շաբաթ է անցել, և դեռ Սահմանադրական դատարանը չի վճռել` բեկանե՞լ ընտրությունների արդյունքները, թե՞ ոչ, քանի որ թվով յոթ հայց է ներկայացվել ՍԴ` ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով, սակայն Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է այլախոհներին պատժել, հավանաբար` լավ գիտի, որ չի հաղթել եւ պետական ապարատում «վհուկների որս» սկսելով է փորձում ամրապնդվել իր աթոռին:
Ընտրությունների արդյունքների հրապարակումից ժամեր անց գրել էինք, որ Գորիսի նախկին ընդդիմադիր համայնքապետ Առուշ Առուշանյանն է համայնքապետարանում «վենդետա» սկսել` մի շարք աշխատակիցների ազատել է աշխատանքից, ՔՊ-ի համար բավարար քանակով ձայներ չբերելու համար: Դրանից հետո տեղեկացանք, որ Սուրեն Պապիկյանն է բանակում սկսել քաղաքական հաշվեհարդարը` ապօրինաբար զորացրելով որոշ պայմանագրային զինվորականների, որոնց բարեկամներն աշխատել են ընդդիմության համար: Ապա տեղեկացանք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանի քույրը` Դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրենի տեղակալ Լիլիթ Ղազարյանը հեռացվել է աշխատանքից, Անահիտ Ավանեսյանն էլ հպարտորեն հայտարարում էր, որ ինքն է որոշում իր համակարգում կադրային քաղաքականությունը:
Մենք գրել էինք, որ Սուրենավան համայնքի մանկապարտեզի տնօրենին են ստիպում ազատման դիմում գրել ու հեռանալ, քանի որ ամուսինն ընդդիմադիր հայացքներ ունի: 1937 թվականի «ուրվականը» շրջում է Հայաստանում: Ընդդիմադիր քաղաքական ուժերին համատարած կալանավորում են, իսկ ընդդիմադիր քաղաքացիներին` հեռացնում աշխատանքից:
Փաստաբան Միհրան Պողոսյանը «Հրապարակի» հետ զրույցում խոսելով թեմայի մասին, նկատեց. «Անահիտ Ավանեսյանը, լինելով մասնագիտությամբ իրավաբան, հավանաբար լավ չի պատկերացնում, օրինակ, իր և իր ենթակայության տակ աշխատող անձանց աշխատանքային իրավունքները: Օրինակ` նույն Ավանեսյանը պաշտոնատար անձ է, և իր աշխատանքից հեռանալու, կամ չհեռանալու որոշումը կայացնում է այն պաշտոնատար անձը, ով իրեն նշանակել է այդ պաշտոնում: Նախարարներն Աշխատանքային օրենսգրքով պաշտպանված անձ չեն համարվում, բայց ինչ վերաբերում է մնացյալ աշխատողներին, ովքեր հայեցողական պաշտոններ չեն զբաղեցնում, ավելին` ընտրվել են որոշակի ընթացակարգերով, մրցույթներով, կամ Աշխատանքային օրենսգրքի այլ կետերով են համարվում պաշտպանված որևիցե կերպ, չեն կարող հենց այնպես, ուղղակի քաղաքական հայացքների համար ազատվել աշխատանքից: Քաղաքական պատճառով անձին աշխատանքից ազատելը ոչ միայն արգելված է օրենքով, այլև կարող է հանգեցնել քրեական հետապնդման: Եթե հիմնավորվի, որ անձանց աշխատանքից ազատելու որևէ իրավական հիմք չի եղել, այլ ուղղակի բացառապես քաղաքական հայացքների համար են ազատել աշխատանքից, այստեղ գործ ունենք խտրական վերաբերմունքի հետ, ինչը հետևանքներ պետք է ունենա: Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են լինում, որ նախարարությունների տարբեր աշխատակիցներ հայտնվում են հարկադիր պարապուրդի մեջ, բայց հետո դատարանը վերականգնում է նրանց աշխատանքը, իսկ պետությունը ստիպված է լինում անձանց աշխատավարձը վճարել, բայց արդեն մեր` հարկատուներիս հարկերի հաշվին: Հասարակության միջոցներով մարդկանց փոխհատուցում են, ուղղակի նրա համար, որ իշխանության քմահաճույքով նրանք ազատվել էին այս կամ այն նախարարությունից: Ի վերջո` հարկատուն հերոս էր հռչակվել, և այդպես վարվել հարկատուի հետ, չի կարելի»: