2025թ․ հոկտեմբերի 1-ին էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «Ընդհանուր քանի՞ հեկտար են Հայաստանում ոռոգվող հողատարածքները, կաթիլային եղանակով ոռոգվող հողերը»։ Նախարարությունն ի պատասխան ներկայացրել է 2024թ․-ի տվյալներ․ «2024թ․ հուլիսի 1-ի դրությամբ հանրապետությունում ոռոգվող գյուղատնտեսական նշանակության հողերը կազմել են 156 500 հեկտար։ Կաթիլային եղանակով ռոոգվող հողերի վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղեկատվություն առկա չէ։ Միաժամանակ, պետական աջակցությամբ իրականացվող ինտենսիվ այգեգործության և ոռոգման առաջադիմական տեխնոլոգիաների ներդրման ծրագրերով հաստատվել է շուրջ 11 հազար հեկտարի ներդրման հայտեր, որոնցից շուրջ 6378 հեկտարում արդեն ներդրվել են կաթիլային ոռոգման համակարգեր, իսկ մնացած մասն ընթացքի մեջ է»։
Պարբերաբար լսում ենք պետական բյուջեի, տարբեր կազմակերպությունների ֆինանսավորմամբ ոռոգման համակարգերի արդիականացման, ոռոգելի տարածքների ավելացման ծրագրերի մասին, որքանո՞վ են այդ ծրագրերն արդյունավետ եղել։ Դիտարկենք Տավուշի մարզի օրինակով։ 2010թ․ հուլիսի 29-ին «Արմենպրես» լրատվական գործակալությունը հաղորդել է. «Տավուշի մարզպետարանից տեղեկացել ենք, որ շնորհիվ կատարված ներդրումների՝ բավականին վերականգնողական ու վերակառուցողական աշխատանքներ են իրականացվել մարզի ոռոգման համակարգում, որի արդյունքում Տավուշի մարզում արդեն հնարավոր է ոռոգել ընդհանուր առմամբ 6 հազար 160 հեկտար հողատարածք»։
2023թ․ փետրվարի 9-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ Տավուշի մարզում որքա՞ն են ոռոգելի հողատարածքները։ Մարզպետարանից պատասխանել են, որ մարզի ոռոգելի հողատարածքները, ըստ համայնքների կողմից ներկայացված հաշվետվության, կազմում է 6 հազար 428 հեկտար։ 2024թ․ փետրվարի 21-ին մարզպետին նոր հարցում եմ կատարել մարզի ոռոգելի հողերի, դրանց ավելացման մասին։ Մարզպետարանից հայտնել են․ «Մարզի ոռոգելի հողատարածքները 2023 թվականին ավելացել են շուրջ 140 հեկտարով, իսկ 2024 թվականին ոռոգելի հողատարածքները կավելանան 200 հեկտարով։ Մարզի ընդհանուր ոռոգելի հողատարածքները, ըստ հողային հաշվետվության, կազմում են 6427 հա, որից տնամերձերը՝ 1216 հա»։ 2024 թ․ դեկտեմբերի 4-ին մարզպետին հարցրել եմ մարզի համայնքներում կաթիլային եղանակով ոռոգվող հողերի մասին, մարզպետարանից պատասխանել են․ «2024 թվականի դեկտեմբերի 4-ի դրությամբ՝ Ոռոգման կաթիլային համակարգ՝ Բերդ - 27.1 հա, Իջևան - 131.7 հա, Նոյեմբերյան - 155.45 հա, Դիլիջան- 0.07 հա»:
Մարզի ոռոգելի հողերի քանակի մասին մարզպետին մի հարցում էլ կատարել եմ օրերս՝ 2025թ․ հոկտեմբերի 21-ին։ Տավուշի մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Հոկտեմբերի 21-ի դրությամբ Տավուշի մարզի ոռոգելի տարածքները կազմում է 3710 հա, իսկ կաթիլային ոռոգվող տարածքները 130հա»: Տավուշի մարզպետարանի տվյալներով՝ 2023-ին մարզի 6 հազար 428 հեկտար ոռոգելի հողատարածքները 2025թ․ հոկտեմբերի 21-ի դրությամբ ինչպե՞ս դարձան 3 հազար 710 հեկտար, 2024 թ․ դեկտեմբերի 4-ի դրությամբ մարզում կաթիլային եղանակով ոռոգվող ընդհանուր 304,32 հեկտարը 2025թ․ հոկտեմբերին ո՞նց դարձավ 130 հեկտար։ Այս հանելուկի պատասխանը կիմանան Տավուշի մարզպետարանում։
Այժմ ոռոգման ջամբարների կառուցման մասին․ Կառավարությունը հայտարարել է, որ 2026-ին ջրամբարներ կկառուցվեն Արմավիրի մարզի Քասախ, Վայոց ձորի մարզի Ելփին, Գեղարքունիքի մարզի Աստղաձոր, Սյունիքի մարզի Լիճք բնակավայրերում, կվերակառուցվի Շիրակի մարզի Արթիկ բնակավայրի ջրամբարը։ 2017թ․-ին գոյություն ուներ պետական բյուջեի միջոցներով Տավուշի մարզի Կողբի և Հախումի ջրամբարների շինարարության ծրագիր, նախատեսվում էր սահմանամերձ տարածքներում կառուցվելիք այդ ջրամբարներում կուտակել ընդհանուր առմամբ 2 միլիոն խորանարդ մետր ջուր։ Սակայն 2018թ․-ից այդ ջրամբարները չկառուցվեցին, մեր գետերի՝ Աղստևի, Ոսկեպարի, Հախումի, Քարահանի և այլն, ջրերը շարունակում են կուտակվել Ադրբեջանում, ոռոգել այդ երկրի հողատարածքները։