Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ, իր վարչապետության մեկ տարվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ՀՀ նախկին իշխանությունները հեռանալուց առաջ Ազգային անվտանգության ծառայությունում ոչնչացրել են կարեւոր նյութեր։ Նա նաեւ մասնավորեցրել էր․ «Դրանք պարզապես տեղում չեն։ Գուցե վառվել են, գուցե այլ տեղ են պահվել կամ ոչնչացվել։ Նախ պետք էր համոզվել, որ մենք ճիշտ ենք հասկանում իրավիճակը։
Այդ նպատակով ծառայողական քննություն է արվում։ Հավանական է, որ փաստի առթիվ քրեական գործ կհարուցվի»։ Ավելի ուշ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասել էր․ «Ծառայողական քննություն է ընթանում, եւ այն բոլոր հարցերին կպատասխանի»։ Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, որը տարիներ շարունակ տարբեր հարցումներ է հղում ԱԱԾ-ին, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից արել է հետեւյալ հետեւությունները․ «Ամենաբարձր մակարդակով, ի դեմս ՀՀ վարչապետի, հայտարարվում է կամ տեղեկություն է ներկայացվում հանցագործության մասին։ Երկրորդ՝ արձանագրում ենք, որ հանցագործության մասին տեղեկատվությունը վերաբերում է ԱԱԾ փաստաթղթերին, որոնք ոչնչացվել են։
Երրորդ՝ արձանագրում ենք, որ ԱԱԾ պետը հայտարարում է, որ այդ մասին գիտեին դեռեւս անցյալ տարի։ Եվ արձանագրում ենք, որ որեւէ տեղեկություն կատարված հանցագործության փաստի հիման վրա հարուցված քրեական գործի, քննչական գործողությունների մասին չի ներկայացվել։ Ավելին՝ ԱԱԾ ներկայիս պետը հայտարարում է, որ որեւէ հիմք չի տեսնում ԱԱԾ նախորդ պետին՝ Գեորգի Կուտոյանին, հարցաքննելու համար։
Եվ, ի վերջո, գալիս ենք եզրակացության, որ մենք տեղյակ չենք, թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը, տեղյակ չենք ԱԱԾ գործողությունների կամ անգործության մասին։ Եվ, ի վերջո, արձանագրում ենք, որ ԱԱԾ-ն, ինչպես նախկինում, այսօր էլ մնում է ոչ հաշվետու, ոչ թափանցիկ կառույց։ Եվ դրա հետեւանքով ռիսկերը, որ կարող են կատարվել հանցագործություններ եւ այդ հանցագործությունների կատարման համար մնալ անպատիժ, մնում է օրակարգում։ Սա նշանակում է, որ ԱԱԾ-ն պետք է այլեւս դադարի փակ կառույց լինել։ Խոսքը չի վերաբերում ազգային անվտանգության վերաբերյալ տեղեկատվության թափանցիկությանը, մատչելիությանը կամ հրապարակայնությանը։
Սա ասում եմ, որ զերծ մնան հնարավոր մանիպուլյացիաներից եւ չփորձեն այն պահանջը, որ ներկայացվում է թափանցիկության եւ հաշվետվողականության վերաբերյալ, տարածել ազգային անվտանգության վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու վերաբերյալ։ Այնպիսի տեղեկություններ, որոնք վերաբերում են մարդու իրավունքների խախտմանը, եւ որոնց վերաբերյալ փաստաթղթերը կարող են էական նշանակություն ունենալ ոչ միայն հանցագործությունները կատարած անձանց բացահայտելու, պատասխանատվության ենթարկելու համար, այլ նաեւ այդ հանցագործություններից շատ քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու հարցում։ Եվ այդ առումով մենք գործ ունենք բացարձակ անթափանցիկ, անհաշվետու գործեալոճի հետ։
ԱԱԾ-ն շարունակում է մնալ իր բովանդակությամբ ԿԳԲ-ական կառույց։ Եվ, անկախ նրա ենթակայությունից, պետք է արմատապես փոխել ԱԱԾ-ի գործառույթները, նրա նկատմամբ օրենքով սահմանել հսկողություն՝ թե՛ դատական, թե՛ պառլամենտական արդյունավետ հսկողություն»։ Արթուր Սաքունցը հիշում է, որ ժամանակին հարցումներ է հղել ԱԱԾ-ին օտարերկրացիների մասին օրենքով սահմանված անցանկալի անձանց ցուցակի վերաբերյալ։ ԱԱԾ-ից էլ պատասխանել են, թե անցանկալի անձանց ցուցակից քանի հոգու են հանել։ Սակայն, ըստ Սաքունցի, անցանկալի անձանց ցուցակից մարդկանց հանելն ունի կամայական բնույթ։ Մարդիկ, ըստ նրա, չեն իմացել, թե ինչու են իրենք համարվում ցանկալի կամ անցանկալի։ Գործել է կամայականությունը, որը վերաբերել է անձանց՝ ՀՀ մուտք գործելու իրավունքի սահմանափակմանը։
Արթուր Սաքունցը նշում է, որ հայտնի չէ, թե որքանով են հիմնավոր այն ցուցանիշները, որոնց հիման վրա անձին ներառում են անցանկալի անձանց ցուցակում, նույնիսկ անձի համար էլ է դա գաղտնիք մնում, այն անձի, որին ներառում են նշված ցուցակում։ Իրավապաշտպանն անդրադառնում է նաեւ ԱԱԾ քննչական գործառույթներին, որոնք մնում են գաղտնիք։ «Քննչական ծառայության կողմից քննվող գործերի վերաբերյալ, որոնք կարող էին ունենալ պետական գաղտնիք պարունակող հիմքեր, մնում են անհասանելի։
Մասնավորապես՝ որքանո՞վ է հիմնավոր օպերատիվ-հետախուզական գործողությունների իրականացումը։ Մենք չունենք որեւէ վստահություն, որ կամայականորեն ԱԱԾ-ն չի գաղտնալսում հեռախոսային խոսակցություններն ու նամակագրությունը՝ առանց դատարանի թույլտվության։ Գաղտնալսման տեխնիկական հնարավորություններ ունի միայն ԱԱԾ-ն, բայց կա՞ որեւէ հսկողություն այդ գործառույթի նկատմամբ, որ դա չի կարող օգտագործվել քաղաքական նպատակներով»,- հարցնում է Արթուր Սաքունցը։