Հասարակություն

Գլխավոր դատախազին դիմելը սխալ է, եթե քրեական  գործը դատարանում է

Գլխավոր դատախազին դիմելը սխալ է, եթե քրեական  գործը դատարանում է

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը մտահոգված են, որ մայիսի 9-ին Արցախում Հաղթանակի տոնը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրը հանդիսավորությամբ նշելուց զրկված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը 2008թ․ մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով գտնվում է անազատության մեջ։ 

Այդ իսկ պատճառով էլ նրանք դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որպեսզի վերջինս կայացնի համապատասխան որոշում եւ փոխի Ռոբերտ Քոչարյանի խափանման  միջոցը։ 
«Մենք պատրաստ ենք հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որն անհրաժեշտ կլինի նրա՝ մեկուսարանից ազատ արձակվելու եւ կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատ լինելու համար»,- նշել են նրանք իրենց դիմումում։ 
Փաստաբան Տիգրան Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ եթե գործն ուղարկվել է դատարան, ապա դատարանը կայացնում է որոշում քրեական գործը վարույթ ընդունելու մասին։ Այդ ժամանակ էլ դատարանն, ըստ փաստաբանի,  անդրադառնում է կալանքը որպես խափանման միջոց քննարկելու հարցին։

Տիգրան Հայրապետյանը հիշեցնում է, որ այս դեպքում արդեն գլխավոր դատախազությունը մղվում է երկրորդ պլան, կալանքի վերաբերյալ որոշում կայացնում է դատարանը։ 
«Եթե իրենք դիմել են գլխավոր դատախազին, երեւի սխալ հասցեով են դիմել, որովհետեւ հիմնական գործը դատարանինն է։ Մյուս կողմից դատարանը հարցնում է մեղադրողի կարծիքը, եւ գլխավոր դատախազի կարծիքը կարող է էական լինել։ Չնայած կալանքի հարցը որոշելու է դատարանը, սակայն պետք է հաշվի առնի մեղադրողի կարծիքը, իսկ այս դեպքում մեղադրողի կարծիքն էական է։ Իրենք դիմել են գլխավոր դատախազին, որովհետեւ ծանոթ չեն միջնորդությանը։ Եթե դիմել են  երաշխավորելու  կալանքի տակ գտնվող անձի  պատշաճ վարքագիծը, որ նա չի խոչընդոտի քննությանը։ Եթե այդպես է, ապա դա կարող է լինել իրավական ընթացակարգով։ Միայն երաշխավորությամբ, Քրեական օրենսգրքով սահմանված կարգով կարող են դիմել ՀՀ գլխավոր դատախազին»,- պարզաբանեց փաստաբանը։

Հետաքրքրվեցինք, թե Արցախի Հանրապետության գործող եւ նախկին նախագահների այսօրինակ քայլը կարո՞ղ է անուղղակի միջամտություն դիտվել Հայաստանի ներքին գործերին։
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կա այսպիսի դրույթ, որ եթե անձը բերում է երաշխավորություն, եւ այդ երաշխավորությունը տվողը հայտնի, ճանաչված  անձինք են, ապա այդ դեպքում դատարանը կարող է հաշվի առնել, որ նա պատշաճ վարքագիծ կդրսեւորի։ Հիշո՞ւմ եք, եղել են դեպքեր, երբ ԱԺ պատգամավորներն են երաշխավորություն ներկայացնում դատարան։ Նույն Ռոբերտ Քոչարյանի համար 30-ից ավելի ԱԺ պատգամավորներ դիմել էին, որ նրա խափանման միջոցը փոխվի։ Ընթացակարգը նորմալ է, իրենց դիմումում չկա որեւէ տարր, որ դիտվի որպես ՀՀ-ի ներքին գործերին միջամտություն կամ դրանից Հայաստանի վարկանիշն ընկնի։ Չեմ կարծում, որ դա լինի ազդեցություն նաեւ նախաքննության վրա»,- ասաց Տիգրան Հայրապետյանը։

 Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը, քննության առնելով Ռոբերտ Քոչարյանի դիմումը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ, որոշեց, որ ՀՀ վճռաբեկ դատարանը գործն  ըստ էության չլուծող դատական ակտերի, այդ թվում՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումների բողոքարկման դեպքում Վճռաբեկ դատարանը չի կարող գործն ուղարկել նոր քննության, այլ ինքը պետք է կայացնի վերջնական որոշում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image